Շախմատային օլիմպիադայի օրերին Բլեդում անցկացված ՖԻԴԵ-ի 73-րդ կոնգրեսում վերջնականապես որոշվել է միավորել շախմատային աշխարհը, եւ համաձայնություն է ձեռք բերվել աշխարհի չեմպիոնին ի հայտ բերելու կարգի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ վերջին 10 տարիներին շախմատային աշխարհը պառակտված էր։ 1993 թ. Գարրի Կասպարովը տարաձայնություններ ունենալով ՖԻԴԵ-ի այն ժամանակվա նախագահ Ֆլորենսիո Կամպոմանեսի հետ, ստեղծեց իր առանձին կազմակերպությունըՙ պրոֆեսիոնալ շախմատային ասոցիացիան եւ ՖԻԴԵ-ին զուգահեռ անցկացրեց աշխարհի առանձին առաջնություն, որում 3 անգամ հաղթող ճանաչվեց, իսկ 2 տարի առաջ պարտվեց Վլադիմիր Կրամնիկից։
ՖԻԴԵ-ի կոնգրեսում հաստատվել է աշխարհի միասնական չեմպիոնին որոշելու կարգը։ 2003 թ. գարնանը կկայանան երկու մրցախաղերՙ Կրամնիկ-Լեկո, Պոնոմարյով-Կասպարով, որոնց հաղթողներն աշնանը եզրափակիչ մրցամարտում կվիճարկեն ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Հիշեցնենք, որ նման առաջարկի հեղինակն ամերիկացի շախմատիստ Յասեր Սեյրավանն էր։ Աշխարհի չեմպիոնին կորոշեն երկու տարին մեկ։ Մշակված մրցակարգի համաձայն, աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարի մեջ կներգրավվեն 128 շախմատիստներ, որոնք սկզբնական շրջանում գավաթային խաղերի սկզբունքով մինի մրցախաղերում (2 հաղթանակից) կորոշեն 16 ուժեղագույններին։ Հետագայում նրանք վիճակահանությամբ կրկին զույգեր կկազմեն։ Հաղթող կճանաչվի նա, ով մրցակցին 6 անգամ պարտության կմատնի։ Առաջին նման մրցաշարի մեկնարկը կտրվի 2003 թ. դեկտեմբերին Կուալա-Լումպուրում։ Աշխարհի չեմպիոնի կոչման համար եզրափակիչ մրցախաղի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կկազմի 4 մլն եվրո։