Ֆրանսիացի լրագրող Ռիշար Բալդուչին Շառլ Ազնավուրին ճանաչում է այն ժամանակներից, երբ ինքը դեռ երազում էր լրագրող դառնալ, իսկ Ազնավուրըՙ երգիչ։ «Քրիստիան Պիրո» հրատարակչությունում Բալդուչին վերջերս լույս ընծայեց «Ազնավուր. բոհեմական կյանքի զավակի խոստովանանքը» 150 էջանոց գիրքը։ Այն նվիրված է Հայաստանի լավագույն դեսպանի կյանքի մեծ ու փոքր իրադարձություններին, թեեւ մշտապես պատմում է գլխավոր դեպքերի մասին։
«Վեց տարեկանից արդեն Շառլը սեփական ճակատագրի տերն էր, ուզում էր ցույց տալ, որ կարող է մի բան նախաձեռնել եւ հասցնել ավարտին։ Ճիշտ Նապոլեոնի պես նա չէր ցանկանում իր ճակատագիրը թողնել որեւէ մեկի հայեցողությանը», գրում է Բալդուչին։
Հեղինակը պատմում է, թե ինչպես մանկության տարիներին Ազնավուրը մասնակցում էր ներկայացումների, իսկ հետագայում Ռաուլ Բրետոնի տանը ծանոթացավ Էդիտ Պիաֆի հետ, ապա տքնաջան աշխատեց մինչեւ 1950-ական թթ. ճանաչման հասնելը։ Գրքում խոսվում է Ազնավուրի 3 ամուսնությունների, նրա քրոջՙ Աիդայի, փեսայիՙ Ժորժ Կառվարենցի մասին, Շառլ Տրենեի, Ժան Կոկտոյի, Ֆրենկ Սինատրայի հետ Ազնավուրի բարեկամության, կինոյում կատարած 70 դերերի, Շվեյցարիայում, Փարիզում եւ Պրովանսում նրա բնակության մասին։ Բալդուչիի ոճը սեղմ էՙ համեմված գեղեցիկ ու անսպասելի անեկդոտներով, որոնք կապված են մասնավորապես կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի եւ նրա հորՙ Գեւորգի հետ։
Անձամբ Շառլ Ազնավուրի համար շրջադարձային եղավ 1959 թ.։ Ալհամբրայում ելույթ ունենալուց առաջ նա խրված էր պարտքերի մեջ, քանի որ նախորդ համերգային շրջագայությունն անհաջող էր անցել։ Հեղինակը գրում է, որ Ալհամբրայի համերգում առաջին 5 երգերը սառնությամբ ընդունվեցին։ Բայց 6-րդը («Ես ինձ տեսնում էի արդեն...») զուտ ազնավուրյան էր թե՛ անսպասելի բեմադրութամբ, եւ թե՛ կատարմամբ։ Երգն ընդունվեց ծափողջույններովՙ դառնալով Ազնավուրի հաղթարշավի սկիզբը։
Պ. Ք.