Անթիլիասի արխիվների հրապարակայնացումը
Վերջերս Անթիլիասում լույս տեսած Կիլիկիո աթոռի դիվանի «Թղթակցութիւն Մեծի Տանն Կիլիկիոյ երեք կաթողիկոսներու եւ Ամենայն հայոց կաթողիկոս Խորէն Ա Մուրադբեկեանի» խորագրով հատորը կազմել, ծանոթագրել եւ հրատարակել է լիբանանահայ գրականագետ Գրիգոր Շահինյանը, որի հետ «Ազգը» վերջերս հարցազրույց էր ունեցել։ Անթիլիասի արխիվների 3-րդ հատորը հանրությանն է ներկայացնում Մեծի Տանն Կիլիկիո 3 գահակալների եւ Խորեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի միջեւ տարբեր ժամանակներում կատարված թղթակցությունները, որոնք ավելի են մանրամասնում դարասկզբի մեր պատմական իրադարձությունների փակ էջերըՙ վերաբերող եկեղեցական կյանքինՙ Սբ. Էջմիածին-Կիլիկիո կաթողիկոսություն հարաբերություններ, ամերիկահայ թեմի պառակտում, ազգային գոյատեւումի պայքար եւ այլն։ Բծախնդրորեն կատարած այս աշխատության առաջաբանում Գրիգոր Շահինյանը, տալով ժամանակաշրջանի ընդհանուր նկարագիրը, ներկայացնում է Կիլիկիո կաթողիկոսության դիվանի փաստաթղթերըՙ պաշտոնական եւ անհատական արխիվների ընդհանուր բնութագրությունը։ Օգտվելով նրաՙ Երեւանում գտնվելու առիթից, խնդրեցինք պատասխանել մեզ հետաքրքրող մի շարք հարցերին։
¬ Պրն Շահինյան, մի փոքր ավելի հանգամանալի տեղեկություններ կարելի՞ է հաղորդեք մեր ընթերցողներին Անթիլիասի արխիվների ծավալների, թվականների մասին։
¬ Անթիլիասի արխիվը ներկայիս տեղադրված է երեք սենյակի մեջ։ Գլխավոր երկու բաժին ունիՙ պաշտոնական արխիվ (կոնդակներ, նամակներ) եւ անհատական (Բաբկեն կաթողիկոսին օրագիրը, Գարեգին կաթողիկոսին թուղթերը, նամակներ, հուշատետրեր)։ Այս արխիվները նախնական դասավորումի ենթարկված են, բայց պետք է գիտական եւ համակարգչային դասավորումի ենթարկվին։ Շուտով այս տարվան ընթացքին արխիվը պիտի մեծնաՙ 4 սենյակի պարունակությամբ եւ հոն աշխատելու հնարավորություն պիտի ըլլա։ Կկարծեմ, որ արխիվատունն ալ իր հատուկ բաժինը պիտի ունենա, ուր մարդիկ նստին, աշխատին։
Արխիվին փաստաթուղթերը գլխավորաբար 1930-են են, այսինքնՙ Սուրբ Աթոռին Անթիլիաս հաստատվելեն մինչեւ օրս, բայց պետք է նկատի ունենալ նաեւ եկեղեցական պարագաներ, թղթակցություններ, որ Սահակ կաթողիկոսը հետը բերած է Կիլիկիայեն (Սահակ Երկրորդը այն կաթողիկոսն է, որ Եղեռնի ժամանակ իր ժողովուրդին հետ դուրս եկած է, հետո նաեւ Կիլիկյան աղետեն ետքը Սուրիա-Լիբանան հաստատված է)։
Հետաքրքրական թեմաներ կրնան ըլլալ։ Այդ թեմաներուն շուրջ ես ցանկը պատրաստած եմ եւ ներկայացուցած Արամ կաթողիկոսի հավանության։ Օր մը հարցուց ինձիՙ ի՞նչ կա տպվելիք։ Որոշումը եղավ այն, որ բոլորը պիտի տպվին։
¬ Չկա՞ն այնպիսի փաստաթղթեր, թղթակցություններ, որ կաթողիկոսը չկամենար հրապարակայնացնել։
