ՀՀ նախագահի այցը Արագածոտնի, Լոռու եւ Շիրակի մարզեր
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ
Երեկ Հայաստանի Հանրապետության նախագահը աշխատանքային այցով եղավ Արագածոտնի, Լոռու եւ Շիրակի մարզերում։ Այցը կարեւորվում է նրանով, որ ձմեռնամուտի շեմին երկրի իշխանության առաջին դեմքը ցանկանում էր տեղում ծանոթանալ առայժմ դեռ վթարի գոտի համարվող տարածքի բնակավայրերում կատարվող աշխատանքներին։ Այցի ընթացքում ՀՀ նախագահին ուղեկցում էին կառավարության անդամներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներՙ Հ. Աբրահամյանը, Դ. Լոքյանը, Գ. Մարտիրոսյանը, Ա. Կիրակոսյանը, Պ. Սաֆարյանը։
Առաջին կանգառը Ապարանի ջրամբարի մոտակայքում էր։ Ջրամբարը, որի բացումը կատարվել է դեռեւս 1966 թ., տասնամյակներ շարունակ սատար է եղել Սեւանինՙ զգալիորեն պակասեցնելով Արարատյան դաշտին Սեւանից տարվող ջրի քանակը։ Սակայն տարիների ընթացքում զգալի հիմնահարցեր են առաջացել այստեղ, եւ ջրամբարի լիակատար արտադրողականության համար այսօր կապիտալ ներդրումներ են հարկավոր։ Ջրամբարի շահագործման հարցերով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյաները եւ մասնագետները նախագահին ներկայացրին իրական վիճակը։ ՀՀ նախագահը կարեւորեց ջրամբարի նորոգման կարեւորությունը։
Ապարանի քաղաքապետարանում հանրապետության նախագահը կառավարության անդամների, Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանի, տեղի ղեկավարների հետ քննարկեց մարզին, Ապարան քաղաքին եւ շրջակա բնակավայրերին հուզող շատ հարցեր։ Ինչպես «Ազգի» թղթակցին հաղորդեց Ապարանի քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը, ՀՀ նախագահը կոնկրետ հանձնարարականներ տվեց կառավարության անդամներին եւ մարզի ղեկավարներինՙ 2002¬2003 թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքներն ավարտելու եւ ձմեռն առավել տանելի պայմաններում անցկացնելու համար։
Նույն մարզի եզդիաբնակ Ռյա-Թազա գյուղում, որի 8-ամյա դպրոցի շինարարության աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, ՀՀ նախագահին դիմավորեցին ջերմորեն։ Գյուղի համայնքապետը, շինարարները հավաստիացրին, որ կարճ ժամանակում կավարտվեն նաեւ ներքին հարդարումները եւ 192 տեղանոց դպրոցում բոլոր պայմանները կստեղծվեն ուսումնական գործընթացը լավագույնս անցկացնելու համար։
Հաջորդՙ Գեղարոտ գյուղում նույնպես դպրոցի շենքի նորամուտ էր կապիտալ վերանորոգումից հետո։ 60 մլն դրամ արժողությամբ շինարարությունն իրականացվել է ՀՀ սոցհիմնադրամի միջոցներով։ ՀՀ նախագահը ողջունեց գյուղի ողջ հասարակությանը, հատկապես 12-ամյա Սյուզանին, որն իր բարակ մատներով միացրել է դպրոցի շինարարությունում օգտագործված ամրանները։
1988 թ. տարերային դաժան աղետի էպիկենտրոնըՙ Սպիտակ քաղաքը զգալիորեն վերականգնվել է։ Եվ պարզապես կույր պետք է լինել այստեղ կատարվող շինարարական հսկա աշխատանքները չնկատելու համար։ Ինչպես նշեց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, այսօր մարզում կառուցվում եւ վերականգնվում է 1100 բնակարան, որից 500-ըՙ Սպիտակում։ Երբեմնի ավերակների հետքերը վերանում են։ Մեր աչքի առաջ են բարետես, գեղեցիկ շինություններով, ճարտարապետական եւ ինժեներական ուրույն լուծումներով բնակելի շենքեր, դպրոցներ, վարչական եւ մշակութային օջախներ։ Հատկապես գեղեցկացել է քաղաքի կենտրոնը։
