Սերն ու հավատն առ Աստված, առ ճշմարտություն, երկու ընկերներինՙ Գրիշա Մելիք-Սարգսյանին եւ Արմեն Աղաջանյանին, կենտրոնացրեց քարաշեն եկեղեցիների մանրակերտերի կառուցման վրա։ Բազում անքուն գիշերներից հետո Գրիշան ոսկերչական ճշտությամբ ու իրար չզիջող գեղեցկությամբ ստեղծեց 9 հայկական բազիլիկ եկեղեցիների քարե մանրակերտեր։ Որոշ ժամանակ անց, գոհանալով փոքրածավալ եկեղեցիների ստեղծման ու կառուցման հաջողություններով, հավատն առ Աստված, նաեւ ի հիշատակ Արմենի 3 վաղամեռիկ զավակների, երկու ընկերները որոշեցին կառուցել եկեղեցի, մի աղոթատուն, որ Ավանի բնակչության համար ուխտատեղի դառնա։ 1996 թ. քաղաքապետարանի թույլտվությամբ եւ այն ժամանակվա Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոսի հովանավորությամբ ու օրհնությամբ հատկացվեց 600 քմ տարածքՙ Ավան համայնքի Նարեկացի թաղամասում եկեղեցի կառուցելու համար։ 1996 թ. մարտից սկսվեցին քարակույտերի ու աղբակույտերի հեռացման ու շինարարական աշխատանքները։ Սբ. Աստվածածին եկեղեցին խորանով, զանգակատնով զբաղեցնում է մոտ 40 քմ, ունի 11 մ բարձրություն։ Եկեղեցուն կից կառուցվել է մատաղատուն եւ հոգեւոր կենտրոն (որի միայն տանիքի աշխատանքներն են մնացել)։ Երկու տարի ներքին հարդարման աշխատանքները ձգձգվում էին նյութական միջոցների բացակայության պատճառով։ 2002 թ. Գրիշա Մելիք-Սարգսյանը դիմում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին (որի ձեռամբ օծվել եւ օրհնվել են եկեղեցու խաչերը) ու, ստանալով Մայր աթոռի աջակցությունն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպս. Կճոյանի օգնությունը, ավարտում է եկեղեցու կառուցումը։
Նոյեմբերի 9-ին, վաղ առավոտից ուրախ տրամադրությունը համակել էր Ավան համայնքի Նարեկացի թաղամասի բնակչությանը, բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի, որոնց թվում էին վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանը, քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, գրողներ, մտավորականներ ու հավատացյալներ։ Նրանք եկել էին մասնակցելու Սբ. Աստվածածին եկեղեցու օրհնության, մատաղատան եւ հոգեւոր կենտրոնի բացման արարողությանը։ Սբ. Աստվածածին եկեղեցու օրհնության կարգը կատարեց Արարատյան հայրապետական թեմի հոգեւոր դասըՙ Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցու հովիվ տեր Նորայր քահանա Բաղդասարյանի եւ Սբ. Զորավոր եկեղեցու հովիվ տեր Վարդան քահանա Գափոյանի գլխավորությամբ։ Այդ օրը նաեւ օրհնություն ստացան եկեղեցու շինարարությանը մասնակցած, այժմ նորապսակներ Համբարձում-Գայանե Մելիք-Սարգսյանները, Կարեն-Հերմինե Ղարիբյանները, Արման-Արմինե Ամիրխանյանները, Արտյոմ-Լիլիթ Գեւորգյանները, Արտակ-Թագուհի Բեյբությանները եւ Սարգիս-Նունե Հովսեփյանները։ Սբ. Աստվածածին եկեղեցին, օրվա առիթով, հարստացավ XVII դարի երկու սրբապատկերներով (հայր Նորայր քահանայի անձնական նվերը) եւ մեկ խաչքարովՙ հավատացյալ Սարգսյանների ընտանիքի կողմից։ Մատուցվեց օրհնված սուրբ մատաղը։
Իսկ ինքնուս ճարտարապետ-շինարար Գրիշա Մելիք-Սարգսյանի համար այդ օրը հիշարժան էր նրանով, որ նա կարողացավ շարունակողը լինել իր ազնվական տոհմի նախապապերիՙ Մելիք-Սարգիսի (17-րդ դարում ԼՂՀ-ում կառուցել է Սբ. Աստվածածին եկեղեցին) եւ Մելիք Ավետիքի (վերանորոգել է Էջմիածնի վանքերից մեկի գմբեթը, ու թաղված է եկեղեցու բակում) գործը։ ԼՂՀ գրողների միության անդամ, 7 գրքերի հեղինակ, արդարադատության առաջին դասի խորհրդական, վերաքննիչ դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանն իր հոգու բավարարումը ստանում է ժողովրդին խանդավառություն ու երջանկություն պարգեւելով, ինչպես իր հայրը, որի կառուցած աղբյուր-հուշարձանն այժմ էլ հագեցնում է Գյումրի-Աշոցք ճանապարհով անցնողների ծարավը։ «Երբ դատավորը եկեղեցի է կառուցում, կնշանակի, որ նա Աստծուն մոտ կանգնած մարդ է, խղճի առաջ մեծ պատասխանատվություն ունի, հետեւաբար արդարադատության իրականացման մակարդակը բարձր կլինի։ Եկեղեցին փոքր է, գեղեցիկ, բայց կարեւոր է, որ մեր գործընկերոջ տաղանդը կա նրա կառուցման գործում, ասաց վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանը։ Դա նշանակում է, որ մենք ժողովրդի վստահությունը շահում ենք հենց այսպիսի արարողություններով»։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