ՀԲԸՄ-ՀԵԸ-ի Սան Ֆերնանդո Հովտի մասնաճյուղի կազմակերպությամբ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի Աղաջանյան սրահում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել հանդիսությունՙ նվիրված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի 1000-ամյակին, հաղորդում է «Նոր օր» շաբաթաթերթը։ Ներկա են եղել Հայաստանի հյուպատոսի ներկայացուցիչը, մտավորականներ, հայագիտական ամբիոնների վարիչներ եւ աշակերտներ։ Հանդիսավար պրն Վաչե Մանկրյանն իր բացման խոսքում շեշտել է Գրիգոր Նարեկացու հոգեւոր ու մտային փարոս լինելու հանգամանքը, իսկ օրվա բանախոսուհի, դոկտ. Սրբուհի Հայրապետյանը խիստ մատչելի եւ հետաքրքիր ձեւով ներկայացրել է նարեկագրին, մարդուն, հոգեւորականին եւ սուրբին։ «Հոգեշահ աղոթքների մատյանն» ունի 95 գլուխ։ Շուրջ 200 ընդօրինակություն է հասել մեզ, որոնցից ամենահինը 1173 թ.-ի ձեռագիր մի մատյան է, որն արժանացել է վաթսունից ավելի տպագրության։ Առաջինը լույս է տեսել 1673 թ.-ին։ «Նարեկը» թարգմանված է տարբեր լեզուներով, այդ թվումՙ անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, ռումիներեն եւ բուլղարերեն», ասել է նա, ավելացնելով, որ դյուրին չէ վերլուծել մի գործ, որ չունի հերոսներ։ «Պետք է կարդալ ու զգալ Նարեկացուն, որն անհատականությունների խտացում է»։
Տեղի է ունեցել նաեւ գեղարվեստական ծրագիր, որի ընթացքում Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի 8-րդ դասարանի աշակերտուհի Լիզա Թորոսյանն արտասանել է «Մեղեդի Աստվածածնին», Սան Ֆրանցիսկոյի ԹՄՄ մասնաճյուղի նախկին ատենապետուհի Մարգո Քուփելյանն ընթերցել է «Նարեկի» 12-րդ եւ 80-րդ հատվածները, իսկ երգչուհի եւ խմբավար Ալենուշ Եղնազարն իր հմայիչ ձայնով մեներգել է «Հավուն-Հավունն» ու «Ահեղ ձայնը»։
Հ. Ծ.