Գրողների միությունում
Լեւոն Զեքիյանը սփյուռքում հայտնի մտավորական է, բազմաթիվ մենագրությունների եւ գիտական հոդվածների հեղինակ, իր ստացած հոգեւոր բարձրագույն կրթությունը մշտապես ի նպաստ է ծառայեցրել հայ լեզվին, մշակույթին, հայ ինքնությունն օտար ափերում պահպանելուն եւ արդեն ծանոթ ու սիրելի անուն է նաեւ մեզանում։ Նրա հետ երեկվա հանդիպումը Գրողների միությունում վերջերս Լոս Անջելեսում հրատարակված «Հայապատում... Ներտողային» ժողովածուի շնորհանդեսի առիթով էր։ Գրքի հրատարակության աշխատանքները կատարվել է Լոս Անջելեսում («Ապրիլ» հրատ.), ձեւավորումըՙ Հալեպում (նկարիչՙ Հրազդան Թոքմաջյան), բուն տպագրական աշխատանքներըՙ Հայաստանում։
Լ. Զեքիյանի այս վերջին հրատարակությունն ամփոփում է 1973¬89 թթ. գրված հոդվածներըՙ ինը պայմանական բաժիններովՙ իբրեւ սկզբունք ընդունելով նախ եւ առաջ ժամանակագրական կարգը, գրական սեռերը եւ թեման։ Հատորում ամփոփված գրությունները վերահրատարակություններ ենՙ մասնակի փոփոխություններով։
Իր բազմամյա գործունեության, երկար տարիների մտավոր պրպտումների ու փորձառությունների արդյունքում Հ. Լեւոն Զեքյանն իր մտահանգումներն ուրվագծել եւ այդ ամենի համադրումով ստեղծել է խճանկարների մի պատկերՙ առայժմ ընդհանուր գծերով, որը հետագայում խոստանում է առավել խորունկ տարածք եւ ընդգրկումներ ունենալ։
«Հայապատումը» միտված է հայության այսօրվան եւ ապագային, այս գնահատելի ժառանգության մեջ մեծ տեղ ունեն հայ գաղթօջախների ուսումնասիրությունները, հայ-իտալական մշակութային կապերի համակողմանի քննությունը, զանազան բնույթի հարցազրույցները, գրականագիտական լուրջ ուսումնասիրությունները։ Այս ամենը ներկայացված է լեզվական հարուստ ու բարձր կուլտուրայով, որի մեջ նկատելի է նաեւ գեղարվեստական տարրը («Գեղարդի նուռը»)։
Գրքի շնորհանդեսն անցավ ջերմ մթնոլորտում։ Հանդիսությունն անցկացրեց գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը։ Ելույթ ունեցան Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, բանասիրական գիտությունների դոկտորներ Սուրեն Դանիելյանը, Գառնիկ Անանյանը, արվեստաբանության դոկտոր Լեւոն Չուգասզյանը եւ ուրիշներ։
Բանախոսները ներկայացրին Լ. Զեքիյանին իբրեւ արտերկրում հայ լեզվի, մշակույթի պահպանման, զարգացման ու տարածման գործի նվիրյալ. ազգային-մշակութային ողջ գործունեության թվարկումն իսկ բավարար է Լ. Զեքիյանի ներդրումը հայագիտության ոլորտում պատկերացնելու համար («Հայ ընտանիք» պարբերաթերթի խմբագրապետ, «Բազմավեպի» փոխխմբագրապետ, Ս. Ղազարի հայկական ճեմարանի գիտ. քարտուղար, Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի տնօրեն, Վենետիկի Կա ֆոսկարի համալսարանի հայոց լեզվի եւ գրականության դասախոս, ապաՙ Վատիկանի Արեւելագիտական ինստիտուտի, հիմնադրել է Վենետիկի հայ լեզվի եւ մշակույթի ամառային խտացյալ դասընթացը, Պո-Արաքս մշակութային ընկերակցությունը եւ այլն)։
Իր հաջողության գաղտնիքը, ինչպես նշեցին բանախոսները, իր ստացած կրթությունն է (Մխիթարյան միաբանության Ս. Ղազար դպրեվանքում, ապա Հռոմի Գրիգորյան համալսարանում), նվիրումը հայոց պատմությանը, բանասիրությանը, լեզվին, իսկ ճանապարհներն իր առաջ բացվում են նաեւ իր կերպարի համար։ Նա կամրջող օղակ է ոչ միայն Հայաստանի եւ սփյուռքի, այլեւ Հայաստանի եւ դրսի աշխարհի միջեւ, որ լավագույնս է ներկայացնում մեր մշակույթը միջազգային հարթություններում եւ ամենակարեւորըՙ «շահում հայագետներ եւ հայասերներ մեզ համար»։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