Մնում է, որ դրան դրականորեն արձագանքի թուրքական բանակը
Օրերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանն Անվտանգության խորհրդում առաջարկել է Կիպրոսի հարցի առնչությամբ նոր բանաձեւ։ «Ազգը» նախորդ համարում Ջորջ Տեր¬Բարթողի Նիկոսիայից ուղարկած հոդվածով անդրադարձավ բանաձեւին։ Հարկ է նշել, որ բանաձեւը լայն արձագանք է գտել ինչպես Կիպրոսում, Հունաստանում եւ Թուրքիայում, այնպես էլ ԱՄՆ-ում, Եվրամիությունում եւ Եվրախորհրդարանում։
Ընդհանուր առմամբ արձագանքները Հունաստանում եւ Թուրքիայում դրական են, իսկ Կիպրոսում երկուստեքՙ զգուշավոր։ ԱՄՆ-ում, Եվրամիությունում եւ հատկապես Եվրախորհրդարանում բանաձեւը մեծ ոգեւորություն է առաջ բերել։ ԱՄՆ-ի պարագայում ոգեւորությունը թերեւս պայմանավորված է Անդրկովկասում եւ Միջին Ասիայում դիրքեր ամրապնդելու քաղաքական հաշվարկներով։ Ակնհայտ է, որ Կիպրոսի հիմնախնդրի կարգավորմամբ մեծապես կարգավորվում են թուրք-հունական հակասությունները։ Այսպիսով, ամերիկացիները ձերբազատվում են 28 տարվա վաղեմություն ունեցող այդ հակամարտությամբ զբաղվելու պարտականությունից, եւ ողջ ուշադրությունը կենտրոնացնում են վերոհիշյալ հաշվարկների վրա։ Միաժամանակ ԱՄՆ-ն ստանում է հաշվարկներում Հունաստանի եւ Թուրքիայի համատեղ աջակցությանն ապավինելու նոր հնարավորություններ։
Եվրոպական երկրների համար զգալի հեշտանում է Եվրամիությանը Կիպրոսի անդամակցության հարցը դրականորեն լուծելու առաջադրանքը, ընդ որում, առանց Թուրքիայի հետ դիվանագիտական հնարավոր բախումների։ Այլ կերպ, կիպրական հիմնախնդրի կարգավորման պարագայում վերանում է ԵՄ-ին Կիպրոսի անդամակցությանը Թուրքիայի հակազդեցության հավանականությունը։
Ինչ վերաբերում է Կիպրոսի նախագահ Գլավկոս Քլերիդեսի եւ թուրքական կողմի առաջնորդ Ռաուֆ Դենքթաշի երկուստեք զգուշավորությանը, ապա դա էլ պետք է պայմանավորել բանաձեւի այն կետերով, որոնք կողմերին չեն բավարարում։ Նախագահ Քլերիդեսն, արտահայտվելով այդ կետերի մասին, չի մանրամասնել, թե որոնք են դրանք։ Թեեւ մանրամասնելուց զերծ է մնացել նաեւ Դենքթաշը, այնուամենայնիվ, թուրքական կողմն առարկում է 200 հազար հույն փախստականների մոտ կեսին իրենց բնակության վայրը վերադառնալու կետին, ինչպես նաեւ տարածքային հավանական զիջումներն, որոնք, ըստ բանաձեւի, ենթադրվում են Հյուսիսային Կիպրոսի թուրքական հատվածից կատարել հույների օգտին։
Թուրքական «Զաման» թերթը նոյեմբերի 13-ի համարում այս հանգամանքի վրա ուշադրություն հրավիրելիս գրում է, որ թուրքերից պահանջում են Հյուսիսային Կիպրոսի տարածքը 7¬9 տոկոսը զիջել հույներին։ Ի դեպ, թուրքերն առ այսօր վերահսկում են Կիպրոսի տարածքի 35,6 տոկոսը։ Զիջելու դեպքում նրանց վերահսկողության տակ կմնա կղզու շուրջ 27 տոկոսը։ Որքան էլ նախագահ Քլերիդեսը չմանրամասնի, հունական կողմի համար էլ անընդունելի պետք է լինի թուրք վերաբնակներին Կիպրոսի քաղաքացիություն շնորհելը։
Համենայն դեպս, Կիպրոսի հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի նոր բանաձեւը պաշտոնապես ներկայացվել է շահագրգիռ կողմերին, որոնց թվում Հունաստանի եւ Թուրքիայի հետ նաեւ Անգլիան է։ Նախագահ Քլերիդեսը Հունաստանի վարչապետ Կոստաս Սիմիտիսի հետ դա քննարկել է։ Բանաձեւը քննարկվել է նաեւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի եւ Թուրքիայի արտգործնախարարության համատեղ նիստում։
Թուրքական «Սաբահ» թերթը նոյեմբերի 13-ի համարում նշում է, որ գլխավոր շտաբը դրականորեն է տրամադրված։ Հատկանշական է, որ թերթում բանաձեւի նկատմամբ Հունաստանի եւ Թուրքիայի դրական վերաբերմունքը վերագրվում է ինչպես Սիմիտիսին, այնպես էլ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հասած «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գլխավոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Թերեւս այդ առումով պատահական չէր «Սաբահի» «Երկու հանդուգն մարդ» խորագիրը։
Բանաձեւի նկատմամբ դրականորեն արտահայտվեց նաեւ թուրքական պետհեռուստատեսությունը։ Փաստորեն, դրանով էլ ձայնակցեց Էրդողանին։ Հարկ է սակայն նշել, որ Էրդողանը որքան էլ դրականորեն արտահայտվի, թուրքական թերթերն ու պետհեռուստատեսությունը լավատեսական գնահատականներ տան, այնուամենայնիվ, թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հիլմի Օզքյոքը պատրաստվում է մեկնել Հյուսիսային Կիպրոս։ Քանի որ մեկնելու որոշումն անմիջականորեն պայմանավորված է Կիպրոսի հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի նոր բանաձեւով, ուստի դա բանակին առանձնապես չի գոհացրել։ Մինչդեռ բանակը Թուրքիայում նաեւ քաղաքական ուժ է եւ որպես այդպիսին այլընտրանք չունի։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