«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2002-11-08 | #205, 2002-11-09 | #206, 2002-11-12


ՆԱԽԵՐԳԱՆՔ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ

2003-ը հայտարարված է Արամ Խաչատրյանի տարի, որն սկսվեց Բեռլինից

Արդեն տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 4¬ին Բեռլինի Պալե ամ Ֆեստունգսգրաբեն մշակույթի կենտրոնում Հայաստանի կամերային նվագախմբի հնչեցրած համերգով սկիզբ դրվեց Արամ Խաչատրյանի 100¬ամյակին նվիրված միջոցառումներին։

«Ինչո՞ւ հոբելյանական առաջին միջոցառումը Գերմանիայում կազմակերպվեց» մեր հարցին ի պատասխան, համերգը նախաձեռնած ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանն ասաց. «Գերմանիան այն երկիրն է, որտեղ պաշտում են դասական երաժշտությունը։ Հաճելի էր, որ Գերմանիայի առաջին տիկին Քրիստինա Ռաուն միանգամից ընդունեց մեր առաջարկը։ Շնորհիվ դեսպանության, մի շարք կազմակերպությունների, որոնք հովանավորեցին միջոցառումը, համերգը կայացավ։ Պետք է ամեն ինչ անենք, որ 2003¬ը դառնա խաչատրյանական տարի, նման միջոցառումներ կկազմակերպենք Ռուսաստանում, Ճապոնիայում, ուր Խաչատրյան շատ են սիրում։ Կա պետական հանձնախումբ, որը զբաղվում է նման հարցերով»։ Հոբելյանական միջոցառումների բեռլինյան նախերգանքը խաչատրյանավայել տարի է մաղթում։

Մարմարյա, գեղեցիկ որմնանկարներով, մեծադիր հայելիներով դահլիճում բոլորն արդեն իրենց տեղն են գրավել, բայց պալատական միջանցքիՙ բազմիցս վերանորոգված մանրահատակը ճռճռում էՙ Արամ Խաչատրյանի ջերմ երկրպագուն հենց այդպես ոտքի վրա կանգնած էլ պատրաստ է համերգն ունկնդրել։ «Անկարգության» մեջ չես մեղադրիՙ բեռլինյան պալատում ամենահայտնի հայի 100¬ամյակ ամեն օր չի լինում, իսկ մյո՛ւս «գայթակղությունները»ՙ հանդիպում երկու երկրների առաջին տիկինների հետ, եզակի առիթՙ կարելի է մոտենալ ու սեղմել կենդանի դասականիՙ Էդվարդ Միրզոյանի ձեռքը։ Մի խոսքով, երանի՜ նրանց, ովքեր նոյեմբերի 4¬ի երեկոյան Ֆեստունգսգրաբենում եղան։

