2002 թ. փետրվարին շրջանառության մեջ դրվեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագծի փաթեթը, որը լրատվամիջոցների կողմից բուռն արձագանք առաջացրեց (գերակշռող արձագանքը բացասական էր)։
Աշխատանքային եւ հեղինակային խմբերը հետագայում ինտենսիվ աշխատեցին օրենքի նախագծի վրաՙ ներառելով արված դիտողություններն ու առաջարկությունները լրատվության միջոցներից եւ տվյալ դաշտում շահագրգիռ հասարակական կազմակերպություններից։ Մեծածավալ աշխատանքների փորձաքննությունների արդյունքում արդարադատության նախարարի տեղակալ Աշոտ Աբովյանը ԶԼՄ-ների քննարկմանը ներկայացրեց վերամշակված նախագծի փաթեթը։ Ինչպես ներկայացրեց պրն Աբովյանը. «Նախագծում հիմնական դրույթների կապակցությամբ խոսքը վերաբերում է խոսքի ազատության ապահովման երաշխիքներին, լրատվության աղբյուրների պաշտպանությանը, լրագրողի հավատարմագրմանը, հերքման ինստիտուտին։ Այս են հիմնական այն դրույթները, որոնց շուրջ ծավալվում է նախագիծը»։ Իսկ թե որոնք են հատկապես առանցքային փոփոխությունները, ի սկզբանե շրջանառության մեջ դրված նախագծի համեմատությամբ, հիմնականում ներկայացված նախագծից դուրս են մնացել լիցենզավորմանը վերաբերող հոդվածները, լրատվամիջոցների նկատմամբ լիազորված պետական մարմինների վերահսկողությանը վերաբերող դրույթները եւ լրագրողների իրավունքներին եւ պարտականություններին անդրադարձող կետերը։ Իսկ մյուս հոդվածները միայն խմբագրական փոփոխությունների են ենթարկվել։
Բուռն քննարկումների ու բանավեճի ընթացքում եղան բազմաթիվ քննադատություններ մի շարք հոդվածներիՙ հատկապես խոսքի ազատության ապահովման երաշխիքների, լրատվության աղբյուրների պաշտպանության, խոսքի ազատության չարաշահման անթույլատրելիության, ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության եւ ազդեցությունների բացահայտման ու այլ կետերի շուրջ, որոնք ընդունվեցին աշխատանքային խմբի կողմից, եւ դեռ 15 օրվա ընթացքում էլ կընդունվեն առաջարկներ, որից հետո օրենքի նախագիծը կրկին վերամշակված կուղարկվի ԱԺ քննարկման ու հաստատման։
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի կարծիքով. «Նախ պետք է արձանագրել, որ նախորդ նախագիծը, որը մեծ աղմուկ ու դժգոհություն առաջացրեց լրագրողական աշխարհում, մեծ չափով փոխվել է, հաշվի են առնվել լրագրողական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների կարեւոր, սկզբունքային դիտողությունները։ Երկրորդ, ՀՀ արդարադատության նախարարությունը ձգտում է անընդհատ աշխատել ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների հետ։ Այժմ օրենքի նախագիծը քննարկման փուլում է, եւ դեռեւս արվում են առաջարկներ։ Մեզ շատ է մտահոգում գրաքննության հարցը, թեեւ նախագծում կա ձեւակերպում, որը դեկլարատիվ բնույթ ունի, եւ գրաքննող իշխանավորը երբեք չի զգուշանա օրենքի այդ կետը չկատարելուց։
Մտահոգում է նաեւ ազատ տեղեկատվություն ստանալու հարցը, սահմանված չէ, թե տեղեկատվություն չտվողը ինչ պատժի կենթարկվի։ Մեր մյուս առաջարկությունները ընդունվել են եւ հույս ունենք, որ այսպիսի լայն քննարկումների արդյունքում կունենանք աշխատող օրենք»։
Հուսանք, որ շահագրգիռ առաջարկները տեղ կգտնեն օրենքի վերամշակված նախագծում, որից հետո միայն կներկայացվի պատգամավորների դատին, իսկ նրանք, կարելի է ենթադրել, այս օրենքի հանդեպ այնքան էլ բարյացակամ չեն։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