«Ուորլդ վիժըն» միջազգային կազմակերպության տնօրեն Դին Հերշինին օրերս շնորհվել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում։ Նման որոշում կայացվել է ի գնահատումն այն ծավալուն նպաստամատույց աշխատանքի, որ այս կազմակերպությունն ու նրա ղեկավարը վերջին տարիներին իրականացնում են աղետի գոտում եւ մասնավորապես Գյումրի քաղաքում։ Դա ե՛ւ մանկական հանգստի ճամբարների բացումն է ու հարյուրավոր անապահով ընտանիքներին ջեռուցման նպատակով էլեկտրաէներգիայի անվճար կտրոնների, սննդի ու հանգստի տրամադրումը, ե՛ւ աջակցությունը դպրոցներին, նախակրթարաններին ու բուժհիմնարկներին, ե՛ւ իրականացվող բնապահպանական, բարեկարգման ու նման այլ ծրագրերը, որոնք օգնում են քաղաքում առկա սոցիալական լարվածության մեղմացմանը։ «Ուորլդ վիժընն» աշխատում է հատկապես հետերկրաշարժյան ծնունդ «Անի», «Մուշ» եւ այլ թաղամասերում, որտեղ օգնության կարիք ունեցող մարդկանց թիվն ամենից մեծ է։
Նաեւ լրացուցիչ ընտրություններ
Շիրակի մարզի համայնքապետների 80 տոկոսը ՏԻՄ ընտրությունների արդյունքներով վերընտրվել է պաշտոններում։ Անցած կիրակի մարզի 40 համայնքներում կայացան նոր եւ լրացուցիչ ընտրություններ (1 համայնքապետի ու 39 ավագանու)։ Բաշգյուղի համայնքում թեկնածուների հավասար թվով ձայներ ստանալու պատճառով համայնքապետի հարցը կորոշվի վիճակահանությամբ։ Մեծ Սեպասարում համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրվել, իսկ Գուսաննա գյուղում նախկինում անվավեր ճանաչված ընտրությունները կկայանան նոյեմբերի 17-ին։ Ըստ ընտրատարածքային հանձնաժողովների նախնական տվյալների, նոյեմբերի 10-ի լրացուցիչ ընտրություններն ընթացել են օրենքի սահմաններում, առանց լուրջ խախտումների ու միջադեպերի։
Գ. Մ.