«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2002-11-12 | #207, 2002-11-13 | #208, 2002-11-14


ՄԱՆԹԱՇՈՎՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

«Հայրենիք-թիվի» հեռուստաընկերությունը մեկ տարեկան է

Երեկ «Հայրենիք-թիվի» հեռուստաընկերությունում հանրապետության զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները մասնակցեցին մամլո ասուլիսին, որը նվիրված էր «Հայրենիք» հեռուստաալիքի առաջին հաղորդման մեկ տարվան։ Մամլո ասուլիսին մասնակցում էին հեռուստաընկերության նախագահ Կարեն Վարդանյանը, գործադիր տնօրեն Վլադիմիր Օհանյանը եւ մշակութային տնօրեն Ժիրայր Դադասյանը։

«Հայրենիք-թիվի» հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2000 թ. դեկտեմբերի 21-ինՙ խոշոր ձեռնարկատեր Հրանտ Վարդանյանի կողմից։ Ներկայումս «Հայրենիք» հեռուստաալիքը եթեր է հեռարձակվում 21-րդ դեցիմետրային հաճախականությամբ, համաձայն թիվ 57 լիցենզիայի, որը տրված է 2002 թվականի հուլիսի 3-ին։ Լիցենզիան ուժի մեջ է մինչեւ 2009 թ. հուլիսի 3-ը։

Հեռուստաընկերությունն իր առաջին հաղորդումները հեռարձակել է 2001 թ. նոյեմբերի 10-ից։ Եվ այդ օրվանից մանկական հաղորդումների հեռարձակումն այլեւս չի ընդհատվել։ Իր առաջին հոբելյանը հեռուստաընկերությունը նշում էՙ ունենալով 12 անուն սեփական, յուրահատուկ մանկական ծրագրերՙ «Մեր հայրենիքի մշակույթը», «Մեր հայրենիքի պատմությունը», «Մեր հայրենիքի հեքիաթները», «Վերկացիկ», «Արեւիկ-քենդի», «Աստղածաղիկ» եւ այլն։ Մինչեւ տարեվերջ այս ցանկը կհամալրեն եւս 2 ծրագրեր։ Եթեր հեռարձակվելու համար պատրաստ են «Մեր դպրոցը» եւ «Քաղաքավարության կանոններ» հաղորդաշարերը։ Հեռուստաընկերությունում այժմ աշխատում է 75 մարդ, որից 39-ըՙ ստեղծագործական կազմում։

Քանի որ հեռուստաընկերությունը գովազդ չի հեռարձակում եւ չի հետապնդում եկամուտներ ունենալու քաղաքականություն (ավելին, արդեն անվճար պատրաստի հաղորդումներ է տրամադրում սփյուռքի եւ մարզային հեռուստաընկերություններին), ապա բոլոր անհրաժեշտ ծախսերը հիմնադիրը հոգում է իր սեփական եկամուտներից։ Իսկ գործունեության ամբողջ ընթացքում հեռուստաընկերության հիմնադիր Հրանտ Վարդանյանը ներդրել է մոտ 620 հազար ամերիկյան դոլար գումար։

¬ Ուղիղ մեկ տարի առաջ եղբայրս մամլո ասուլիս էր հրավիրել «Հայրենիք» հեռուստաալիքի բացման կապակցությամբ,¬ ասաց Կարեն Վարդանյանը։ ¬ Եվ լրագրողներին հետաքրքրում էր մեկ կարեւոր հարց. «Հայրենիքը» մնալո՞ւ է մանկական հեռուստաալիք, թե՞ փոխակերպվելու է քաղաքական հեռուստաալիքի։ Մենք այս մեկ տարվա ընթացքում ապացուցեցինք, որ «Հայրենիքը» քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցավ։ Ես ուզում եմ շեշտել, քանի կա Վարդանյան ընտանիքը, «Հայրենիքը» լինելու է մանկական, բարեգործական հեռուստաալիք։

Մեկ տարվա ընթացքում հեռուստադիտող երեխաները ճանաչեցին ու սիրեցին «Հայրենիքի» հերոսներինՙ Ինչուիկին, Չիկարելիին, Վերկացիկին, Գունավորիկին։ Հեռուստադիտողի համար ստեղծվել են նոր մանկական, հեքիաթային հեռուստահերոսներ, որոնք իրենց մեջ պահպանելով հայ ազգային մենթալիտետի լավագույն գծերը, միտվում են դեպի վաղվա օրը։

«Հայրենիքի» աշխատանքը չի սահմանափակվում զուտ Հայաստանի Հանրապետությունով եւ ճանաչում է ձեռք բերել միջազգային հեղինակավոր մասնագետների կողմից։ Վերջերս «Հայրենիք» հեռուստաընկերության «Մեր հայրենիքի մշակույթը» հաղորդումը Յալթայի միջազգային կինոֆորումում շահեց առաջին մրցանակը (կինոֆորումին մասնակցում էին 26 երկրների 34 մանկական ծրագրեր)։

¬ Կինոֆորումին մանկական շատ լուրջ եւ միջազգային համբավ վայելող հեռուստահաղորդումներ էին ներկայացված Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կիեւից, Սարատովից,¬ ասաց Ժիրայր Դադասյանը։ ¬ Ոսկեզօծ «Ստավրիդա» մրցանակը տրվեց մեր հաղորդմանը։ Մենք պատրաստվում ենք գալիք ժամանակներում եւս մասնակցել միջազգային ստուգատեսների։ «Հայրենիք» հեռուստաընկերության հաղորդումները հետեւում են մեկ սկզբունքի. դաստիարակել հայ երեխային ազգասիրական, մշակութային եւ ինտելեկտուալ բարձր չափանիշներով։

Ի դեպ, նախօրյակին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը հանդես էր եկել անչափ կարեւոր մի ակցիայով. այսուհետ հիմնադրամն անժամկետ հովանավորելու է հայ գիտնականներինՙ ամսական մշտական պատվովճարներ տալով Հայաստանի ազգային ակադեմիայի իսկական եւ թղթակից անդամներին, հատուկ մրցանակներ շնորհելով երիտասարդ լավագույն գիտնականներին։ Հիմնադրամին ներկայացվելու են պատրաստի գիտական մշակումների առաջարկներ, եւ կազմվելու են ազգային ակադեմիայի տպարանի համատեղ օգտագործման առաջադրանքները։ Ինչպես երեկ մամլո ասուլիսի ժամանակ նշեց «Հայրենիք-թիվի» հեռուստաընկերության նախագահ Կարեն Վարդանյանը, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը նույնանման ծրագիր է մշակել նաեւ արվեստի, մշակույթի գործիչների համար։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4