«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2002-11-13 | #208, 2002-11-14 | #209, 2002-11-15


ԷՋԵՎԻԹԸ ԿԻՊՐՈՍԻ ՇՈՒՐՋ ԿՐՔԵՐ Է ԲՈՐԲՈՔՈՒՄ

Նրան ձայնակցում է Գյուրելը

«Ազգը» նախորդ համարում, անդրադառնալով Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի նոր բանաձեւին, կարծիք էր հայտնել, որ դրա արձագանքները Հունաստանում եւ Թուրքիայում դրական են, եւ առանձնակի ընդգծել էր թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի մոտեցման կարեւորությունը։ Ընդգծումը պատահական չէր, թերեւս պայմանավորված էր բանաձեւում սահմանների փոփոխության կետի առկայությամբ։ Դա ենթադրում է թուրքական հատվածի կրճատումը, իսկ այդ հատվածը 28 տարի շարունակ թուրքական զինված ուժերի վերահսկողության տակ է։

Գլխավոր շտաբը բանաձեւին դեռեւս որեւէ գնահատական չի տվել։ Չի բացառվում, որ նրա գնահատականը ոչ դրական լինի։ Համենայն դեպս, Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆ. Հասան Քյոնին թուրքական պետհեռուստատեսությամբ նշեց, որ բանաձեւը գլխավոր շտաբին հավանաբար չի գոհացնում։ Սա, իհարկե, չի նշանակում, թե բանաձեւը կմերժվի կամ մերժման պատասխանատվությունն իր վրա կվերցնի գլխավոր շտաբը։

Թեեւ վարչապետ Բյուլենթ Էջեւիթը եւ նրա կառավարության անդամները Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրություններից հետո նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերին հրաժարական են ներկայացրել, այսինքնՙ պատասխանատվության որեւէ խնդիր չունեն, բայց եւ այնպես բանաձեւի շուրջ ավելորդ կրքեր են բորբոքում։ Իսկ արտգործնախարար Շյուքրու Սինա Գյուրելը կրքեր բորբոքելիս միաժամանակ հարձակումներ է գործում ինչպես Ռեջեփ Թայիփ Էրդողանի, այնպես էլ նրա «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության վրա։

Ինչո՞ւ։ Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ նոյեմբերի 13-ին Էրդողանը մեկօրյա աշխատանքային այցով եղել է Հռոմում, որտեղ հանդիպել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին եւ խորհրդարանի նախագահ Կասսինիին։ Բեռլուսկոնին խոստացել է, որ Եվրամիությանն անդամակցության հարցում կաջակցի Թուրքիային։ Ըստ երեւույթին Բեռլուսկոնի-Էրդողան հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում։ Ավելինՙ Իտալիայի վարչապետը, նկատի ունենալով Էրդողանին, Հռոմում Թուրքիայի դեսպան Նեջաթի Ութքանին ասել է. «Ես այս մարդուն շատ սիրեցի»։

Հարցը սակայն Բեռլուսկոնին չէ, այլ հանդիպումների ավարտին Էրդողանի մամուլի ասուլիսը, որին թուրք եւ օտարերկրացի շուրջ 250 լրագրող է մասնակցել, եւ Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի նոր բանաձեւի առնչությամբ նրա խոսքերը։ Թուրքական պետհեռուստատեսության վկայությամբ Էրդողանն ասել է. «Սահմանների փոփոխությունը մեզ չի անհանգստացնում, միայն թե Ռաուֆ Դենքթաշը դա ընդունի»։

Մինչ Կիպրոսի թուրքական կողմի առաջնորդ Դենքթաշը, որը դեռեւս ապաքինվում է Մ. Նահանգներում, բանաձեւի մասին կարծիքի համար լրացուցիչ ժամանակ է խնդրում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանից, իսկ Անկարայի կուլիսներում սկսում են ենթադրություններ անել, թե այդ կարծիքը բացասական է լինելու, ահա Էջեւիթը վարչապետարանում արտգործնախարար Գյուրելի եւ նախարարության բարձրաստիճան բյուրոկրատների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրում։

Խորհրդակցությունից առաջ Էջեւիթը քննադատության է ենթարկում ՄԱԿ-ի վերոհիշյալ բանաձեւը, սխալ է համարում դրա ներկայացման ժամանակացույցըՙ պատճառաբանելով, թե «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» նախագահ Դենքթաշը հիվանդ է, իսկ Թուրքիայում ձեւավորված չլինելու պատճառով բացակայում է կառավարությունը, ապա անընդունելի է համարում ի վնաս թուրքական հատվածի տարածքային զիջումները։

Այդ ընթացքում Գյուրելը հայտարարում է, որ ՄԱԿ-ն այդ բանաձեւն իբր հույների հետ է մշակել, եւ սահմանների փոփոխության մասին վերոհիշյալ խոսքերի համար բուռն հակազդեցություն է ցուցաբերում ինչպես Էրդողանին, այնպես էլ նրա կուսակցությանը։

Նոյեմբերի 14-ի առավոտյան թուրքական պետհեռուստատեսության էկրանից պրոֆ. Հուսեին Բաղջին ՄԱԿ-ին հանիրավի մեղադրելու, առավել եւս միջազգային ամենահեղինակավոր կառույցի նկատմամբ ակնհայտ անվստահության համար քննադատեց Գյուրելին։ Այնուհետեւ նա ավելացրեց, որ բանաձեւը կարելի է բանակցությունների համար հիմք ընդունել, որովհետեւ դրանով Կիպրոսում թուրքերն այլեւս ազգային փոքրամասնություն չեն դիտվում, ինչը, ըստ Դենքթաշի, հակամարտության գլխավոր պատճառն է։

Ըստ երեւույթին, Էջեւիթն ու Գյուրելն էլ եվրոպական երկրներին դրական ազդանշաններ հաղորդող Էրդողանին եւ ՄԱԿ-ի նոր բանաձեւը քննադատելու պատճառներ պետք է ունենան։ Բանաձեւը Կիպրոսի հիմնահարցի կարգավորման նախադրյալներ է ստեղծում, իսկ Էրդողանն, այնուամենայնիվ, նպաստում է դրան։ Միչդեռ Թուրքիայում կան քաղաքական ուժեր, որոնք անցած 28 տարիների ընթացքում ամեն կերպ ձգտել են անլուծելի դարձնել այդ հակամարտությունը։

Հակամարտության անլուծելիությունն անխուսափելիորեն հանգեցնում է Կիպրոսի մասնատմանը։ Իսկ մասնատումը նախադրյալներ է ստեղծում, որպեսզի կղզու թուրքական հատվածը ժամանակի ընթացքում կցվի Թուրքիային։ Եթե հետահայաց անդրադառնանք կիպրական հիմնահարցի պատմությանը, ապա չենք դժվարանա կռահել, որ թուրքական իշխանությունների վերջնական նպատակը հենց Կիպրոսի մասնատումն է եղել։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4