«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2002-11-12 | #207, 2002-11-13 | #208, 2002-11-14


«ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՏԵՄՊԵՐՈՎ ՉԵՆՔ ԶԻՋԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՉԵՆՔ ԷԼ ԶԻՋԵԼՈՒ»

Պաշտպանության համակարգի ծախսերը կավելանան 4-5 տոկոսով

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Սոցիալական հռչակված 2003 թ. պետական բյուջեն իր սահմանափակ հնարավորություններով հակառակ ծայրով կարող է հարվածել մյուս կարեւորագույն ոլորտներին եւ հատկապես երկրի արտաքին եւ ներքին անվտանգության համար բավարար միջոցների տրամադրմանը։ Նման եզրահանգման կարելի էր գալ խորհրդարանում ընթացող 2003 թ. բյուջեի քննարկումներից հետո երկրի ուժային նախարարների արտահայտած մտքերից։ Ուժայինների մասով երեկվա քննարկումներն ընթանում էին փակ դռների հետեւում, այնպես որ, այդ ոլորտների վերաբերյալ բյուջեի ուղղվածության մանրամասները պարզելն անկարելի էր։

Այնուամենայնիվ, Ազգային անվտանգության նախարարը, որը դժկամորեն համաձայնեց իր կարծիքը հայտնել իր ղեկավարած ոլորտին հատկացվելիք միջոցների բավարարության մասին, նշեց. «Բյուջեն քննարկվել է մեզ մոտ, այն համարում եմ իրատեսական եւ ինձ թվում է, որ այդ շրջանակներում հնարավոր է մեր առջեւ դրված խնդիրները լուծել։

Ցանկալի էր, որ բյուջեն ավելի մեծ լիներ, բայց կաշխատենք այդ շրջանակներում տեղավորվել։ Համեմատած այս տարվա հետ, 2003 թ. ազգային անվտանգությանը հատկացվելիք միջոցները փոփոխությունների չեն ենթարկվել։ Ավելացել է միայն 33 մլն դրամՙ կապված կենսաթոշակների հետ»։

Որոշ տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի կառավարությունը 2003 թ. պետական բյուջեի շրջանակներում պաշտպանության համակարգին հատկացվող միջոցներն ավելացրել է 12 տոկոսով, ինչն ահռելի ցուցանիշ է։ Մինչդեռ, ՀՀ պաշտպանության նախարարի կարծիքով, սոցիալական ուղղվածություն ունեցող մեր բյուջեի պայմաններում նման ավելացում կատարելն անհնար է. «Անշուշտ, շատ ավելի մեծ պահանջներ կան։ Բայց հաշվի առնելով, որ կառավարությունն այս բյուջեն համարում է սոցիալական ուղղվածության, թվերն այնպիսին են, ինչպիսին կան։ Պատգամավորներն անհանգստություն հայտնեցին, որ տարածաշրջանի երկրների որոշ պաշտոնյաներ պատերազմի կոչեր են անում, իսկ մենք բյուջեում բավական միջոցներ չունենք զենք-զինամթերք ձեռք բերելու համար։ Ես պարզաբանեցի, որ մեր բանակի հնարավորությունները եւ կրակային հզորությունը միայն բյուջեով նախատեսված թվերի արդյունք չեն։ Ամենից մեծ չափաբաժինն, իհարկե, բյուջեով նախատեսվածն է, բայց ունենք գործընկերներ, բարեկամներ, որոնց հետ ունենք պայմանագրեր, եւ դրանցով նախատեսված է ռազմական համագործակցություն, ռազմական օգնության տրամադրում»։

Այդ բարեկամների թվում Սերժ Սարգսյանը հիշատակեց մասնավորապես ԱՄՆ-ին եւ հատկապես Ռուսաստանին։ Ըստ պաշտպանության նախարարի, շուտով կառավարությունը խորհրդարանի վավերացմանը կներկայացնի պայմանագրեր, որոնք գաղտնի են եւ ստորագրվել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Կասյանովիՙ Հայաստան կատարած այցի ընթացքում։ «Բացի այն պայմանագրերից, որոնց դուք տեղյակ եք, ստորագրվել է եւս երկու պայմանագիր», նշեց ՊՆ նախարարը։

Այս տեղեկությունները հնչեցին, թերեւս, հակակշռելու այն մտահոգությանը, թե հարեւան երկիրն ավելացնում է պաշտպանությանը հատկացվելիք գումարների չափը։ Նույն նպատակով նախարարը նաեւ հայտարարեց. «Իհարկե, մտահոգություն ունեմ, որ Ադրբեջանը ցանկանում է բյուջեից 140 մլն դոլար ծախսել իր բանակի վրա։ Մերը դրանից 1/3-ով ավելի քիչ է նախատեսվում։ Բայց նախ Ադրբեջանի բանակը թվաքանակով ավելին է, քան մերը։ Եվ երկրորդՙ եկող տարի 4¬5 տոկոսով նույնիսկ ավելանում է մեր ֆինանսավորումը»։

Նոյեմբերի 11-ին բյուջեն խորհրդարանում ներկայացնելիս հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, թե պաշտպանության համակարգին հատկացրած միջոցները չեն ավելացվել, սակայն պահուստային ֆոնդի կիսով չափ նվազեցման հաշվին այդ գումարները հատկացվել են պաշտպանության համակարգին։ Կարելի է, թերեւս, ենթադրել, որ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի նախագահը հենց դա նկատի ուներ։ Բոլոր դեպքերում. «Մենք մեր առաջխաղացման տեմպերով մինչեւ հիմա չենք զիջել Ադրբեջանին եւ չենք էլ զիջելու», վստահեցրեց նախարարը։

Այս լավատեսությանը, սակայն, դատելով խորհրդարանականների լռակյացությունից եւ նախարարների ակնարկներից, այդքան էլ համամիտ չեն պատգամավորները։ Նիստը դռնփակ էր, եւ վերջիններիցս իրենց կարծիքների մասին ոչինչ պարզել չհաջողվեց։ Միայն ներքին գործերի, ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը կցկտուր ասաց հետեւյալը. «Ընդհանուր առմամբ ես բյուջեից կարո՞ղ եմ բավարարված լինելՙ ոչ, ուրեմն այդ մասով էլ բավարարված չեմ»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4