«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2002-11-09 | #206, 2002-11-12 | #207, 2002-11-13


ԱՌՈՂՋ ՄՐՑԱՎԱԶՔ... ՀԻՎԱՆԴ ՈՏՔԵՐՈՎ

«Ընտրական» օրենսգիրքը նորից քաշքշուկների բովում

Քաղաքական փոքրամասնությանը կարելի է հասկանալ. ընտրությունները վերահսկելու նրանց հնարավորությունը սահմանափակվում է միայն վստահված անձանց ներկայությամբ, մինչդեռ «Ընտրական օրենսգրքով ընտրությունների ընթացքում որոշումներ կայացնելու իրավասությունը պատկանում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին։ Դրանով է պայմանավորված, որ օրերս Շավարշ Քոչարյանի առաջարկած «Ընտրական» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի տեքստում վստահված անձանց թիվն առաջարկվում է կրկնակի մեծացնել, որոնք ընտրությունների ընթացքում կունենան բոլոր այն լիազորությունները, որոնք ունեն ընտրական հանձնաժողովի անդամները, բացառությամբ քվեարկության մասնակցությունը։

Առաջին հայացքից թվում է, որ ցանկությունն իսկապես արդարացված է։ Սակայն պատկերացնել միայն կարելի է, թե ինչ կկատարվի այդ դեպքում տեղամասերում, եթե, ասենք, Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրակարգով ներկայացված լինեն 11 կուսակցություններ, ինչպես նախորդ ընտրություններումՙ գումարած 5¬6 մեծամասնական ընտրակարգով թեկնածություն առաջադրածները։ Ուստի պատահական չէ, որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները միանշանակ դեմ են արտահայտվում վստահված անձանց ինստիտուտի հանդեպ նման մոտեցմանը։ Հանրապետականները միանշանակ դեմ արտահայտվեցին ընտրական օրենսգրքում որեւէ փոփոխությանըՙ ի դեմս հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի։ Ուշադրություն դարձնենքՙ հանրապետականները դեմ են ոչ թե առաջարկված փոփոխություններին, այլեւ ընդհանրապես որեւէ փոփոխության, ինչից միայն կարելի է եզրակացնել, թե ՀՀԿ-ի համար ընտրական գործող օրենսգիրքը կամ իդեալական է, կամ առնվազն ձեռնտու։ Թե որն է դրանցից առավել ճիշտՙ մնում է միայն եզրակացնել։

Որ ՀՀԿ-ի այդ դիրքորոշումը զուտ կուսակցական շահերից բխելու ենթատեքստ ունի, վկայեց նաեւ այն փաստը, որ քաղաքական մեծամասնության մյուս թեւըՙ Դաշնակցությունը, «Ընտրական» օրենսգրքում փոփոխություններին կողմ արտահայտվեց, թեեւ Շ. Քոչարյանի առաջարկած նախագծի ոչ բոլոր դրույթներն է ընդունելի համարում։ Հատկանշական է,որ ՀՅԴ-ի վերապահումներն առնչվում էին, փաստորեն, հենց փոփոխությունների նախագծի բուն նպատակինՙ վստահված անձանց դերակատարության բարձրացման անհրաժեշտությանը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը նշեց, թե փոփոխություններն այդ տեսքով ընդունելու դեպքում ընտրատեղամասերում կատարյալ անվերահսկելիություն կտիրի։

Ընդհանրապես այս հարցի կապակցությամբ ՀՅԴ-ի դիրքորոշումներն օրիգինալ կարելի է համարել։ Այս կուսակցությունը դեռ մինչեւ Շ. Քոչարյանի նախաձեռնության ի հայտ գալը քաղաքական ուժերի տրամադրությանն էր հանձնել այսպես կոչված գալիք ընտրությունների օբյեկտիվ, թափանցիկ անցկացնելու, քաղաքական կամք դրսեւորելու մասին մի հռչակագիր, որը, սակայն, լուրջ չընդունվեց. ստորագրողները, առաջարկություններ ներկայացնողները շատ քիչ էին։ Այսուհանդերձ, արձագանքներ եղան, որոնք, սակայն, բացառապես նախընտրական բովանդակություն ունեին։ ՀՅԴ-ի նախաձեռնությունը խանդով ընդունվեցՙ ինչո՞ւ պիտի հենց ՀՅԴ-ն այն ներկայացնի, եւ թերեւս դրանով էր հիմնականում բացատրվում մյուս ուժերիՙ հռչակագրին չմիանալու հանգամանքը, ինչպես նաեւ անմիջապես դրանից հետո Շ. Քոչարյանի նախաձեռնության ի հայտ գալը։ Նախագծի տեքստին ծանոթանալիս այն եզրակացությանը կարելի է հանգել, թե տեքստը կազմվել է հապճեպորենՙ իրավաբանական ձեւակերպումները թերի են, ոչ պատշաճ ձեւով ներկայացված, իսկ տեխնիկական բացթողումների ու սխալների միասին ավելորդ է անգամ խոսել։