¬ Անշուշտ, վերջնական գաղտնիՙ ոչ, ժամանակավոր գաղտնիՙ կրնա ըլլա։
¬ Ի՞նչ սկզբունքով է կատարվում ընտրությունըՙ ըստ անձերի՞, թե՞ թեմատիկ, պահպանվո՞ւմ է արդյոք ժամանակագրությունը։
¬ Ժամանակագրական կարգ կա, բայց թեման է գլխավորը։ Մինչեւ հիմա այդպես եղած է, կրնա ասկե ետքը ուրիշ տեսակ ըլլալ։ 3-րդ հատորը երբ կազմել կուզեի, ծրագիր ներկայացուցի կաթողիկոսին եւ կուզեի կեդրոնանալ Ամերիկայի վրա, այսինքնՙ Խորեն կաթողիկոս Մուրադբեկյանի, Բաբկեն կաթողիկոս Գյուլեսերյանի եւ Գարեգին կաթողիկոս Հովսեփյանցի թղթակցության վրա։ Եվ որովհետեւ երեքն ալ Ամերիկա գտնված են եւ Ամերիկայի մեր եկեղեցվո բաժանումի եւ այլնի մասին իրարու գրած են, փորձած են կացությունը բարելավել եւ չեն կրցած, մտածեցի, թեման կարելի է ատիկա ըլլալ եւ երեքի նամակները կհրատարակեմ։ Բայց Վեհափառը չուզեց խնդրահարույց հրատարակություն, ըսավ, որ կրնա սխալ հասկցվիլ։ Ադոր համար ալ միեւնույն նյութերը ենթարկվեցան ուրիշ դասավորումի, ավելցան նաեւ Սահակ կաթողիկոսին թուղթերը եւ զուտ ամերիկյան ուղղությունը չպահվեցավ, բայց կարեւոր մասը Ամերիկային կվերաբերի։ Առաջին հատորը կվերաբերի Սահակ եւ Բաբկեն կաթողիկոսներու 8 տարվան թղթակցության եւ Անթիլիասի հիմնադրության։ Երկրորդ հատորը օրագիր է. Շավարշ Նարդունիին օրագրությունն է աքսորի օրերուն վերաբերող։ Ինքը արմաշցի էր, հայրը զինվոր էր, որ կաքսորվի, հետո զինվորներուն ընտանիքները կարտոնվին, որ ետ երթան, բայց ոչ իրենց տեղերը, այլ այդ շրջանին մեջ զանազան գյուղերՙ ներքին աքսոր կըլլա։ Այդ օրերուն ինքըՙ տակավին նոր կյանքին բացող երիտասարդ (17 տարեկան) օրագիր կպահե։ Այդ օրագիրը հասած է մեզի այս ձեւով. իր մահեն ետքը ամբողջ գրադարանը Գարեգին Ա կաթողիկոսը եպիսկոպոս եղած ժամանակ արդեն կարգադրած էր, որ Անթիլիաս տեղափոխվի։ Շ. Նարդունիի գրադարանին մեջ եղած այս պզտիկ օրագրին նկարագրությունը եւ բովանդակությունն է երկրորդ հատորը։
¬ 1956 թ. հաջորդող հայտնի դեպքերի վերաբերյալ փաստաթղթերը նկատի առնվելո՞ւ են հետագա հրատարակություններում։
¬ Իմ կարծիքովՙ կարելի եղածին չափ ուշ, որովհետեւ տակավին թարմ են, կրնան սխալ մեկնաբանվիլ եւ գրգռիչ բնույթ ունենալ, ավելի հանդարտ ժամանակներուն կըլլան։ Պատճառ մը չկա, որ չըլլան։
¬ Պրն Շահինյան, Անթիլիասի արխիվի հրապարակայնացման այս երրորդ հատորն ընդգրկում է 20-ականներին հաջորդող մեր պատմության մի բարդ ժամանակահատված, այս թղթակցությունները որպես պատմական արժանահավատ աղբյուրներ ի՞նչ էական նշանակություն ունեն։
