Այս տարի Կաննի միջազգային կինոփառատոնին մասնակցում էր նաեւ ֆրանսահայ ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ռոբեր Կետիկյանը։ 48-ամյա ռեժիսորի 11-րդ աշխատանքըՙ «Մարի Ժոն եւ նրա երկու սերը», Կաննի գլխավոր մրցութում «Ոսկե արմավենու ճյուղին» հավակնելուց հետո արդեն ցուցադրվել է մի շարք այլ փառատոներում, իսկ վերջերս տեղ էր գտել եւ ֆրանսիական կինոյի երեւանյան օրերի ծրագրում։ Փարիզում հրատարակվող «Նուվել դ՚Արմենի» հանդեսը տպագրել է Ավետիք Օլուհոջյանի հոդվածը «Մարի-Ժոն եւ նրա երկու սերը» ֆիլմի մասին, որի հետ մեկտեղ ներկայացնում ենք քաղվածքներ Կաննի ցուցադրության առթիվ հրապարակված բուկլետիցՙ կինոնկարի համառոտ բովանդակությունն ու ռեժիսորի խոսքը։
Վերին աստիճանի «վտանգավոր» սյուժե։ 40-50-ամյա մարդկանց սեր եւ դրան ուղեկից մերկություն։ Սա, իհարկե, կստիպի ատամները կրճտացնել։ Դե ինչ, «Ապրիս, տղաս», քո ֆիլմը գուցեեւ դարի գլուխգործոցը չէ, բայց ճիշտ ուղու վրա է, հմայիչ է, հաճելի, ոչ ձանձրույթ է պատճառում, ոչ էլՙ գլխացավանք։ Քո հավատարիմ ստեղծագործական խումբը դարձյալ ընտիր է, ինչպես նախորդ ֆիլմերում. Արիան Ասկարիդը լուսաշող է ու գեղեցիկ, Դարուսենն ուզում է նրան գիրկն առնել, Մեյլանն իր Ժանեթի Մարիուսը լինելուց հետո դարձյալ քնքշալի է ու սիրահարի նման։ Էլ չեմ խոսում Ժյուլի Մարի Պարմանտյեի մասին, որին նեղն էիր գցել «Քաղաքը հանգիստ է» ֆիլմում եւ որը վերստին ընդունել է... իր հայրիկի դստերՙ կատարյալ փոքրիկ համախոհի կերպարանքը։ Կարելի է վիճարկել քո երաժշտական մեջբերումները, եւ մենք շատ ենք սիրում «Ժյուլը եւ Ջիմը», որպեսզի քեզ ներենք մեզ համար չբացահայտվող վերջաբանը, բայց հետո՞ ինչ, ֆիլմը պետք է ավարտվի ինչ-որ կերպ, եւ առանց թերությունների ինչպե՞ս տարբերես արժանիքը։ Շնորհակալությունՙ հատկապես ծրագրային ֆիլմի ծուղակը չընկնելու համար։ Եթե Դըլարյուն քեզ երբեւէ առաջարկի «քննարկել» այն թեման, թե կարելի՞ է միաժամանակ սիրել երկու տղամարդու, նրան հրավիրիր Մարսել եւ ջուրը նետիր հին նավահանգստում, դա մեզ մեծ հաճույք կպարգեւի։ Բայց հետո նրան դուրս քաշիր ջրից ու բացատրիր, որ «Մարի-Ժոն եւ նրա երկու սերը» ժողովրդական պոեմ է, վիպական պատում, պրոլետարական հեքիաթ, օրհներգ պարզ բաների մասին, եւ սրտի տեղում չպետք է գորտնուկ լինիՙ քո աշխարհը մուտք գործելու համար։ Ամեն դեպքում, դու լիովին արժանի ես, որ Զիզուն քո հսկայական դիմանկարը դրոշմի Մարսելի շենքերից մեկի պատին. դու շատ ես սիրում քո քաղաքը, շատ լավ ես պատմում նրա մասին, շատ գեղեցիկ ես նկարում։ Եվ դու այդքանով չես սահմանափակվի, չէ՞։
