«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2002-11-13 | #208, 2002-11-14 | #209, 2002-11-15


ՉՈՐՍ ԼԵԶՎՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐՔՈՒՅԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

«Ղարաբաղյան հակամարտության շրջանակում հայ-ադրբեջանական բանակցությունների մոդելի մշակում» գրքույկի շնորհանդեսը կայացավ ժուռնալիստների տանը, մասնակցում էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմոթի Ջոնսը, դեսպանության միջազգային բաժնի ներկայացուցիչը, ՀՀ արտգործնախարարի մամլո խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը եւ աշխատանքային խումբը։ Գրքույկը ֆինանսավորել են միաժամանակ Հայաստանում եւ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատները։ Նման գրքույկ ստեղծելու նպատակըՙ խրախուսել երկխոսությունը երկու ժողովուրդների միջեւ, ձգտելով հնարավորինս մեղմացնել փոխադարձաբար գերիշխող «թշնամու կերպարը» եւ դրա շնորհիվ նպաստել հաշտեցման ու փոխադարձ զիջումների տրամադրություններին երկու երկրների հասարակական կարծիքներում։ «Հետազոտական աշխատանքները կատարվում էին միաժամանակ երկու աշխատանքային խմբերում», ասաց «Նոյյան տապան» գործակալության վերլուծաբան, հայկական խմբի անդամ Հարություն Խաչատրյանը եւ նշեց, որ առաջին հանձնարարականն էՙ ստեղծել համակցված web. սայթՙ հայ-ադրբեջանական երկխոսության համար։ Յուրաքանչյուր սայթում այս պահին տեղադրված են երկուական նյութեր։ Առաջինը հակամարտող կողմերի պատկերացումներն են ղարաբաղյան հակամարտության նախապատմության սկզբնապատճառների եւ ընթացքի մասին։ Երկրորդ զույգ նյութերըՙ երկու աշխատանքային խմբերի պատկերացումներն են, թե ինչպես կարող են Հայաստանն ու Ադրբեջանը համագործակցել, հիմնականում տնտեսական ոլորտում, ընդ որում հենց հիմա, մինչեւ հակամարտության քաղաքական կարգավորման հասնելը։

Գրքույկում երկու խմբերի ղեկավարները փորձել են վերլուծել, թե կարգավորման ինչ մոդելներ են առաջարկվել ղարաբաղյան հակամարտության համար (ընդամենը ստացվել է 13 տարբերակ), ինչպես նաեւ դրանց հասնելու մեթոդները։

Դեսպան Թիմոթի Ջոնսը, ողջունելով աշխատանքային խմբերին, նշեց. «Ցանկանանք, որ երկու կողմերը սեփական եզրակացություն ունենան կոնֆլիկտի վերաբերյալ։ Մենք թեպետ ունենք կոնֆլիկտի կանխման միջազգային փորձ, սակայն ինչպես լուծելՙ դեռ չունենք բանաձեւը։ Սակայն նշեմ, որ ուժի միջոցով չէ, որ կարելի է հաջողության հասնել։ Երբ կոնֆլիկտի լուծումը գտնվի, հայն ու ադրբեջանցին շարունակելու են ապրել կողք-կողքի որպես հարեւան, եւ լուծումը պետք է ընդունելի լինի երկու կողմերին։ Հենց այդ պատճառով որոշեցինք հրատարակել երկու կողմի կարծիքները»։ Ձյունիկ Աղաջանյանն էլ շնորհավորելով նշեց. «Կարծում եմ, այն նպատակները, որ դրված են եղել ի սկզբանե, հաջողվել են, ու խիստ գնահատելի է երկու երկրների միջեւ խիստ սրված իրավիճակը ներկայացնել ու հնարավորություններ տալ հարթելու։ Լուծումը պետք է հիմնավորված լինի ժողովրդի քվեի վրա», ասաց արտգործնախարարի խոսնակը։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4