«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2002-11-12 | #207, 2002-11-13 | #208, 2002-11-14


ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Ինչն արտացոլվել է 2003 թ. բյուջեում

Այլ կերպ, քան ծաղր բնակչության սոցիալապես առավել խոցելի խավի նկատմամբ 2003 թ. բյուջեով նախատեսված աշխատավարձերի ծայրահեղ տարբերակված բարձրացումները չես անվանի։ Դա երեւի զգում են նաեւ բյուջեն ներկայացնող պետական այրերըՙ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ, վարչապետը, ինչի պատճառով էլ նրանց բացատրություններն ու հիմնավորումներն առավել ամուր նյարդեր ունեցողների ծիծաղը, իսկ մյուսների զայրույթն են առաջացնում։

Նախ անդրադառնանք բարձրաստիճան անձանց աշխատավարձերին։ Դրանք առանց այն էլ էապես բարձր են բյուջեից վարձատրվողների գերակշիռ մեծամասնության աշխատավարձերից։ Դատեք ինքներդ, մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերը տատանվում են 6¬11 հազար դրամի, ուսուցիչներինըՙ 12¬14 հազար դրամի սահմաններում, իսկ ԱԺ պատգամավորներինը, նախարարներինը, վարչապետինը, նախագահինըՙ 140 հազար դրամից 200 հազար դրամի սահմաններում։ Վերջիններիս աշխատավարձը 10¬20 անգամ գերազանցում է առաջինների աշխատավարձը։ Ավելացնենք բարձրաստիճան պաշտոնյաների այլեւայլ աղբյուրներից եկամուտներ ստանալու բազմաթիվ հնարավորությունները, որոնք, բնականաբար, օգտագործվում են եւ հիմնական եկամուտն են ապահովում։ Սակայն եթե անգամ մի պահ սա մոռանանք, ապա զուտ աշխատավարձերի առումով ակնհայտ չէ՞, որ ծայրահեղ բեւեռացված պատկեր է ստեղծվել հենց պետության ղեկի մոտ գտնվողների կողմիցՙ հօգուտ իրենց, օգտագործելով իշխանություն ունենալու հանգամանքը։ Հիմա էլ պատգամավորներն ու կառավարությունն «իշխանություն-ընդդիմություն» խաղալով, ձեռք-ձեռքի տված նախաձեռնում են սեփական աշխատավարձերի նոր, բազմապատիկ բարձրացումը։ Մեղմ ասած, միամիտ պետք է լինելՙ հավատալու համար Վարդան Խաչատրյանի այն հավաստիացմանը, թե դա իրենց հաջորդների համար է արվում։ Ազգային ժողովում կա՞ որեւէ պատգամավոր, որը չի փորձելու վերընտրվել, կամ կառավարությունում նախարար, որը չի փորձելու վերահաստատվել իր պաշտոնում։

Հերթական բարձրացումներից հետո բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կտատանվեն 360 հազար դրամից մինչեւ 600 հազար դրամի սահմաններում։ Դարձյալ անդրադառնանք Վարդան Խաչատրյանի «խորաթափանց» պարզաբանումներին։ Այն է, որ ժամանակն է ընդունել, որ պատգամավորները կամ նախարարները պարզապես ազնիվ չեն (ինչի առնչությամբ երբեւէ չենք կասկածել- Ա. Մ.) եւ չեն կարող 140 հազար դրամ աշխատավարձով հրաշալի ապրել, լավ մեքենաներ եւ կոստյումներ գնել, ամռանը հանգստանալ։ Ո՞րն է ստեղծված իրավիճակում ելքը։ Դե, իհարկե, աշխատավարձերի մի քանի անգամ բարձրացումը։ Դրանից հետո պատգամավորները, նախարարները, մյուս բարձրաստիճան պաշտոնյաներն անմիջապես կազնվանան։ Դա նշանակում է, որ կիրականանան նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարիՙ այս որոշման հակակոռուպցիոն նշանակության մասին պնդումները։ Այս առնչությամբ միայն մեկ հարց կցանկանայինք ուղղել նախարարինՙ գոնե ինքն իր խոսքերին հավատո՞ւմ է։ Կա՞ որեւէ երաշխիք, որ բարձրաստիճան պաշտոնյաները կբավարարվեն այժմ արդեն 700¬1000 դոլար կազմող աշխատավարձերով եւ այլեւս չեն օգտվի իշխանության ընձեռած հնարավորություններից։

