Համբիկ Սասունյանի մասին որոշումը
ԱՆԿԱՐԱ, 12 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ինչպես նախկինում տեղեկացվել էր, ամերիկահայ Համբիկ Սասունյանը, որ 1982 թ.-ին 25 տարվա ազատազրկման էր դատապարտվել թուրք դիվանագետ Քեմալ Արըքանի սպանության համար, 2007 թ.-ին կարող է ազատ արձակվել։ Մինչդեռ թուրքական կողմը պայքարում էր հարցի վերաքննության նպատակով եւ Սասունյանի համար պահանջում էր ցմահ ազատազրկում։ Այս գործընթացն ակտիվացավ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ թուրքական կառույցների միջնորդությամբ Լոս Անեջելեսի տարածքային դատավոր Սթիվ Քուլին նախապատրաստում էր Սասունյանի դեմ նոր մեղադրական ահաբեկչության գծով։
Համբիկ Սասունյանը փաստաբան Գրեգ Դոհիի միջնորդությամբ հանդիպել է մեղադրական կողմի հետ եւ ընդունել իր կողմից թուրք դիվանագետին սպանելու փաստը, ինչպես նաեւ ցավակցություններ հայտնել Արըքանների ընտանիքին։ Արդյունքում գործի վերաքննության հարցը փակվել է, ինչն առաջացրել է թուրքական կողմի դժգոհությունը։ Մասնավորապես «Անատոլու» գործակալության տեղեկացմամբ, հանգուցյալ թուրք դիվանագետի հարազատները մտադիր են բողոքարկել որոշումը, քանի որ իրենք տեղեկացված չեն եղել Սասունյանի եւ դատական մարմինների միջեւ ընթացող բանակցություններից։ Արըքանները, ըստ նշված աղբյուրի, կդիմեն դատարան։