«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2002-11-13 | #208, 2002-11-14 | #209, 2002-11-15


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՆ ՀԱՍԵԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԱՓԵՐԻ

Ադրբեջանից աշխատունակ բնակչության 30 տոկոսը վերջին տասը տարիներին լքել է հանրապետության տարածքը, իր երեկվա համարում գրում է Բաքվի «Էխո» թերթըՙ վկայակոչելով Խաղաղության, մշակույթի եւ ժողովրդավարության կենտրոնի ղեկավար Ռաուֆ Ռաջաբովի ուսումնասիրությունները։

Ըստ Բաքվից ստացվող տարբեր տեղեկությունների, Խորհրդային Ադրբեջանի 8 մլն բնակչությունից այսօր հանրապետությունում մնացել է 4,5-5 միլիոնը, որից 3-3,5 միլիոնըՙ մայրաքաղաք Բաքվում եւ արվարձաններումՙ Ապշերոնի թերակղզում։ Ռաուֆ Ռաջաբովի ասելով, ադրբեջանական աշխատուժը «ծառայում է» Ռուսաստանին, Ուկրաինային, Իրաքին, Թուրքիային, եվրոպական երկրներին։ Աննախադեպ չափերով հանրապետությունը լքում են ոչ ադրբեջանցիներըՙ ռուսները, հրեաները, ուկրաինացիները։ Տասը տարիների ընթացքում Ադրբեջանից արտագաղթել են 600 հազար այլազգիներ, չհաշված ավելի քան 400 հազարանոց հայությունը։ Ըստ Ռաջաբովի, այսօր Ադրբեջանում ոչ ադրբեջանցիների թիվը մոտ 800 հազար է, որն օր-օրի կրճատվում է։

Ճիշտ է, վերջին մի քանի տարիներին Ադրբեջանից հեռացողների թիվը փոքր-ինչ նվազել էՙ կապված Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի միգրացիոն օրենսդրության խստացման հետ, սակայն տարեկան 10 հազար աշխատունակ բնակչի արտագաղթը շարունակում է սպառնալիք լինել Ադրբեջանի ազգային անվտանգությանը։

Ռաուֆ Ռաջաբովը վտանգավոր է համարում նաեւ ներքին միգրացիան։ Այսպես, մայրաքաղաք Բաքվի 3,5 մլն բնակչությունից միայն 1,7 միլիոնն ունի գրանցում։ Ըստ սոցիոլոգիական ուսումնասիրությունների, Բաքվի աշխատանքի շուկայում (ղուլբազար) 90 տոկոսն Ադրբեջանի շրջաններից գաղթածներն են։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4