«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2002-11-13 | #208, 2002-11-14 | #209, 2002-11-15


ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՐԱՐԱՏԸ ԵՎ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՐԵՄԼԸ»

Էթնիկական թեման հյուրանոցային գործում

Հինգ աստղանի հյուրանոցները մեծ մասամբ նման են իրար. մոտավորապես նույն բարձր գներն են, ճկված ոտքերով իտալական կահույքը, թանկարժեք սանտեխնիկան եւ բարեկիրթ անձնակազմը։ Այցելուները հաճախ դժվարանում են ընտրություն կատարել նման հյուրանոցների միջեւ։ Աչքի ընկնելու եւ հյուրերին գրավելու նպատակով հյուրանոցատերերը երբեմն դիմում են ներկայումս մոդայիկ դարձած էթնիկական թեմային։

Մոսկվայի կենտրոնում վերջերս բացված «Արարատ պարկ Հայաթ Մոսկվա» հյուրանոցի մասին «Ազգը» ժամանակին գրել է։ Հինգ աստղանի այդ հյուրանոցին անդրադարձել են նաեւ մոսկովյան թերթերը։ «Նեզավիսիմայա գազետան», օրինակ, նշում է, որ «Hyatt International» ցանցին պատկանող «Արարատ պարկ Հայաթ Մոսկվան» կառուցված է ըստ հայկական թեմաների։ Առասպելական «Արարատ» ռեստորանի տեղում «Լուսինե» հայկական կոնցեռնի ուժերով շքեղ հյուրանոց կառուցվեց։ «Լուսինեն» Մոսկվայում հայտնի է մասնավորապես նրանով, որ զբաղվել է Տրետյակովյան պատկերասրահի եւ Մուսին¬Պուշկինի առանձնատան նորոգման աշխատանքներով։

11 հարկանի «Արարատ պարկ Հայաթ Մոսկվան» կառուցված է նեոկլասիցիզմի ոճով։ Ներսը զարդարված է հայ նկարիչների գործերով եւ Արարատ լեռան ու Նոյյան տապանի պատկառազդու քանդակով։ Հայկական խոհանոցից բացի կա սուշի-բար։

Իսկ Թուրքիայում ռուսաստանցի բազմահազար զբոսաշրջիկների ներկայությունը «World of Wonders» հյուրանոցային ցանցի տերերին հուշեց նոր հյուրանոց կառուցել «ռուսական» ոճով։ Թուրքերը մտադիր են «WOW Kremlin Palace» նոր, շքեղ հյուրանոցի կառուցման ընթացքում հիմք ընդունել մոսկովյան Կրեմլի ճարտարապետական հորինվածքը։ Ապագա հյուրանոցը կոչված է ռուսաստանցիներին հրապուրելու նրանով, որ կունենա Կրեմլի աշտարակների, տաճարների, պալատների եւ նույնիսկ մերձակա Կարմիր հրապարակի նմանակները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4