Այս Մարմարյա անվանյալ դահլիճը քանի՞ անգամ է Մոցարտ ու Բախ ունկնդրել, դժվար է ասել, գերմանացուն էլ չես զարմացնի, բայց 13¬ամյա Նարե Արղամանյանը համերգն ունկնդրած յուրաքանչյուր խոսակցիս հիշողության մեջ է։ Դեռատի դաշնակահարուհին իր տարիքին անհամապատասխան հասունությամբ, ընդգծված զգացմունքայնությամբ է Բախ մեկնաբանում, ասացին համերգին ներկա գերմանացիներըՙ ակնհայտ զարմանքով ու սիրով։ Նրանց աչքն ամեն ինչ էր նկատել, նաեւ այն, որ մաեստրո Ղարաբեկյանը մեծագույն ուշադրությունն էր տածում աղջնակի հանդեպ։ 45¬ամյա զրուցակիցս նույնիսկ այսպիսի համեմատություն արեցՙ եթե 13 տարեկանում Բախի այդպիսի ըմբռնում կա, ուրեմն մեր կյանքն ուշացած խոստովանություն է։ Ճիշտ է, Էդվարդ Հայրապետյանի «Կորուսյալ օդապարիկի» առաջին եվրոպական կատարումը ջերմ ծափերի արժանացավ, բայց ուրիշ էր դահլիճի վերաբերմունքը, երբ Արամ Ղարաբեկյանի ղեկավարած կամերայինը Գերմանիայում առաջին անգամ հնչեցրեց Էդվարդ Միրզոյանի «Վարիացիաները»։ Առատ ծափերից բացի համերգի ավարտին շատերը մոտեցան կոմպոզիտորինՙ իրենց խոր երախտագիտությունը հայտնելու։ Որպես եզրափակիչ ակորդ հնչեց այդքան սպասված «Խաչատրյանականը»ՙ հոբելյարի ամենանշանավոր ստեղծագործությունների շաղկապված համատեղումը, որ կամերայինի համար փոխադրել էր կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը։ Հանգիստ նստած մարդ քիչ կար դահլիճում, Խաչատրյանի երաժշտության հնչյուններն անգիր իմացողները ներդաշնակ շարժումներ էին անում։ Ինչ մնում է Ղարաբեկյանին, նրա արտաքինն արդեն իսկ տպավորիչ է, 18¬րդ դարի պալատին այնքան ներդաշնակ, որ թվում էր, թե 20¬րդ դարը հպանցիկ փոփոխություններով նրան մեր ժամանակակիցն է դարձրել։

Համերգի ավարտին հետեւած ընդունելությանը լավ տրամադրությունն առկա էր։ Այդպես էլ չպարզեցիՙ Թուրքիայի դեսպանը Խաչատրյանի երկրպագո՞ւ է, թե՞ հրավերին իբրեւ հարեւան էր արձագանքել, նա փոքրիկ հյուրասիրությանն արդեն ներկա չէր, փոխարենը մեզ հյուրընկալած երկրի առաջին տիկին Քրիստինա Ռաուն սպասվածից ավելի երկար մնաց։ (Նրաՙ համերգից ստացած լավ տրամադրությունն արդեն փոխանցել ենք մեր ընթերցողին)։ Սիրով ու ժպտադեմ զրուցում էր ներկաների հետ, իր տպավորությունը հաղորդում։ «Գերմանիան ինձ հարազատ է թե՛ ֆաշիզմից առաջ, թե՛ ֆաշիզմից հետո», Գերմանիայի առաջին տիկնոջն ասում էր Էդվարդ Միրզոյանը, որ առանձնահատուկ աուրա էր ստեղծում իր պատկառելի ներկայությամբ։ Բեռլինի հոգեւոր հովիվ Սերովբե վարդապետ Իսախանյանը առիթը բաց չթողեց եւ Միրզոյանին դիմեց մտահոգությամբՙ Ձեզ «Մեր հայրենիքը» դո՞ւր է գալիս, ինչո՞ւ չենք վերականգնում Խաչատրյանի հիմնը։ Չհասցրի հետեւելՙ նա հարցը հայտարարածի համաձայն տիկին Քոչարյանին էլ ուղղե՞ց։

«Արամ Խաչատրյանը խորհրդային տարիների երեք մեծերի մեջ էրՙ Պրոկոֆեւ, Շոստակովիչ, Խաչատրյան։ Մեծերը ժամանակ ունե՞ն։ Բախը, Մոցարտը բոլոր ժամանակների են, Խաչատրյանի տեղը ճշտող հարցիս ի պատասխան ասաց Միրզոյանը։ Խաչատրյանի 100¬ամյակը կարելի է ասել դեռ պատշաճ չի կազմակերպված, բայց այս միջոցառումը, որ երկու երկրների առաջին տիկիններն են նախաձեռնել, միայն ուրախացնում է։ Այնպիսի երկրներ, ինչպիսին Գերմանիան էՙ համաշխարհային երաժշտական խոշորագույն կենտրոններից մեկը եւ Հայաստանը, որի մասին Ռոմեն Ռոլանը ժամանակին ասել է, թե Հայաստանի երաժշտությունը հիմք է տալիս մտածելու, թե սա խորհրդային ժամանակվա մի Իտալիա է։ Այս սկիզբը պիտի շարունակվի եւ տարածվի ուրիշ երկրներում, կարծում եմ, տիկին Քոչարյանն այդ հարցում շահագրգռվածություն է ցուցաբերում, ուրախ եմ, որ նա այդպիսի լուրջ վերաբերմունք ունի»։