¬1920¬38 թթ. մեր ժամանակակից կյանքի ամենեն բախտորոշ դեպքերը տեղի ունեցած են։ Բախտորոշՙ ճակատագիր որոշողի իմաստովը կըսեմ, որովհետեւ Հայաստանը կսովետականանա, սփյուռքը կազմվելու կսկսի եւ այդ օրերու ճակատագրական պայմաններու մեջ բարձր հոգեւորականներ, որոնք միաժամանակ մտավոր եւ հոգեւոր առաքելության տեր են, մեր ժողովրդի կյանքին տագնապներովը կտարվին եւ այդ բոլորին մասին թղթակցություն կունենան։ Կուսակցական ահավոր պայքարներ եղած են, որոնց համար կրնանք ամչնալ, իրար սպանած են, մատնություններ ըրած են, սուտ խոսած են, այսինքնՙ հայուն անվայել բաներ ըրած են, այն հայուն, որուն պատկերը ստեղծված է իմ հոգիիս մեջ մանկութենես ի վեր։ Սուր պայքարներՙ դիրք գրավելու համար եւ այդ բոլորին մեջ եկեղեցին ալ բռնված է, թե՛ դուրսը, թե՛ ներսը։ Սովետականացումին ամենեն գեշ տարիներ էին. Խորեն կաթողիկոսը խեղդամահ եղած է չեկիստներու կողմե, կրոնականները աքսորված են հոս, բանտարկված են։ Այդ պայմաններու մեջ թղթակցություն տեղի կունենա։ 1920-են 1938 տարիներու մեր պատմության համար վճռորոշ աղբյուր է ասիկա։ Ահավասիկ, օրինակ մըՙ Ամերիկայի թեմերու բաժանումը 1956-են ետք տեղի ունեցած է, բայց արմատները մինչեւ 1934 թվականը կերթան։ 1920-ին Բաբկեն եւ Խորեն կաթողիկոսներու (երկուքն ալ ապագա կաթողիկոս, այն ատեն մեկըՙ արքեպիսկոպոս, մյուսըՙ եպիսկոպոս) թղթակցությունները Ամերիկայի թեմերու մասին լույս կսփռեն եղելություններու վրա։
¬ Պրն Շահինյան, որքանո՞վ են անկեղծ այս թղթակցությունները։
¬ Եթե կացությունը նկատի ունենաս, կրնաս ըսել։ Օրինակ մը. Գարեգին Հովսեփյանց գացած է Ամերիկա իբրեւ նվիրակ, 13 տարի հոն ապրած է եւ անշուշտ նամակներ պիտի գրեր իր կաթողիկոսին եւ ատոնք գրաքննության պիտի անցնեին շատ հավանորեն, հետեւաբար բացեիբաց չի կրնար գրել ուզածը։ Շատեր իրենց գրած ժամանակի մտածումին ամբողջությունը չեն արտահայտեր քաղաքավարության, քաղաքական հսկումին եւ այլ պատճառներով։ Սահակ կաթողիկոսը շիփ-շիտակ ամեն ինչ կըսե։ Մյուսներու պարագային տեքստի ետեւը ենթատեքստ կա։
¬ Արխիվային փաստաթղթերի, օրագրությունների, նամակների բարոյական նշանակության առումով, անձնական փոխհարաբերությունների, անցյալից դասեր առնելու իմաստով նաեւ, ի՞նչ կասեք։
¬ Այս տեսակի արխիվները կցուցնեն, թե հրապարակային հայտարարության ետին ինչ կաՙ եղածը ավելի սթափ տեսնելու։ Ասոնք նաեւ մեր հավաքական հիշողության մաս կկազմեն։ Ինչպես պատմության համար Պարոնյանը խնդալով կըսե (բայց ճիշտ է) «Ետեւդ նայե, որ առջեւդ տեսնես», նույնը կրնանք ըսել նաեւ արխիվներուն համար, որոնք պատմական նյութեր են եւ մեր անցյալը կլուսավորեն, թե ինչ ձեւով եղած է այդ երթը։ Կրնան նաեւ գալիքի համար մեզի ուղղություն տալ, բարոյական իմաստով կրնանք մեր սխալները տեսնել։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