ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Նախ եւ առաջ կուզեի անդրադառնալ ոչ վաղ անցյալին։ 1977 թվականն էր։ Ղարաբաղ էին եկել արտասահմանցի երկու լրագրողներ, որոնք պատրաստում էին հարցազրույց կուսակցության մարզկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Կեւորկովի հետ։ Շուտով նյութը լույս տեսավ միջազգային կոմկուսների մեջ հայտնի «Պրոբլեմի միրա ի սոցիալիզմա» տեսական հանդեսում։ Իր հարցազրույցում Կեւորկովն ի հաճույս իր բաքվեցի տերերի ճամարտակում էր, թե Ղարաբաղի հայերն իբր կամովին են մտել Ադրբեջանի կազմի մեջ, քանի որ Արցախը Հայաստանից բաժանված է բարձր լեռներով։ Այնտեղ հիմարությունները շատ էին, բայց հիմա խոսքն ուրիշ բանի մասին է։ Մենք անմիջապես օգտագործեցինք այդ սադրիչ հրապարակումը. պատրաստեցինք նամակ (բաց նամակի ժանրն այն ժամանակ մեր թերեւս միակ զենքն էր) եւ ուղարկեցինք Բրեժնեւին։ Նամակը ստորագրեց Սերո Խանզադյանը։ Ծավալը 4 էջ էր։ Ապա գրվեց նամակին կից մեկնաբանությունՙ նույնպես 4 էջանոց։ Երկու նյութն էլ հանձնեցինք լիբանանահայ բանաստեղծ Վահե Վահյանին, որը դրանք հասցրեց Բեյրութ։
Շուտով Խանզադյանի նամակը մեկնաբանության հետ հրապարակվեց «Զարթօնքում»։ Ապա, դարձյալ Բեյրութում, վերատպվեց դաշնակցական «Ազդակ», հնչակյան «Արարատ» թերթերում, հետո նաեւ ամբողջ սփյուռքում։ Կես տարի «Ամերիկայի ձայնը» Հայկ Մամիկոնյանի շուրթերով հաղորդում էր ամբողջ սփյուռքի արձագանքները Խանզադյանի նամակի առթիվ։
Եվ տեւական ընդմիջումից հետո գուցե առաջին անգամ մի ամբողջ սերունդ գիտակցեց Ղարաբաղի պատմական գոյությունը եւ այն, որ «երկաթյա վարագույրից» անդին ոմանք համարձակվում են բարձրացնել տվյալ հարցը։
1985 թ. Լուիզ Մանուկյան-Սիմոնն ինձ համար կազմակերպեց ուղեւորություն Ամերիկա, որտեղ ես գիրք էի գրում Կանադայի եւ ԱՄՆ-ի հայ գաղթօջախների մասին։ Գիրքն անվանեցի «Ճանապարհ»։ Այնպես պատահեց, որ գրքիս հերոսները ռամկավարներ էին։ Այդ բարեկամության շնորհիվ 1988 թ. սկզբինՙ ղարաբաղյան շարժման ծավալումից մեկ ամիս առաջ, ես ԱՄՆ մեկնեցի Շարժման էությունն ու իմաստը քարոզելու, եւ Ղարաբաղին վերաբերող առաջին հրապարակումները հայտնվեցին ռամկավարական «Պայքար» եւ «Միրոր սփեքթեյթր» պարբերականներում։ Սփյուռքի ավանդական կուսակցություններից մեկը մյուսին բնավ չհակադրելով հանդերձ կուզեի այստեղՙ ռամկավարների կազմակերպած «կլոր սեղանի» մոտ ասել, որ ոչ միայն նրանք, այլեւ ամբողջ սփյուռքը, հայկական բոլոր կուսակցությունները, քաղաքական եւ հասարակական բոլոր կազմակերպություններն անմիջապես միացան շարժմանըՙ գիտակցելով դրա ողջ կարեւորությունը համայն հայության ճակատագրի համար։
Այդ միավորման, այդ համընդհանուր օգնության արդյունքներն առկա են։ Ունենք Շուշի, որ համարվում է ավելին, քան հաղթանակը։ Ունենք ազատագրված տարածքներ, որոնք մեզ համար ոչ թե սոսկ հող են, այլ հայրենիք։ Բացի դրանից, միասին այդ շրջաններն անվտանգության իրական գոտի են ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար։ Մեր հայրենակիցների օգնությամբ մենք վերականգնում ենք կենսապահովման ավերված օբյեկտները եւ հատկապես ճանապարհները։ Հենց ճանապարհն է այսօր մեր գլխավոր թեման։ Երկու տարի առաջ կարծես թե հուժկու տեմպերով սկսեցինք կառուցել «Հյուսիս-հարավ» ճանապարհը։ Եվ հանկարծ կարծես սկսեցինք կորցնել տեմպը։ Այնպիսի տպավորություն կա, թե ամեն ինչ մնացել է հետեւում, թե սփյուռքն արել է իր գործը, իսկ հիմա կարելի է եւ զբաղվել ինչ-որ ուրիշ բանով։ Ինձ թվում էՙ հակառակն է։ Ամեն ինչ նոր-նոր է սկսվում։ Հայտնի է, որ խաղաղության պաշտպանությունն ավելի դժվար է, քան հաղթանակ տանելը։ Հայտնի է նաեւ, որ թուրքն ամեն պահի կարող է վերսկսել ռազմական գործողությունները, եթե տեսնի, որ մենք իրենից թույլ ենք։ Այնպես որ, հիմա տեմպերի դանդաղեցումը վտանգավոր է, ինչպես որ դա վտանգավոր է մենամարտող բռնցքամարտիկի համար։ Եվ քանի որ, ինչպես ասացի, ռամկավարները եղան ղարաբաղյան շարժման ակունքներում, ցանկալի է, որ նույն եռանդով շարունակեն իրենց փրկարար գործունեությունը։ Մենք պետք է հասկանանք, որ ոչ միայն ճանապարհ ենք կառուցում, այլեւ նոր ապրելակերպ, մտածելակերպ, նոր փիլիսոփայություն ենք ստեղծում։ Այդ ճանապարհի վրա զինվորներ կքայլեն, հարսանեկան երթեր կլինեն։ Այդ ճանապարհը մեզ համար ունի նաեւ վեկտորային իմաստ։ Նշանակում է, որ այն մեզ ոչ միայն տանում է հյուսիսից հարավ եւ հարավից հյուսիս, այլեւ պետք է տանի դեպի վերջնական հաղթանակ, դեպի արժանավոր ապագա։
Ծ. Խ. ¬ Ճառ արտասանված նոյեմբերի 12-ին ՀՌԱԿ-ի կազմակերպած կլոր սեղանին, որը նվիրված էր ղարաբաղյան հիմնահարցին։