«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2002-11-09 | #206, 2002-11-12 | #207, 2002-11-13


ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ՀԱՅՈՑ ՓԱՌՔԻ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐԸ

Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երեւանի մասնաճյուղում տեղի ունեցավ առաջինՙ «Զվարթնոց տաճարի վերականգնումն ըստ Թորոս Թորամանյանի նախագծի» գիտաժողովը։

Գիտաժողովին իրենց մասնակցությունն էին բերել ճանաչված եւ վաստակաշատ շատ գիտնականներ, որոնց համար քննարկվող հարցը ոչ միայն սրտամոտ, այլեւ նրանց երկար տարիների գիտական պրպտումների թեման էր։

Գիտաժողովում լսվեցին հետեւյալ տարաբնույթ մոտեցումներ թելադրող զեկուցումներըՙ «Պատմական հուշարձանների հետազոտման բնագավառում դիստանցիոն մեթոդների կիրառման հնարավորությունները եւ անհրաժեշտությունը», «Զվարթնոց տաճարի կառուցման համար օգտագործված որոշ նյութերի հետազոտության արդյունքները», «Զվարթնոց տաճարի վերականգնման համար առաջարկվող, հենարան հանդիսացող երկաթբետոնե շինությունների հարատեւությունը», «Հնագիտական պեղումների կարեւորությունը Զվարթնոց տաճարի վերականգնման գործում», «Զվարթնոց տաճարի ճարտարապետական առանձնահատկությունները», «Զվարթնոց տաճարի պատմական ներդաշնակությունը Քարահունջի քարե աստղադիտարանի հետ», «Զվարթնոցըՙ հայ ոգու եւ իմաստնության տաճար», «Աշխարհի ժողովուրդների մշակութային ժառանգության հուշարձանների կոմպլեքսային պաշտպանությունը (Զվարթնոց տաճարի վերականգնման աշխատանքների ժամանակ օգտագործելու համար)», «Զվարթնոց տաճարի իրական բարձրության վերականգնման մաթեմատիկական համեմատական վերլուծությունը», «Շենքերի, շինությունների եւ ճարտարապետական հուշարձանների սեյսմոմեկուսացման նոր տեխնոլոգիական մեթոդները եւ նրանց օգտագործման հնարավորությունները Զվարթնոց տաճարի վերականգնման ժամանակ» եւ այլն։

Համակողմանի վերլուծությունների ընթացքում առաջ քաշվեցին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք ենՙ տաճարի վերականգնման ժամկետները, աշխատանքների ֆինանսավորումը, վերականգնման վերաբերյալ լրատվական թափանցիկության ապահովումը, վերականգնման գրաֆիկը եւ այլն։

Զվարթնոցին նվիրված երեւանյան առաջին գիտաժողովն ավարտից առաջ Զվարթնոցի վերականգնման հոգաբարձուների խորհրդի եւ «Միավորված հայեր» հասարակական-քաղաքական կազմակերպության հավանությամբ հանգեց հետեւյալ եզրակացությունների.

1. XXI դ. գիտատեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս Զվարթնոցը վերականգնել իր տեղումՙ հիմք ընդունելով Թորոս Թորամանյանի նախագիծը։

2. Ճարտարապետության դոկտոր Տիրան Մարությանին առաջարկել գիտաժողովի ավարտից հետո, մեկ ամսվա ընթացքում, ստեղծել Զվարթնոցի վերականգնման աշխատանքների ծրագրի գրաֆիկ-նախագիծը կազմող մասնագետների խումբ, եւ այդ խմբի կազմն ու աշխատանքների գրաֆիկը ներկայացնել հոգաբարձուների խորհրդին եւ «Միավորված հայեր» հասարակական-քաղաքական կազմակերպության վարչությանը։

3. Ի գիտություն ընդունել ելույթ ունեցած մասնագետների հայտարարություններըՙ վերականգնողական աշխատանքներին անվարձահատույց մասնակցելու պատրաստակամության մասին։

4. Առանձին գրքով հրատարակել եւ որոշակի տպաքանակով Զվարթնոց տաճարի թանգարանին նվիրել Թորոս Թորամանյանի նախագծով Զվարթնոցի վերականգնման աշխատանքներին նվիրված գիտաժողովի նյութերը եւ իրենց լուման այդ գործի համար ներդրած քաղաքացիների ցուցակները։

5. Ի գիտություն ընդունել Տեղեկատվության եւ գրահրատարակչության ազգային գործակալության գլխավոր մասնագետ, «Մշակութային ժառանգություն» հանդեսի գլխավոր խմբագիր Տիգրան Ռշտունու հայտարարությունը Զվարթնոց տաճարի վերականգնման ողջ ընթացքն անվարձահատույց լուսաբանելու վերաբերյալ։

6. Անհրաժեշտության դեպքում հոգաբարձուների խորհրդի որոշման եւ «Միավորված հայեր» հասարակական-քաղաքական կազմակերպության վարչության հավանությամբ հրավիրել Զվարթնոց տաճարի վերականգնմանը նվիրված երկրորդ գիտաժողովը։

Գիտաժողովի նյութերի արդյունքներն ի մի բերեցին հոգաբարձուների խորհրդի անդամներ, ճարտարապետության դոկտոր Տիրան Մարությանը եւ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Միավորված հայեր» հասարակական-քաղաքական կազմակերպության վարչության նախագահ Ռուբեն Ավագյանը։

ԱՐԹՈՒՐ ԹԱՐԽԱՆՅԱՆ, Վաստակավոր ճարտարապետ, ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆ, ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4