Լրագրող Քեն Սթիըրը «Eurasia.net» ինտերնետային սայթում գրում է, որ մոտակա օրերին «Կովկասյան ավիաուղիներ» ընկերությունը կիրականացնի Թբիլիսի-Երեւան, Թբիլիսի-Բաքու եւ Թբիլիսի-Բաթում օդային թռիչքներ։ «Կովկասյան ավիաուղիները», որը հիմնվել է ամերիկյան ներդրողների մասնակցությամբ, նշված ուղղություններով չվերթները կկազմակերպի 30 տեղանոց շարժանիվապտուտակային «Էմբրաեր» բրազիլական արտադրության ուղղաթիռներով։
Նորաստեղծ ավիաուղիներին վարկավորել են ամերիկյան մասնավոր արտաքին ներդրումների կորպորացիանՙ 5 մլն դոլար եւ Պենտագոնին կից գործող «Լոքհիդ Մարտին» կորպորացիանՙ 1 մլն։ Նախագծի հեղինակ եւ մենեջեր Ռոբերտ Քրիստիանը վստահ է, որ իր նախաձեռնությունը հաջողություն կունենա մի քանի պատճառներով։ Նախ, նշված երեք ուղղություններով թռիչքներ չեն իրականացվում արդեն մի քանի տարի, երկրորդՙ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարության ընթացքում ուղեւորների պակաս չի զգացվի եւ երրորդՙ Հարավային Կովկասում աշխատող միջազգային բարեգործական ընկերությունների, տարբեր միջազգային կազմակերպությունների, դեսպանատների աշխատողները, գործարարները Թբիլիսիից Բաքու հասնելու համար այլեւս չեն վատնի 6¬8 ժամ։ Քրիստիանի ասելովՙ էներգետիկ ոլորտում աշխատող ընկերություններն արդեն իսկ պատվիրել են 25-ական տոմսեր առաջին չվերթների համար, ինչը երաշխավորում է առաջին իսկ օրերին ֆինանսական հաջողությունը։
Թբիլիսի-Բաթում չվերթի մեկ ուղղությունը կարժենա 95 դոլար, Թբիլիսի-Երեւանըՙ 130, Թբիլիսի-Բաքունՙ 190։ Հարկ եղած դեպքում «Կովկասյան ավիաուղիները» կիրականացնի նաեւ չարտերային թռիչքներ։ Սկզբնական շրջանում նախատեսվում է շաբաթական հինգ չվերթ Թբիլիսիից-Երեւան, 3-ըՙ Բաքու։
«Ազգի» կողմից հավելենք, որ մի քանի տարի առաջ «Հայկական ավիաուղիները» ստիպված եղավ չվացուցակից հանել Երեւան-Թբիլիսի չվերթը, քանի որ ֆինանսապես չէր արդարացնում իրեն։ Ընդ որում, մեկ ուղղությամբ տոմսի արժեքն ընդամենը 50 դոլար էր։ Հաշվի առնելով այս հանգամանքը, կարելի է ասել, որ Երեւան-Թբիլիսի նոր չվերթը շարքային քաղաքացու համար չէ։