Հոկտեմբերի 12-ին Ֆրեզնոյում (ԱՄՆ), 87 տարեկանում վախճանվել է Արաքսի եւ Դանիել Վարուժանների որդի Հայկ Վարուժանը, հաղորդում է ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի պաշտոնաթերթ «Նոր օր» շաբաթաթերթը։
Ծնվել էր 1915 թ. օգոստոսի 12-ին հորՙ Դանիել Վարուժանի սպանության օրը։ Հանճարեղ գրողի կինն ու զավակներն ապաստան են գտել Շվեյցարիայում, որտեղ Հայկն ու եղբայրներն ուսում են ստացել մինչեւ ընտանիքի Մ. Նահանգներում հաստատվելըՙ 1928 թ.։
Երկրորդ աշխարհամարտի օրերին Հայկը ծառայել է ամերիկյան բանակում, այնուհետեւ ամուսնացել եւ կնոջՙ Ալիսի հետ փոխադրվել Ֆրեզնո, որտեղ աշխատել է որպես փորագրիչ տպագրական մի շարք ընկերություններում, որոնց թվում «Ֆրեզնո Բի» օրաթերթում մինչեւ թոշակի անցնելըՙ 1985-ին։ Այդ թվականին էլ ԹՄՄ Լոս Անջելեսի վարչության հրավերով իր տիկնոջ հետ ներկա է լինում Ցեղասպանության 70-ամյակի շրջանակներում կազմակերպված գրական մի ձեռնարկիՙ նվիրված հորըՙ անմահ բանաստեղծի հիշատակին։
Վարդանանց ասպետների անդամ Հայկ Վարուժանի հուղարկավորությունը տեղի է ունեցել Ֆրեզնոյի Սուրբ Պողոս հայկական եկեղեցում։ Հանգուցյալի ընտանիքից վերապրող անդամներն են քույրըՙ Վերոնա Սաֆրաստյանը, երկու զավակներըՙ Դանիել Բ-ն եւ Վարդանը։ Կինըՙ Ալիսը, մահացել էր մի քանի տարի առաջ։