«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2002-11-12 | #207, 2002-11-13 | #208, 2002-11-14


Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ. «ԵՐԿՐՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել քաղաքացիական ծառայության խորհրդի անդամների հետ։

Նշելով, որ Խորհրդի ձեւավորումից հետո անցել է շուրջ տասը ամիս, Հանրապետության նախագահն ասել է, որ կարիք կա ամփոփել ու գնահատել անցած ճանապարհըՙ հաշվի առնելով նաեւ, որ Խորհրդի գործունեության մեջ սկսվել է խիստ պատասխանատու ժամանակահատված։ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահինՙ Խորհրդի աշխատանքի նկատմամբ դրսեւորած ուշադրության համար։ Համառոտակի ներկայացնելով Խորհրդի գործունեությունը, նա նշել է, որ լուրջ աշխատանք է կատարվել նորմատիվային բազայի ձեւավորման ուղղությամբ, ընդունվել են տասնհինգ տարբեր կարգեր։ Անցկացվող մրցույթների վերաբերյալ Խորհրդի նախագահն ասել է, որ ապահովվում է դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունը։ Նրա խոսքով, աշխատանքի ընդունվելու նոր կարգը դրական արձագանք է ունեցել եւ չի գրանցվել բողոքարկման ոչ մի դեպք։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը ներկայացրել է պետական կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունների ընթացքը։

Նշելով, որ անցկացվող բարեփոխումների հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ քաղաքական անցուդարձը որեւէ ազդեցություն չունենա պետական ծառայության համակարգի վրա, Ռոբերտ Քոչարյանը շեշտել է, որ պետական կառավարման համակարգի քաղծառայողները չպետք է մասնակցություն ունենան նախընտրական գործընթացներին։

Հանրապետության նախագահի գնահատմամբ, կատարվել է մեծ ծավալի աշխատանք։ «Սա առաջին փորձն է, որը հնարավորություն կտա սովորել եւ ընթացքում շտկումներ կատարելով առաջ շարժվել»,- ասել է նաՙ կարեւորելով աշխատանքի ժամանակացույցի պահպանումը։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով, երկրում ձեւավորվել է կադրային քաղաքականության համակարգ, որը թույլ է տալիս կանոնակարգել եւ օբյեկտիվ սկզբունքների վրա հիմնվելով ճիշտ քաղաքականություն վարել։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4