«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2002-11-13 | #208, 2002-11-14 | #209, 2002-11-15


ԴԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ Է ԸՆԹԵՐՑՈՂԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ

Վերջերս մամուլի թեմայով սոցիոլոգիայի ինստիտուտի կատարած հարցման արդյունքները պարզել են, որ հարցվողների 27,1%-ը ընդհանրապես չի վստահում թերթերին, իսկ 13,8%-ը ներկայացվող թեմաները հետաքրքիր չի համարում եւ այդ պատճառով թերթ չի ընթերցում։ Եթե համադրենք այս երկու թվերը, կտեսնենք, որ մամուլը կորցրել է իր ընթերցողին հիմնականում չվստահելու եւ անհետաքրքրական լինելու պատճառով։ Նույն հարցումը ցույց է տվել, որ ընթերցողը չափազանց բարձր է գնահատում տեղեկատվության օբյեկտիվությունը, հավաստիությունը, տարբեր աղբյուրներից ձեռք բերված, ստուգված եւ համադրված տեղեկատվությունը։ Դրա կողքին շատ բարձր են գնահատում տեղեկատվության օպերատիվությունը։ Սրանք արդարացի եւ լուրջ պահանջներ են, սակայն չեն ապահովվում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։

Սուբյեկտիվն այն է, որ լրագրողների սերնդափոխություն է կատարվում, սակայն սկսնակներն իրավական բնագավառը լուսաբանելու փորձառություն եւ անհրաժեշտ ինֆորմացվածություն չունեն, հետեւաբար թեմայի լուսաբանումը պրոֆեսիոնալ չի կարող լինել։ Օբյեկտիվ պատճառները հանգում են տեղեկատվության անմատչելիությանը։ Դատական համակարգում լրագրողների ձեռք բերած ամենամեծ նվաճումը դատաքննություններին անարգել մասնակցությունն է, հատկապես երբ խոսքը վերաբերում է հասարակական հնչեղություն ունեցող դատավարությունների լուսաբանմանը։ Իրավական համակարգի լուսաբանում ասվածը հիմնականում հենց այդպես էլ ընկալվում է։ Եթե հարցումների ժամանակ դատավորին կամ լրագրողին հարցնում ենՙ համակարգի տեղեկատվությունը մատչելի՞ է, որպես կանոն պատասխանում ենՙ «այո, մեզ թույլատրում են լուսաբանել դատավարությունները»։ Այս հարցում, այլ երկրների համեմատությամբ, հայ լրագրողները նույնիսկ արտոնություններ ունեն. քրեական գործերով դատաքննությունների ժամանակ հիմնականում թույլատրվում է տեսագրել, լուսանկարել, ձայնագրել։

Վերը նշված հարցումը ցույց է տվել, որ ընթերցողն իրեն հետաքրքրող թեմաները դասակարգելիս առաջնային է համարել իրավական թեմաների լուսաբանումը։ Միաժամանակ, իրավական թեմաներ ասելով նկատի չունի միայն դատարանները։ Դատական համակարգը միայն դատարանները եւ դատաքննություններին մասնակցությունը չէ։ Համակարգ հասկացությունը ներառում է արդարադատության նախարարությունը, արդարադատության խորհուրդը, դատարանների նախագահների խորհուրդը, նաեւՙ փաստաբանական միությունները, որոնց գործունեության ամբողջությունն է պատկերացում տալիս դատական համակարգի մասին։

Սակայն նշված կառույցներից ոչ մեկը դեռեւս չի իրագործել «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջները։ Այսինքն, հանդես չի եկել մամուլի հաղորդագրություններով, հաշվետվություններով, մամուլի ասուլիսովՙ գնահատական տալու իր ղեկավարած օղակի գործունեությանը։ Թվում էր, Դատարանների նախագահների խորհրդի ինտերնետ էջի բացումը, որ տեղի ունեցավ սեպտեմբեր ամսին, զգալի օգնություն կլիներ այս հարցերի պատասխանը գտնելու համար, սակայն մինչ օրս ոչ ոքի չի հաջողվել կարդալ էջը։

Դատավորներն իրենք ասում են. «Ցավ ենք զգում, երբ ոչ ստույգ փաստեր են ներկայացնում, նախքան հրապարակելը պետք է ստուգել նյութերի հավաստիությունը»։ Համամիտ ենք նրանց հետ, սակայն միշտ չէ, որ մեզ հաջողվում է լիարժեք ճշտել տեղեկատվությունը։ Հարկադրված ընտրել ենք տեղեկատվություն ստանալու գրավոր տարբերակը, եւ մեր թղթապանակն օր-օրի հարստանում է զանազան գաղտնիքների անվան տակ ներկայացվող մերժումներով, ոչինչ չասող պատասխաններով կամ արհամարհանքով, ինչպիսին ընտրել էր Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Մարատ Կատվալյանը։ Նա չպատասխանեց մեր նամակին, որով խնդրում էինք ծանոթանալ արդեն ավարտված քաղաքացիական գործին։ Դատական տեղեկատվությունը միայն լրագրողներին չէ, որ անմատչելի է։ Հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ նույն խոչընդոտները կարող են առաջանալ նաեւ կողմերի, փաստաբանների համար։ Քաղաքացիները նման բովանդակությամբ բազմաթիվ բողոքներ են հղել արդարադատության նախարարին, դատախազությանը եւ այլն։