Դիտարկենք մյուսՙ սոցիալական բեւեռացման խորացման հարցը։ Նախատեսվում է, որ ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան 20 տոկոսով։ Գումարային առումով ներկայիս 12¬14 հազար դրամի փոխարեն դրանք լավագույն դեպքում կկազմեն 15¬18 հազար դրամ։ Մշակույթի ոլորտի աշխատողները 6¬11 հազարի փոխարեն կստանան 11¬18 հազար դրամ։ Թոշակառուների թոշակը կավելանա ընդամենը մի քանի 100 դրամովՙ կազմելով միջինը 6000 դրամ։ Այժմ այս թվերը համեմատենք 360 հազար կամ 600 հազար դրամի հետ։ Տարբերությունը ներկայիս 10¬20 անգամի փոխարեն կկազմի միջինը 20¬40 անգամ։ Չնայած սրան, իշխանավորների ցինիզմը թույլ է տալիս 2003թ. բյուջեն «սոցիալական» անվանել, խոսել աղքատության նվազեցման կամ սոցիալական բեւեռացման մեղմացման մասին։ Եվ որպեսզի պատկերն ավելի կատարյալ լինի, բարձրացվում են նաեւ մյուս «անպաշտպան» խավերիՙ դատավորների, դատախազների, հարկային, մաքսային ոլորտների աշխատակիցների, պետական մյուս պաշտոնյաների աշխատավարձերը։ Դարձյալ նույն հիմնավորմամբՙ որպեսզի դատավորներն ու դատախազները կաշառք չվերցնեն, հարկայիններն ու մաքսայինները բյուջեի գումարները չգրպանեն։ Մի խոսքովՙ որպեսզի ազնվանան եւ զերծ մնան գայթակղություններից։ Սրանից միայն մեկ եզրակացության ես հանգումՙ այս երկրում որպեսզի աշխատավարձդ բարձրանա, պետք է անազնիվ լինես։ Դժբախտաբար, սա սոսկ տեսական եզրակացություն չէ։

Ի վերջո, անդրադառնանք Վարդան Խաչատրյանի «ամենազորավոր» փաստարկին, որն, ի դեպ, հակասում է բյուջեն սոցիալական համարելու նրա իսկ պնդմանը։ Դա այն է, որ վերոնշյալ արտոնյալ խավի աշխատավարձերի բարձրացման համար նախատեսված գումարները եթե ուղղվեին աշխատավարձի չնչին բարձրացում ունեցածներին, ապա մեծ սոցիալական արդյունք չէր տա։ Սակայն այդ դեպքում ո՞ւր մնաց պետության դերը։ Մի՞թե այն սահմանափակվում է նրանով, որ բարձր վարձատրվողներն ավելի բարձր ստանան, եւ մյուսների նկատմամբ տարբերությունը խորանա։ Կարելի էր, չէ՞, այնպես անել, որպեսզի աշխատավարձերի բարձրացումը համամասնորեն լիներ։ Հարկ է պարզապես օրենսդրորեն ամրագրել, որ աշխատավարձի բարձրացումները պետք է վերաբերեն միայն նվազագույն աշխատավարձի չափին։ Այսինքնՙ այն գումարները, որոնք հնարավոր է եղել ուղղել աշխատավարձերի բարձրացմանը, համամասնորեն կբաշխվեն բոլորի միջեւ։ Նշված քայլին դիմելու համար ընդամենը ցանկություն էր անհրաժեշտ։ Սակայն ժողովրդի շահերի մասին արդեն բոլորին զզվեցրած ելույթ ունեցող գործադիր եւ օրենսդիր բարձրագույն իշխանության ներկայացուցիչները գերադասում են գնալ այլՙ սեփական շահերի առաջնահերթության ճանապարհով։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4