«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2002-11-14 | #209, 2002-11-15 | #210, 2002-11-16


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Օր» թերթի նախորդ օրվա հրապարակմանը ընթերցողը տեղյակ է, այդ կապակցությամբ մեր երեկվա համարում արտահայտել ենք մեր վերաբերմունքը։ Երեկ Հայաստանի ժուռնալիստների միությունում տեղի ունեցավ հարցի քննարկումՙ մասնակցությամբ բազմաթիվ լրատվամիջոցների եւ լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների։ Քննարկման ավարտին ընդունվեց հետեւյալ հայտարարությունը, որը ստորագրեցին շուրջ 20 լրատվամիջոցներ եւ լրագրողական կազմակերպություններ, այդ թվումՙ «Ազգը»։ Ավելացնենք, որ լրագրողական երկու կազմակերպություններՙ Մամուլի ազգային ակումբն ու Հետաքննող լրագրողների ընկերակցությունը, որոնց անդամ է «Օր» թերթի խմբագիրը, վերջինիս վտարել են իրենց կազմակերպություններից

Նոյեմբերի 14-ին «Օր» թերթը հրապարակել էր լուսանկարներ եւ մի հոդված, ինչը բարոյականության բոլոր նորմերի ոտնահարում էր։

Մենքՙ լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ այս հրապարակմամբ այդ թերթն իրեն դուրս է դրել լրագրողական հանրությունից եւ այսուհետեւ մեզ համար իբրեւ լրատվամիջոց գոյություն չունի։ Մենք կոչ ենք անում բոլոր գործընկերներինՙ բոյկոտել այդ թերթի հետ որեւէ շփում կամ համագործակցություն, արժանապատիվ արհամարհանքով մերժել նրա գոյությունն իսկ։

Հայտարարում ենք, որ այսպիսի վերաբերմունքի կարժանանան այն լրատվամիջոցներն ու լրագրողները, որոնք նման հրապարակումներով կվարկաբեկեն մեր մասնագիտությունը։

Մենք կոչ ենք անում բոլոր կազմակերպություններինՙ մամուլի ասուլիսներին, բրիֆինգներին եւ տարբեր կարգի այլ միջոցառումներին չհրավիրել այդ թերթի ներկայացուցիչներինՙ դրսեւորելով նույն արհամարհանքը։

Մենք պահանջում ենք իրավապահներիցՙ ապահովել մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիությունը, քանզի այս հրապարակումը փաստում է, որ հանրապետության որեւէ բնակիչ չի կարող վստահ լինել, թե ինչ-որ անձինք չեն գաղտնալսում իրեն կամ գաղտնի նկարահանում իր անձնական կյանքը, ինչը ե՛ւ սահմանադրության, ե՛ւ միջազգայնորեն ընդունված նորմերի կոպիտ խախտում է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4