Օսկանյանն ակամա վերահաստատում է Հայաստանի դիրքորոշումը
Նոյեմբերի 14-ին «Ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում իսլամական ուժերի հաղթանակը» հարցին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատասխանել է, որ Անկարայում հնչող նախնական հայտարարությունները կարծես բավականին չափավոր են, բայց պետք է սպասել եւ տեսնել, թե որքանով են խոսքն ու գործը համընկնում։
Այնուհետեւ, ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», նախարարը մասնավորապես նշել է. «Թուրքիայում նոր կառավարության ձեւավորումից հետո միայն պարզ կդառնա Հայաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ նրա որդեգրած քաղաքականությունը։ Այսօր սպասողական վիճակում է նաեւ ամբողջ Եվրոպան, քանզի Թուրքիայում ստեղծվել է մի հետաքրքրական իրավիճակ, երբ երկիրը պետք է ղեկավարի մեկ կուսակցություն»։ Ապա նա ավելացրել է. «Անշուշտ, սա ունի իր դրական կողմերը, սակայն կարող է ունենալ նաեւ բացասական կողմեր»։
Մինչ այդ «Արմինֆոյին» համանման տեսակետ էր հայտնել ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը, ընդգծելով, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռ վաղ է մեկնաբանել։ Հիրավի, ընտրությունները տեղի ունեցան նոյեմբերի 3-ին, ըստ վերջնական արդյունքների հաղթեց իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունըՙ ստանալով Մեջլիսում պատգամավորական տեղերի շուրջ 2/3-ը։ Թեեւ դա նրան միանձնյա կառավարություն կազմելու հնարավորություն է տալիս, սակայն առ այսօր հայտնի չէ, թե այդ կառավարությունը որպես վարչապետ ո՞վ է գլխավորելու։ Ավելին, վարչապետի նշանակման հարցի շուրջ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի հետ բուռն բանավեճերի մեջ մտնող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական ազդանշաններ է հաղորդում եվրոպական երկրներին, իսկ վերջիններս դրականորեն արձագանքում են։ Սա, որպես միջազգային աջակցության դրսեւորում, ամրապնդում է Էրդողանի դիրքերը, այս պայմաններում վարչապետի հարցը հետզհետե սուր բույթ է ստանում Թուրքիայում։
Հիշեցման կարգով նշենք, որ Սահմանադրական դատարանն ընտրությունների նախօրյակին Էրդողանին զրկել էր պատգամավոր առաջադրվելու իրավունքից։ Այսպիսով նա ինքնաբերաբար զրկվել է նաեւ վարչապետ նշանակվելու իրավունքից։ Որքան էլ այլ թեկնածուների անուններ շոշափվեն, Էրդողանը որպես ընտրություններում հաղթող կուսակցության նախագահ համառորեն պնդում է, որ ընտրողներն իրենց կամքն արտահայտել են իր վարչապետության օգտին։
Եթե «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն իր շարքերից այլ թեկնածու առաջադրի, եւ նախագահ Սեզերը նրան հանձնարարի կառավարություն կազմելու աշխատանքները, միեւնույն է, նա վարչապետի պաշտոնում կմնան այնքան ժամանակ, որքան կպահանջի այդ պաշտոնին առաջադրվելու Էրդողանի առջեւ ծառացած սահմանադրական արգելքների հաղթահարումը։ Այլ կերպ, Թուրքիայի նոր վարչապետն այդ պաշտոնը ստանձնելու է ժամանակավորապես, ավելինՙ լինելով գործադիր իշխանությունների ղեկավարը, կամա թե ակամա ենթարկվելու է Էրդողանի կամքին։
Թերեւս Թուրքիայում կառավարություն կկազմավորվի, սակայն վարչապետի հարցը դեռ երկար կշարունակի զբաղեցնել երկրի օրակարգը։ Ընդ որում սա այն դեպքում, երբ թուրքական պետության առջեւ ծառացած Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի նոր բանաձեւի, դեկտեմբերի 12-ին Կոպենհագենում նախատեսվող Եվրամիության գագաթաժողովի, Իրաքի դեմ հնարավոր պատերազմի, ինչպես նաեւ Միջազգային արժութային հիմնադրամի հետ մոտալուտ բանակցությունների նման հարցերն ավելի քան լուրջ են։ Այսպիսի իրավիճակում սպասել, որ Թուրքիայի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կառավարությունը միջանկյալ վարչապետով, անկախ Էրդողանի չափավոր արտահայտություններից, առաջիկայում Հայաստանի նկատմամբ որեւէ դիրքորոշում արտահայտելու կամ երկրի հայկական քաղաքականությունը վերանայելու առիթ կունենա, իրատեսական չէ։
Ի դեպ, մինչ կառավարությունը նախ պետք է ձեւավորվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովըՙ Մեջլիսը։ Դրա 22-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստը հրավիրվեց նոյեմբերի 14-ին։ Պատգամավորների Թուրքիայի աշխարհիկ¬հանրապետական կարգերը պաշտպանելու երդումից հետո հնգօրյա ընդմիջում հայտարարվեց, որպեսզի գրանցվեն Մեջլիսի նախագահի թեկնածուները։ Դրանց մեջ դեռեւս բարձր է գնահատվում Մեջլիսի նախագահ ընտրվելու Սեզերի դասընկեր Վեջդի Գյոնուլի հնարավորությունը։
Համենայն դեպս, Մեջլիսի նախագահի ընտրությունից հետո ձեւավորվելու են հանձնաժողովները, իսկ դրանց հետեւելու են կառավարության կազմավորման աշխատանքները։ Հարկ է նշել, որ նորընտիր Մեջլիսն էլ պետք է հարցեր լուծի. կանոնակարգի փոփոխությունը, պատգամավորի էթիկայի մշակումը, նրա անձեռնմխելիության սահմանափակումը, ԵՄ-ի ներդաշնակության օրենքների կատարելագործումն ու գործող սահմանադրության որոշ հոդվածների վերանայումը։
Ուրեմն, հայ-թուրքական հարաբերությունների վրա Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում իսլամական ուժերի հաղթանակի հնարավոր ազդեցության մասին եզրակացությունները ներկա պահին այլ իմաստ չեն կարող ունենալ, քան դեռեւս չձեւավորված իշխանություններից ունեցած ակնկալիքներ։ Մինչդեռ հայկական իշխանությունները, այդ թվում արտգործնախարար Օսկանյանը, բազմիցս վճռականորեն հայտարարել են. «Հայաստանն առանց որեւէ նախապայմանի պատրաստ է տնտեսական, քաղաքական եւ դիվանագիտական համապարփակ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ»։ Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Վարդան Օսկանյանը եւ Ձյունիկ Աղաջանյանը, զերծ մնալով Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների մեկնաբանությունից, ոչ միայն տեսակետ են արտահայտել, թե դեռ վաղ է, այլեւ հերթական անգամ հաստատել են Հայաստանի վերոհիշյալ վճռականությունը։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