«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2002-11-12 | #207, 2002-11-13 | #208, 2002-11-14


ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՐԱՎՈՐԱԾ ՊՐՈՖԵՍՈՐԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է ԳԼԵՆԴԵՅԼԻ ՔՈԼԵՋԻՑ

Երեկ, ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդեյլ քաղաքի կրթական հաստատություններից մեկում հայազգի ուսանողի հետ կապված միջադեպի առնչությամբ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության իսկությունը ճշտելու նպատակով ՀՀ ԱԳՆ-ն խնդրել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը պարզել դեպքի հանգամանքները։ Ի պատասխան, վերջինս տրամադրել է հետեւյալ տեղեկատվությունը.

«Ս.թ. նոյեմբերի 6-ին Կալիֆոռնիայի Գլենդեյլ քաղաքի համայնքային քոլեջում տեղի է ունեցել տհաճ միջադեպ, երբ ԱՄՆ-ի պատմությունը դասավանդող պրոֆեսոր Փոլ Վիլյամսը սպառնացել է հայ ուսանողինՙ ոտնձգություն իրականացնելով ուսանողի ազգային պատկանելության հանդեպ։ Սույն անվայել արարքը բոլորի կողմից միանշանակ որակավորվել է որպես ռասայական խտրականության ակտ։

Նոյեմբեր 8-ինՙ ուրբաթ օրը, Գլենդեյլի համայնքային քոլեջի ղեկավարության նիստում դասախոս Փ. Վիլյամսը պաշտոնապես հեռացվել է քոլեջից։ Ի միջի այլոց, վերջինս փոխարինման կարգով ժամանակավորապես էր ընդգրկված քոլեջի դասախոսական կազմում, եւ նրա դասախոսական գործունեությունը տեւել է ընդամենը մեկ շաբաթ։

ՀՀ գլխավոր հյուպատոսությանը նաեւ հաջողվել է պարզել, որ այս հանգամանքը որպես բողոք քոլեջի ղեկավարության եւ հասարակության ուշադրությանն է ներկայացրել մամուլում հիշատակված Ալիսա Ալավերդյանը։ Ընդ որում, անմիջականորեն վերջինիս չեն ուղղված եղել Փ. Վիլյամսի բառերը, այլ մեկ ուրիշ հայազգի ուսանողի։

Սույն հարցի քննարկմանն են նպատակաուղղված լինելու ս.թ. նոյեմբերի 18-ին Գլենդեյլի համայնքային քոլեջում կայանալիք լսումները, որոնք նախաձեռնվել են հայ համայնքի կրթության բնագավառի ներկայացուցիչների եւ քոլեջի ուսանողա-դասախոսական կազմի կողմից»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4