«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2002-11-13 | #208, 2002-11-14 | #209, 2002-11-15


ԲԱԶՄԱԹԻՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Դեղագործական շուկայում տիրող իրավիճակն է քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են Հանրապետության գլխավոր դատախազը, առողջապահության նախարարը, հարկային պետական ծառայության պետը, մաքսային պետական կոմիտեի նախագահը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները։

Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է կատարել Երեւան քաղաքում դեղերի վաճառքի, դեղատնային գործունեության, դեղերի որակի նկատմամբ հսկողության իրականացման գործընթացի վերաբերյալ։ Ներկայացնելով ուսումնասիրության արդյունքը, Վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանն ասել է, որ արձանագրվել են բազմաթիվ թերություններ եւ բացթողումներ։ Դեղատներում հայտնաբերվել է անորակ, ժամկետանց դեղորայք, ոչ պատշաճ հսկողության հետեւանքով մեծ է ստվերային շրջանառությունը։

Նշելով տրվող լիցենզիաների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը միաժամանակ համապատասխան մարմիններին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել լիցենզիա տրամադրելու կարգի խստացման եւ լիցենզիայի գործունեության կասեցման, ինչպես նաեւ օրենսդրական դաշտի կարգավորման վերաբերյալ։ Ռոբերտ Քոչարյանը Վերահսկողական ծառայությանը հանձնարարել է պարբերաբար կատարել շուկայի մոնիտորինգ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4