ՀՀ նախագահին, որը ներկա եղավ նոր բնակարանների բացման շնորհանդեսներին, ժողովուրդը դիմավորում էր ցնծությամբ։ Այս ամենը հասկանալու համար պետք է սպիտակցու 14-ամյա դժվար կյանքն ապրել (ոչ ոքի չենք ցանկանում, սպիտակցին էլ դա չի ցանկանում ոչ մեկի), որպեսզի աղետի գոտու հարցերով միշտ զբաղվող ՀՀ նախագահին ասված շնորհակալական խոսքերը հասկանալ ի սրտե։ Ավելորդ պաթետիկա չկար, գոռոզամիտ խոսքեր չէին հնչում։ Մարդիկ ի սրտե շնորհակալ էին այն մարդուն, որի ամենօրյա ուշադրության կենտրոնում է 14 տարի առաջ հիմնովին ավերված եւ այսօր գեղեցիկ քաղաքի վերածնված Սպիտակը։
¬ Մենք խոստանում ենք, որ «աղետի գոտի» հասկացողությունը կարճ ժամանակ անց կփոխարինվի «զարգացման գոտիով»,¬ դիմելով սպիտակցիներին ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը,¬ այսօր գոհունակության զգացում ունեմ, որովհետեւ տեսնում եմ մեր բոլորի աշխատանքի արդյունքը։
ՀՀ նախագահի այցն ավարտվեց Գյումրի քաղաքում, ուր նախագահը ներկա եղավ «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցվող չորս շենքերի բնակարանամուտի տոնակատարություններին։
¬ Սիրելի բարեկամներ,¬ ասաց Ռոբերտ Քոչարյանըՙ դիմելով գյումրեցիներին,¬ այսօր մենք շատ ուրախ ենք, որ մեր մեծ հայրենակից Քըրք Քըրքորյանի միջոցներով վեր են հառնել այս հիանալի շենքերը, ուրախ ենք, որովհետեւ այս մեծ մարդը հայրենասիրական խոսքեր չի հնչեցնում, այլ գործ է կատարում։
2001 թ. սեպտեմբերից Գյումրիում «Լինսի» հիմնադրամն իրականացնում է առաջին ծրագիրը, ըստ որի 16 շենք ամրացվելու է ու վերակառուցվելու, իսկ 50 բնակելի կառուցվելու էՙ սկսած հիմնաքարից։ Ընդհանուր թվով բնակիչներին է հանձնվելու 2744 բնակարան։ 14 շենք էլ կառուցվելու է պետբյուջեի հաշվին։ Դրանց բոլորի շինարարությունն ավարտվելու է 2004 թ.։
Այցի ավարտին հանրապետության զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար կազմակերպվեց ՀՀ նախագահի մամլո ասուլիսը, որի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ամփոփեց Գյումրու քաղաքապետարանում ՀՀ կառավարության անդամների, մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքները։
¬ «Լինսի» հիմնադրամի հետ մենք համագործակցության նոր ուղիներ ենք փնտրում,¬ ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։¬ Որոնում ենք նաեւ ներդրումների նոր ծրագրեր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել տնտեսական եւ սոցիալական բարեփոխումներ հատկապես այս տարածաշրջանում։ Ծրագրեր են մշակվում նաեւ անշարժ գույքի սերտիֆիկատների ավելացման համար։ Կարեւոր ուշադրություն է դարձվելու հողահատկացումներին։ Եթե 1999 թ. Գյումրիում հող է հատկացվել մոտ 55 մարդու, ապա այս տարի այն աճել է գրեթե քառակի չափով։
Մանրամասն վերլուծելով հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը, ՀՀ նախագահը հույս հայտնեց, որ մոտակա ժամանակներում կրկին բարեփոխումներ են նկատվելու հատկապես «զարգացման գոտում»։
ՀՀ նախագահի այցն ավարտվեց ուշ երեկոյան։