Մյուս կողմից հենց Շավարշ Քոչարյանն ինքն անուղղակիորեն հաստատեց, որ նախագիծը հռչակագրի այլընտրանքն է. «Մենք գտնում ենք, որ այս երկու մոտեցումներն իրար պետք է լրացնեն։ Եթե Դաշնակցությունն անկեղծ է իր ցանկություններում, կարող է իր առաջարկությունները ներկայանել եւ միանալ նախագծին»։ Ի դեպ, նշենք, որ Շավարշ Քոչարյանի ղեկավարած կուսակցությունը դեռեւս չի միացնել հռչակագրին, իսկ տրամաբանությունը հուշում է, որ եթե 16-ի կուսակցությունները եւս անկեղծ են իրենց ցանկություններում, եւ քաղաքական ամբիցիաներ չունեն, ապա կարող էին միանալ հռչակագրին, ինչը, սակայն, տարօրինակորեն տեղի չի ունենում։

Հետաքրքրական է, սակայն, որ ՀՅԴ-ն այս վերաբերմունքին շատ հանգիստ է վերաբերվում։ Մասնավորապես, Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե երկու նախաձեռնությունները միմյանց կապել կամ միմյանցով բացատրել չի կարելի։

Այս մոտեցումը, մեղմ ասած, տարօրինակ է, քանի որ առնվազն նպատակադրումների տեսակետից այդ նախաձեռնությունները միմյանց հետ նույնական են։ Ավելինՙ ՀՅԴ-ն նույնիսկ պատրաստակամություն հայտնեց քննարկել Շ. Քոչարյանի ներկայացրած նախագծի դրույթները, ինչից կարելի է եզրակացնել, թե Դաշնակցությունն ընդունում է, որ «16»-ն առավել կոնկրետ միջոցառումներ առաջարկելով շրջանցեց իր նախաձեռնությունը եւ այն թողեց ստվերում։ Մանավանդ որ իրականում ընդդիմության նախագիծը հասարակական ավելի մեծ հնչեղություն ունեցավ, քան ՀՅԴ-ինը։

Սակայն զուգահեռ պետք է ենթադրել, թե Դաշնակցությունը հաշտվի նման ձախողման հետ։ Այդ մասին էր վկայում Աղվան Վարդանյանի արած այն ակնարկը, թե չի բացառվում, որ ՀՅԴ-ն «Ընտրական» օրենսգրքում փոփոխությունների սեփական նախագիծը կառաջարկի։ Այս ռեւանշը շատ հավանական է, քանի որ ՀՅԴ-ն չափավոր փոփոխությունների կողմնակից էՙ զերծ ընդդիմության ծայրահեղություններից։ Մոտ լինելով խորհրդարանական մեծամասնությանըՙ Դաշնակցության համար հեշտ է ձեռք բերել վերջինիս համաձայնությունն օրենքում փոփոխություն մտցնելու համար, այդպիսով վերջնականապես թաղելով «16»-ի եւ Շ. Քոչարյանի նախաձեռնությունը։

Բոլոր դեպքերում խրախուսելի կարելի է համարել քաաքական ուժերի ցանկությունըՙ կատարելագործել «Ընտրական» օրենսգիրքը, ի վերջո լավագույն տարբերակը ծնվում է երկխոսությունների արդյունքում։ Սակայն խնդիրն այն է, որ մեր իրականության մեջ վաղուց արդեն բոլոր քաղաքական ռեֆորմները բացառապես մասնավոր շահի ենթատեքստ ունեն իսկ նախընտրական շջրանումՙ առավել եւս։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4