«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2002-11-13 | #208, 2002-11-14 | #209, 2002-11-15


«16»-Ի ԴԱՇԻՆՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՄԻԱՍՆԱԿԱՆ» ԹԵԿՆԱԾՈՒՆ

Երեկ առաջադրվեց 2003 թ.-ի նախագահական ընտրությունների հերթական թեկնածուն։ ԱԺՄ 14-րդ համագումարը միայն մեկ «ձեռնպահ» եւ առանց որեւէ «դեմ» ձայնի քվեարկեց հօգուտ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանի։

Ողջույնի ելույթում պրն Մանուկյանը թերեւս ներկայացրեց երկրի հետագա կուրսի իր պատկերացումը։ Նախագահի այս թեկնածուն հերթական անգամ հայտարարեց, թե «գլոբալացումը մեզ համար գտնված ուղղություն է»։ Ըստ Վ. Մանուկյանի, մենք պիտի ունենանք ազգային դպրոց եւ առհասարակ կրթություն եւ, դրանով ապահովագրված, մտնենք ամենուր։ «Այս մոլորակում երբեք այսքան լավ պայմաններ չեն ստեղծվել Հայաստանի համար, ինչպես այսօր»։ Այնպես որ, մենք պիտի միանանք մեծ Եվրոպային, քանզի նաեւ ավանդաբար մենք եվրոպացիներ ենք։

«Ասվում է, թե պիտի գնանք դեպի Ռուսաստան, բայց այն Ռուսաստանը, որ պատկերացնում ենք, այլեւս չկա։ Այսօր Ելցինի ու Պուտինի Ռուսաստանն է առկա, որը եւս շարժվում է դեպի Եվրոպա։ Եվ մենք միասին պիտի գնանք այդ ուղղությամբ»։ Իսկ սա, ըստ Վ. Մանուկյանի, նախ եւ առաջ նշանակում է, թե մենք չպիտի թագավոր ունենանք ու պիտի կառուցվածքային փոփոխությունների դիմենք։

ԼՂ խնդրի առումով Վ. Մանուկյանը հայտարարեց, թե չի պատկերացնում հակամարտության կարգավորումը Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂ-ի բանակցությունների միջոցով։ Պրն Մանուկյանի համոզմամբ, դա շատ ավելի մեծ ֆորմատ է պահանջում։ ԱԺՄ նախագահը թվարկեց արեւմտյան երկրները, արաբական աշխարհը եւ առհասարակ մոլորակի բոլոր պետությունները։

Սփյուռք-Հայաստան համագործակցությունը եւս պրն Մանուկյանը որակեց ոչ բարվոք։ Ըստ նրա, մեր հարաբերություններում սեպ է խրված, մենք սփյուռքին չենք վստահում, նաՙ մեզ։ Բայց եթե հասարակությունն ու քաղաքական ուժերը միավորվեն, հնարավոր կլինի հաղթել «զոռբա» այդ խմբին, որ ամեն ինչ երկրում վերցրել է իր ձեռքը։ «Մի՞թե կարող ենք պարտվել։ ԼՂ պատերազմում մենք հաղթել ենք մեզանից ուժեղ թշնամու»։ Սա արդեն նախընտրական ելույթից։

Համագումարի հրավիրյալ քաղաքական գործիչներըՙ Ստեփան Դեմիրճյանը, Պարույր Հայրիկյանը, Ալբերտ Բազեյանը, Արամ Սարգսյանը, մայր կուսակցությունիցՙ ԱԺՄ-ից հեռացած Արշակ Սադոյանը եւ ուրիշներ միաբերան կարեւորեցին ԱԺՄ դերը մեր նորանկախ պետության կայացման գործում։ Նրանք միաբերան էին նաեւ գործող ռեժիմի փոփոխման անխուսափելիության մասին խոսելիս։ Եվ, որքան էլ տարօրինակ է, բոլորը խոսում էին քաղաքական դաշտի համախմբման, միասնական պայքարի անհրաժեշտության, «16»-ի դաշինքի մասին։ Տարօրինակ է, քանզի դա չի խանգարում մերՙ իրենց ընդդիմություն հայտարարած կուսակցական առաջնորդներին մեկիկ-մեկիկ հայտարարել իրենց թեկնածությունները մոտական ընտրություններին։

Ինչեւէ, Վազգեն Մանուկյանը հաղթանակի հանդեպ վստահություն առաջացնելու համար հիշեց 1996 թ.-ի նախագահական ընտրությունները։ «Միասնաբար գնացինք եւ հաղթեցինք, եւ երկու տարում ողջ իշխանական համակարգը քայքայվեց»։ Այնպես որ, հառաջ դեպի նախագահական ընտրություններՙ միասնական առանձին-առանձին թեկնածուներով։

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4