Մեկ տարի է գրեթե, ինչ կալանավայրերը ներքին գործերի համակարգից տեղափոխվել են արդարադատության նախարարության ենթակայության տակ։ Կալանավայրերի պահպանության համար, սակայն, 2003 թ. պետական բյուջեն բավարար ֆինանսավորում չի նախատեսում։ Այս մասին երեկ հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ «Հատկացումն, անշուշտ, չի բավարարում։ Յուրաքանչյուր բնագավառում էլ ինչքան շատ փող հատկացվի, այնքան ավելի լուրջ ծրագրեր է հնարավոր իրականացնել։ Ամեն դեպքում այս բյուջեով նախատեսված ծախսերն իրատեսական են», հայտարարեց նախարարը։
Անդրադառնալով դատավորների աշխատավարձերի բարձրացման հիմնավորվածությանը, նախարարը դա դրական գնահատեց։ Հիշեցնենք, որ այն կազմելու է մոտ 700 դոլարին համարժեք դրամ։ Իր դիրքորոշումը նախարարը բացատրեց հետեւյալ կերպ. «Մենք ի վերջո պետք է փոփոխություններ իրականացնենք համակարգային առումով։ Դատավորը պետք է հասկանա, որ իր աշխատավարձն աճում է իր ստաժին զուգընթաց եւ լուրջ նյութական կորուստ կարող է ունենալ, եւ ազնիվ աշխատելն ավելի ձեռնտու է»։
Նախարարի խոսքերով, դատավորն ավելի քիչ կաշառք կվերցնի, եթե ավելի խստացվեն վարքագծի կանոնները. «Վարքագծի կանոնների խախտում է, երբ դատավորը հանդիպում է դատավարության կողմերից մեկի հետ մյուս կողմի բացակայությամբ։ Այդ դեպքերը պետք է խստագույնս դատապարտվեն։ Իսկ ընդհանրապես կաշառակերությունը հասարակության հիվանդությունն է, որը թափանցում է տարբեր ճյուղերՙ գործադիր, օրենսդիր, դատական եւ այլն»։ Ինչ վերաբերում է պատժամիջոցների խորացմանը, ապա հստակ մոտեցում դատավորների առումով դեռեւս առկա չէ։
Գ. Ա.