«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2002-11-12 | #207, 2002-11-13 | #208, 2002-11-14


«ՄԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱՐ 5-10 ԲԱՆԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է»

Նշում է «Կոնվերս բանկի» գլխավոր տնօրենը

«Կոնվերս բանկի» գլխավոր տնօրեն Սմբատ Նասիբյանի հետ մեր հարցազրույցի ժամանակ, անշուշտ, հնարավոր չեղավ անդրադառնալ Հայաստանի բանկային համակարգի բոլոր խնդիրներին։ Սակայն կարծում ենք, որ երկրի առաջատար բանկերից մեկի ղեկավարի տեսակետները վերջին ամիսներին այս ոլորտի առավել հրատապ դարձած մի շարք հարցերի վերաբերյալ կարող են հետաքրքրական լինել։

¬ Հայկական 8 բանկերիՙ Կենտրոնական բանկի խնամակալության տակ հայտնվելուց հետո մեր բանկային համակարգի վիճակի մասին հակադիր տեսակետներ են հնչում։ Ձեր կարծիքով, մեր բանկային համակարգի վիճակը վատթարացե՞լ է, թե՞ ընդհակառակըՙ առողջացել։

¬ Նախ համակարգի մասին չի կարելի ընդհանրական խոսել։ Նույնիսկ զարգացած երկրի տնտեսության մասին չի կարելի ընդհանրական ասել, թե շատ լավ է կամ վատ է։ Կան լավ վիճակում գտնվող բանկեր եւ ձեռնարկություններ եւ վատ վիճակում գտնվողներ։ Մեր դեպքում կան առողջ բանկեր եւ բանկեր, որոնք ի սկզբանե պարզ էր, որ կընկնեն խնամակալության տակ։ Դա հավերժ գործընթաց է։ Անգամ աշխարհի զարգացած երկրներում պատահում է, որ բոլորի համար անսպասելի առաջնակարգ բանկեր են սնանկանում։ Եթե դա տեղի է ունենում նման կայացած եւ անցումային շրջանը հաղթահարած երկրներում, ապա Հայաստանում նույնպես հնարավոր են նման դեպքեր։

Այլ հարց է, թե որքանով է դա արդարացված։ Իմ կարծիքով, Հայաստանի ֆինանսական շուկան շատ սահմանափակ է եւ այստեղի ֆինանսական հոսքերը սպասարկելու համար 5, առավելագույնը 10 բանկն էլ բավարար է։ Սակայն 30-ը կամ 22-ը, 8-ի խնամակալության տակ հայտնվելուց հետո, ներկա ծավալների համար շատ են։ Կամ ծավալները պետք է մեծանան կամ բանկերը դուրս գան։ Տա Աստված, որ առաջինը տեղի ունենա։

¬ Մի տեսակ արհեստական չի՞ ստացվում բանկերի քանակի նման սահմանափակումը։ Կարող են լինել մեծ բանկեր եւ փոքր բանկեր, որոնք իրենց ուղղվածությունն ունեն ու նորմալ գործում են։

¬ Ոչ, արհեստական չէ։ Բանն այն է, որ մինչեւ վերջերս Հայաստանում չկային ֆինանսական կազմակերպություններ եւ դրանց մասին օրենք։ Չափանիշները պետք է հստակ լինեն։ Բանկերը ցանկացած դեպքում գործ ունեն բնակչության ավանդների հետ, այսինքնՙ դրանք գերհասարակական նշանակություն ունեն։ Բանկերի սնանկացումը կարող է ազդել ոչ միայն դրանց սեփականատերերի եւ փոքր թվով այլ անձանց, այլեւ ամբողջ հասարակության վրա։ Կարծում եմ, որ Կենտրոնական բանկը ճիշտ է վարվումՙ խստացնելով պահանջները կապիտալի եւ այլ նորմատիվների առումով։ Բանկերի վերահսկողությունը պետք է ուժեղ լինի, իսկ դրանք հզոր լինեն ի դեմս իրենց կապիտալի։ Այլ բան է, եթե ցանկանում են այս ոլորտում ինչ-որ տեղ զբաղեցնել, թող ձեւակերպվեն որպես վարկային կամ այլ տիպի ֆինանսական կազմակերպություն եւ աշխատեն։ Սակայն նրանք չպետք է ունենան այն մեծ ռիսկերի գնալու իրավունքը, որ ունեն բանկերը։ Դրա համար պետք է լինի ուժեղ վերահսկողություն, որպեսզի չլինեն խաբված ավանդատուներ կամ նրանց կուսակցություններ։

¬ Բանկերի նշանակությունը նաեւ անկանխիկ շրջանառություն ապահովելն է։ Այստեղ կարծես թե վիճակն այնքան էլ լավ չէ։ Սա ի՞նչ է նշանակում, հասարակությունը պատրաստ չէ՞ դրան, թե՞ բանկերը կայացած չեն։

¬ Հասարակությունը վերացական հասկացություն է։ Հասարակությունը եւ պետությունը պետք է հանգեն այն եզրակացության, որ անկանխիկը շահավետ է։ Եթե շրջանառությունն անկանխիկ չէ, որոշ մարդիկ շահում են ստվերային շրջանառություն իրականացնելով։ Դրա փոխարեն մենք կորցնում ենք վարկային ռեսուրսներ։ Այսինքնՙ նաեւ այդ նույն մարդիկ կորցնում են հետագայում էժան վարկեր ստանալու հնարավորությունը։ Մենք չունենք անկանխիկ շրջանառություն, չունենք փոխկապակցված, շուկայական մեխանիզմներ։

¬ Այդ մեխանիզմները նախ եւ առաջ օրենքներն են, որոնց ընդունումը շահավետ է ե՛ւ բանկերին, ե՛ւ պետությանը։ Բանկերը կարծես թե այդքան էլ ակտիվ չեն անկանխիկ շրջանառությունն ավելացնելուն միտված օրենսդրության ստեղծման եւ առաջ տանելու հարցում։

¬ Այդպիսի օրենք արդեն ընդունվեց, բայց իրավացի եք, որ բանկերն ակտիվ չեն։

¬ Ձեր բանկի գործունեության մասին ի՞նչ կասեք։

¬ Մենք ամենաբարձր մակարդակի ենք հասցրել սպասարկումը, հաշվի առնելով հաճախորդների բոլոր պահանջները։ Բանկի միջոցով իրականացվում են Գերմանա-հայկական հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Լինսի հիմնադրամի ֆինանսավորած ծրագրերը։ Աշխատում ենք տարբեր ոլորտներիՙ էներգետիկայի, արդյունաբերության, գյուղմթերքների վերամշակման եւ այլ ձեռնարկությունների հետ։ Սպասարկման եւ ծառայությունների մատուցման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կստանաք հաճախորդների գործառնական սպասարկման բաժնից։ (Տե՛ս «Սպասարկման նոր չափանիշներ «Կոնվերս բանկում» հրապարակումը¬ Ա. Մ.)։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4