«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2002-11-12 | #207, 2002-11-13 | #208, 2002-11-14


«ՓՈՔՐ ԳՈՒՄԱՐ ՆՎԻՐԱԲԵՐՈՂՆԵՐԸ ԹՈՂ ԱՆՀԱՐՄԱՐ ՉԶԳԱՆ, ՔԱՆԶԻ ԾՈՎԸ ԿԱԹԻԼՆԵՐԻՑ Է ԳՈՅԱՆՈՒՄ»

Հեռախոսամարաթոն եւ հեռուստամարաթոն Արցախի համար

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ահավասիկ մի պատմական նախաձեռնություն, որ պիտի ողջունեն, վստահ ենք, մեր ազգի բոլոր զավակներըՙ ուր էլ որ ապրելիս լինեն աշխարհի վրա։ Վստահ ենք, այո՛, որ բոլոր հայերն անխտիր, անսակարկ պիտի պատասխանեն. «Պատրաստ ենք մեր պարտքը կատարելու»։ Այս պատասխանը ոսկի տառերով պիտի արձանագրվի մեր պատմության հաղթական կամարի ճակատին։ Ահավասիկ մի պատվաբեր առիթ, երբ ամեն հայ մարդ կամավոր, իր կարողության ներածի չափով տարին մեկ անգամ պիտի կամենա իր լուման մատուցել հայրենիքի վերականգնման սեղանի առաջ։ Եվ փոքր գումար նվիրաբերողները թող անհարմար չզգան, քանզի ծովը կաթիլներից է գոյանում», ավետեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը։

1992 թ. մարտի 3-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր¬Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ «Այս դարաշրջանում նախախնամությունը երկրորդ անգամ մեզ հնարավորություն է տալիս կերտելու հայոց անկախ պետականությունը։

Ահա այս համազգային նպատակի կենսագործմանն աջակցելու համար է, որ ստեղծվել է «Հայաստան» հիմնադրամը։ Նրա գլխավոր խնդիրն է համայն հայության ուժերի եւ կարողությունների միասնական գործադրմամբ օգնել Հայաստանի զորացմանն ու բարգավաճմանը», կասեր Տեր¬Պետրոսյանը։

Անցնող տասը տարիներին հիմնադրամի հաշվին հանգանակված միջոցներով իրականացվել են մոտ 200 մեծ ու փոքր ծրագրերՙ 75,5 մլն դոլար ընդհանուր արժեքով։ 960 ընտանիքների համար կառուցվել են 210 բնակելի շենքեր եւ առանձնատներ, 36 դպրոցներ եւ կրթական հաստատություններ, 12 առողջապահական հիմնարկություններ, 220 կմ ավտոճանապարհներ, 131 կմ խողովակաշարեր եւ այլն։

Վերջին մի քանի տարիներին հիմնադրամի գործունեության ուղղվածությունը փոքր-ինչ փոխվեց. ամեն ինչ Արցախի համար։ Արցախի ողնաշարը համարվող «Հյուսի-հարավ» ավտոմայրուղու շինարարության համար անհրաժեշտ է 25 մլն դոլար։ Ավտոմայրուղու առանձին հատվածներիՙ «Դաշբուլաղ-Կիչան» (20 կմ) եւ «Կարմիր Շուկա-Դրախտիկ» (10 կմ) շինարարությունն արդեն ավարտվել է, այս դեկտեմբերին կսկսի գործել Շեխեր գյուղի կամուրջը։

ԼՂՀ ամրապնդման եւ զարգացման համար բացառիկ նշանակություն ունեցող եւ 162 կմ ընդհանուր երկարությամբ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին անցնելու է հանրապետության բոլոր հինգ շրջաններով։ Մնացել է կառուցել 132 կմ-ը, որի ընդհանուր արժեքը մոտ 19 մլն դոլար է։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հստակ հանձնարարական է տվելՙ առաջիկա երեք տարիներին ավարտին հասցնել շինարարությունը, այսինքնՙ համայն հայության հանգանակություններով երեք տարում հավաքել 19 մլն դոլար։ Եթե հաշվի առնենք, որ նախորդ տասը տարիներին հավաքել է 75 մլն կամ տարեկան միջին հաշվով 7,5 մլն, ուրեմն նախագահ Քոչարյանի հանձնարարականն իրատեսական է։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր¬Ղեւոնդյանը հատկապես կարեւորում է այս տարին։ Արդեն այսօր Ֆրանսիայում սկսվում եւ երեք օր կշարունակվի հեռախոսամարաթոնը, ապա նոյեմբերի 18¬28-ն այն կշարունակվի Նյու Յորքումՙ ԱՄՆ Արեւելյան ափին։ Նոյեմբերի 28-ին Լոս Անջելեսում կկայանա ավանդական դարձած հերթական հեռուստամարաթոնը։

Հեռուստամարաթոնին կարելի է հետեւել www.armeniafund.org կամ www.himnadram.org ինտերնետային սայթերով եւ կատարել հանգանակություն։ Հեռուստամարաթոնին Հայաստանում մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել 52 15 05 եւ 52 64 74 հեռախոսահամարներով կամ այցելել «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչություն։

Պարոն Տեր¬Ղեւոնդյանը հատկապես կարեւորեց Հայաստանի եւ ԼՂՀ-ի քաղաքացիների մասնակցությունն ազգային տուրքին, քանի որ, երբ Հայաստանի եւ ԼՂՀ-ի բարօրությանն ուղղված նախաձեռնությանը մասնակցում են այստեղՙ հայրենիքում, ապա սփյուռքն ավելի է ոգեւորվում։ Ուրախալի է, որ վերջին 2 տարիներին հայ գործարարների մասնակցությունը հեռուստամարաթոնին դարձել է ավանդույթ։ Ընդ որում, այս տարի Հայաստանի գործարարները հանգանակություններ են կատարելու մինչեւ հեռուստամարաթոնի օրը։ «Այսինքնՙ մենք դատարկ ձեռքերով չենք գնում սփյուռք», ասում է Տեր¬Ղեւոնդյանը։

Հիմնադրամի տասը տարիների արդյունքներն ամփոփող վիճակագրությունը հուշում է, որ քարոզչական աշխատանքները, կամ, ավելի պարզՙ մարդկանց հանգանակության «մղելու» տեխնոլոգիաները, լավ չեն կիրառվում։ Այսպես, 75,5 մլն ընդհանուր գումարից միայն 12 հազար դոլարն է հանգանակվել Ռուսաստանում, իսկ 40 մլն-ըՙ ԱՄՆ-ում։ Փաստորեն, հիմնադրամը Ռուսաստանում, որտեղ հաշվվում է 5¬2,5 մլն հայ, չի աշխատումՙ ուշադրությունը սեւեռելով ԱՄՆ-ին, Արգենտինային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Շվեյցարիային, Լիբանանին, Կանադային, Ավստրալիային, Բրազիլիային։ Վահան Տեր¬Ղեւոնդյանի ասելովՙ Ռուսաստանում չկա ձեւավորված սփյուռք դասական իմաստով, սակայն ժամանակն է աշխատել Ռուսաստանում եւ ԱՊՀ հայաշատ երկրներում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4