«Մեզ համար մեծ պատասխանատվություն էր բացել Արամ Խաչատրյանի 100¬ամյակը, ասաց մաեստրո Ղարաբեկյանը։ Խաչատրյանի 100¬ամյակը կամերային նվագախմբով, երբ նա կամերայինի համար ոչինչ չի գրել։ Հետեւաբար, որոշեցինք այս առիթով ազգովին ներկայանալՙ 3 սերունդՙ Արամ Խաչատրյան, Էդվարդ Միրզոյան, Էդվարդ Հայրապետյան, ներկայացրինք մեր ապագա սերնդինՙ շատ խոստումնալից, տաղանդավոր Նարե Արղամանյանին։ Եվ իհարկե գերմանական երկու դասականՙ Մոցարտ եւ Բախ։ Պալատում ներկայացնելու իմաստով շատ պատշաճ էր, բայց մի բան եմ ափսոսումՙ դահլիճը հնարավորություն չուներ ավելի շատ ունկնդիր հրավիրել»։

«Հայաստանն այսօր այսպես ներկայացնելու առիթով ես հպարտ եմ։ Թե՛ կողքիս նստած տիկին Ռաուից, թե՛ գերմանացի արվեստագետներից ու պաշտոնյաներից միայն լավը լսեցի։ Այսպիսի առիթներ պետք է շատ լինեն, որ Հայաստանը հնչի դրական իմաստով, սա սոսկ մեկնարկ էր, միայն մեր մշակույթով իսկապես կարող ենք հասնել դրան», ասաց Բեռլինում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը։

«Ծրագիրն ինձ շատ դուր եկավ, զուգադրումը շատ գեղեցիկ էր, համերգի վերջն առանձնահատուկ լավ ազդակ հաղորդեց, հաճելի պահեր շատ ապրեցինք, ասաց գերմանուհի մի երաժշտագետ։ Ինչ մնում է Խաչատրյանին, նրա երաժշտությանը շատ կապված եմ, շատ գեղեցիկ էՙ ֆոլկլորիկ եւ միեւնույն ժամանակ դասական, ինձ դուր է գալիս խաչատրյանական երաժշտության մեջ դինամիզմը եւ ուժեղ արտահայտված հայկական ոգին»։

«Համերգն ինձ շատ դուր եկավ, հատկապես պատանի դաշնակահարուհին։ 13 տարեկանում այդպե՜ս Բախ մեկնաբանել, հուսանք, որ նորից կլսենք նրան։ Երբ Խաչատրյան եմ լսում, թվում է, թե կրկին Հայաստանում եմ, ուր տարվա մեջ երկու¬երեք անգամ լինում ենք։ Հայկական լանդշաֆտ, եկեղեցիներ, ամեն ինչ պարզ գծագրվում է։ Սիրում եմ այս տեմպերամենտը», կարծիք հայտնեց մեկ ուրիշ երաժշտագետ։

«Բեռլինն ուրիշ է, մենքՙ նույնպես», կարդացի Պոտսդամից Բեռլին տանող ավտոմայրուղու գովազդատու պաստառին։ Սրա տակ հայերը չեն ստորագրել։ Ուրեմն համերգի մասին ստորագրածս տողերի արանքում եթե «մերն ուրիշ է» չգրված տողը հայտնաբերեք, նեղ հայկական մեծամտության մեջ չեք մեղադրի։

Մանավանդ որ օրն իսկապե՛ս ուրիշ էր։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Բեռլին


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4