«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2002-11-13 | #208, 2002-11-14 | #209, 2002-11-15


ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՉՆՉԻՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Հունվարի 1-ից կենսաթոշակների նոր, ոչ մեծ բարձրացում տեղի կունենա։ Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար 80 դրամ հավելումը կդառնա 100 դրամ, երեկ տեղեկացրեց կենսաթոշակային հիմնադրամի տնօրեն Ֆրունզե Մուշեղյանը։ Այդ մասին երեկ որոշում է ընդունել կառավարությունը։ Այս հավելման մասին, դեռեւս 2003 թ.-ի բյուջեն առաջին անգամ ներկայացնելիս, հայտարարել էր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը։ Վերստին հիշեցնենք, որ եթե այս հավելմամբ միջին կենսաթոշակը կավելանա 660¬700 դրամով, ապա պետական բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների վարձատրությունը նախատեսվում է ավելացնել մի քանի հարյուր հազար դրամով։

Այդուհանդերձ, Ֆրունզե Մուշեղյանը հպարտորեն ընդգծեց, որ անցյալ տարվա համեմատ կենսաթոշակները կավելանան 50 տոկոսով։ Այսինքնՙ 4400 դրամ միջին թոշակը կդառնա 6700 դրամ։ Դարձյալ նշվեց, որ ընթացիկ տարում կենսաթոշակները վճարվում են ժամանակին եւ պարտքեր չեն կուտակվում։ Պարտքեր, այսինքնՙ ապառքներ չեն կուտակում նաեւ հարկատուները։ Հիմնադրամի տնօրենի հավաստմամբ, նախկինում խոշոր պարտքեր ունեցող Ալավերդու «Մանես եւ Վալեքսը», «Կանազը» հիմնականում մարել են դրանք։ «Նաիրիտի» հետ պայմանագիր է կնքվել դրանց մարման ժամանակացույցի վերաբերյալ։

Պատասխանելով լրագրողների հարցերից մեկին, Ֆրունզե Մուշեղյանը ներկայացրեց Վրաստանում եւ Ադրբեջանում կենսաթոշակների շուրջ ստեղծված վիճակը։ Համաձայն նրա հաղորդման, Վրաստանում վիճակը վատ է։ Միջին թոշակի չափը մոտ 6 դոլար է, կուտակված է 50 մլն դոլարի պարտք։ Վրաստանի կառավարությունը որոշել է պարտքը մարել 3 տարվա ընթացքում։ Ադրբեջանում, ընդհակառակը, պատկերն ավելի լավ է։ Այստեղ միջին թոշակի չափը մոտ 18 դոլար է։ Հիմնադրամի տնօրենը հայտնեց նաեւ, որ Մերձբալթիկայում միջին թոշակը 100 դոլար է, սակայն սոցվճարների ամենաբարձր չափն է այստեղՙ 36 տոկոս։ Հայաստանում այդ վճարների չափն ամենացածրն է ԱՊՀ-ումՙ 23,2 տոկոս։

Եվս մեկ կարեւոր հարցիՙ ընտանեկան նպաստների վրա թոշակների բարձրացման ազդեցության վերաբերյալ Ֆրունզե Մուշեղյանը հույս հայտնեց, որ որեւէ ազդեցություն դա չի ունենա եւ ավելացրեց, որ նախորդՙ հոկտեմբերի 1-ի բարձրացումն ազդեցություն չի գործել։ Հիշեցնենք, որ նմանատիպ մի բարձրացումից հետո որոշ ընտանիքներ մի քանի հարյուր դրամի հավելման պատճառով զրկվեցին մի քանի հազար դրամ կազմող նպաստներից։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4