Լրատվամիջոցների նկատմամբ դատավորների վերաբերմունքն իր ձեւակերպումն է գտել Դատարանների նախագահների խորհրդի 2001 թ. դեկտեմբերի 27-ին ընդունած Դատավորի վարքագծի կանոնագրքում։ «Դատավորը պարտավոր է ըմբռնումով վերաբերվել դատարանի գործունեությունը լուսաբանող լրատվական միջոցներին, չխուսափել հասարակական վերահսկողությունից, եթե դրանցով չի հակասի արդարադատության շահերին, կասկած չի հարուցի դատարանի անկողմնակալության նկատմամբ»։

Այդ «եթե»-ն մեծ հնարավորություններ է տալիս այն դատավորներին, որոնք սեփական հայեցողությամբ են լուծում դատավարության փակ կամ բաց լինելը եւ լրագրողին պարտադրում են ենթարկվել փակ լինելու մասին ոչ թե դատարանի որոշմանը, այլՙ իրենց հայտարարությանը։ Ինչպես «Նոյյան տապանի» թղթակցի հետ վարվել է Կենտրոնի դատավոր Գայանե Կարախանյանը։ Լրագրողի ասելով, հայրենասիրական քարոզներ կարդալով դահլիճից դուրս է հրավիրելՙ արգելելով լուսաբանել սահմանախախտ քրդերի դատավարությունը։

Իրավական համակարգի մաս կազմող մեկ այլ օղակՙ Արդարադատության խորհուրդը (ԱԽ), տեղեկատվության փակ լինելն ամրագրել է իր կանոնակարգի 4-րդ կետով. «Խորհրդի նիստերը դռնփակ են, դռնբաց նիստ կարող է գումարվել խորհրդի որոշմամբ»։ Միաժամանակ, դատավորները դժգոհում են իրենց անպաշտպանվածությունից։ Պատճառն այն է, որ նրանց լիազորությունները դադարեցնելը խիստ գաղտնի է պահվում, չի նույնացվում բաց դատաքննության պահանջներին, որը նրանց նաեւ պաշտպանվելու հնարավորություն կտա։

Գնալով մեծանում է քաղաքացիների դժգոհությունը փաստաբանների գործունեությունից։ Դժգոհում են, որ նրանք, չպահպանելով մասնագիտական էթիկան, զանազան խաբեությունների են դիմում, սակայն միություններին ուղղված իրենց բողոքների ճակատագիրն անհայտ է։ Ավելին, փաստաբանական միությունները դեռեւս չեն հրապարակել փաստաբանների կարգապահական վարույթների արդյունքներըՙ այդ հարցում ձգտելով հետ չմնալ դատավորներից ու դատախազներից։

Մեր կարծիքով, լրագրողների ու դատավորների անխուսափելի դարձած առճակատման պատճառը դարձյալ տեղեկատվության անմատչելիությունն է։ Լրագրողների դեմ ներկայացված հայցերը հիմնականում պատվի եւ արժանապատվության հայցեր են։ Եթե վերլուծելու լինենք, էթիկայի խախտումների պատճառը ոչ այնքան լրագրողների չիմացությունն է, որքան տեղեկատվության պակասը։ Ստացվում է, որ լրագրողը պետք է ենթադրությունների կամ կիսատ-պռատ լսածի վրա հիմնվի, քանի որ մենք աշխատում ենք ընթերցողի համար, իսկ ընթերցողը մեզնից օպերատիվություն է պահանջում։

Եվս մեկ հետաքրքրական դիտարկում. «Խոսք եւ իրավունք» կազմակերպությունը անկախ մասնագետների միջոցով վերլուծության ենթարկեց անցնող տարիներում լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ ներկայացված պատվի եւ արժանապատվության հայցերի քննությունը։ Փորձագետների գնահատականներն ամփոփելով կարող ենք ասել, որ բավարարված հայցերի գրեթե կեսով դատարանը սահմանափակել է լրագրողների ազատ խոսքի, կարծիք հայտնելու իրավունքը։ Եվրոպական դատարանը լրագրողից չի պահանջում փաստերի հավաստիություն, նյութերը ավելի շատ պետք է հավասարակշռված լինեն։ «Դատարանները չեն կարող մամուլի փոխարեն որոշել, թե լրագրողներն ինչ եղանակով պետք է պատրաստեն իրենց նյութերը, որ դրանք մանրակրկիտ հետազոտման արդյունք լինեն եւ ցույց տան կատարված լրագրողական աշխատանքի լրջությունը», ասվում է Եվրադատարանի փաստաթղթերում։

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈԻԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4