«Քաղաքը հանգիստ է» ֆիլմում հրաշամանուկ դաշնակահարի ծնողները նրան քաջալերում են հայերեն «Ապրիս, տղաս» խոսքերով։
Արիան Ասկարիդըՙ ռեժիսորի կինը, Ժան -Պիեռ Դարուսենը եւ Ժերար Մեյլանը Կետիկյանի ֆիլմերի մշտական դերակատարներն են, որ նկարահանվել են նաեւ բազմաթիվ մրցանակների արժանացած «Մարիուսը եւ Ժանեթը» կինոնկարում։
«Մարի Ժոն եւ նրա երկու սերը» սյուժետային նմանություն ունի Ֆրանսուա Տրյուֆոյի «Ժյուլը եւ Ջիմը» դասական ֆիլմի հետ, որի հերոսուհինՙ Կատրինը, չի ուզում կորցնել ոչ Ժյուլին, ոչ Ջիմին եւ անկարող է սիրել միայն նրանցից մեկին։ Սիրային եռանկյունին վերջաբանում լուծվում է Կատրինի եւ Ջիմի մահվամբ։
ԿԻՆՈՆԿԱՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈՒՆԸ
Նավի վրա կազմակերպված զբոսախնջույքի ժամանակ Մարի-Ժոն, դանակը դնելով դաստակին, փորձում է ինքնասպան լինել։
Նա շատ է սիրում Դանիելինՙ ամուսնուն, բայց նույնքան ուժգին սիրում է եւ Մարկոյինՙ իր սիրեցյալին։
Երբ Մարի-Ժոն միառժամանակով հեռանում է տնիցՙ Մարկոյի հետ ապրելու համար, Դանիելը անմռունչ սպասում է նրա վերադարձինՙ շնչահեղձ լինելով սուր ցավից։
Երեքն էլ գիտեն, որ ելք չկա...
Անհնար է, որ երկու սերերը համատեղ ապրեն։ Բայց կյանքը շարունակվում է։ Նորից դաստակին դրված դանակը խնդրի լուծում չէ։
Եղանակները հաջորդում են իրար, Դանիելը տուն է կառուցում, Մարկոնՙ նավ վարում...
Եվ ինչպես արեւն է ամեն օր ծագում ու մայր մտնում, Մարի-Ժոն ապրում է իր երկու սիրով...
ՌԵԺԻՍՈՐԻ ԽՈՍՔԸ
Ի՞նչ կարող եմ ասել իմ մոտեցման մասին, որ նախկինում չեմ ասել։
Ես նոր ֆիլմ եմ նկարահանելՙ նույն դերասանների ու անձնակազմի հետ ու կրկինՙ Մարսելում։
Ուզում եմ շեշտել «նոր» ածականը։
Նոր, որովհետեւ դերակատարները նույնն են, բայց եւՙ տարբեր. մենք հասունացել ենք միասին։
Դեկորները եւս նույն կերպ փոխվել են։
Իմ առաջին ֆիլմի գործողությունը կատարվում էր զեռացող ցեմենտի գործարանի դիմաց, յոթերորդ ֆիլմս ցույց էր տալիս այդ գործարանի փլուզումը, իսկ իմ տասնմեկերորդ ֆիլմում սոճու անտառն իր իրավունքներն է վերահաստատել հին տեղում։
Ես փոփոխում եմ նաեւ ժանրերը։
Պատմություններն ու ողբերգությունները «մոռացված են». սա ռոմանտիկ ֆիլմ է, ասել է, թեՙ ինտիմ հարաբերություններ, երազանքներ, հուզավառ ապրումներ, ոգեշնչվածություն, անսահմանության կարոտ եւ այլն... Ամեն ինչՙ իրականությանը հակառակ։
Ով որ չի անցել նման փորձություններով, ուրեմն խղճուկ կյանք է ունեցել։
17 տարեկանում ես ցերեկները Մարքս էի կարդում, բայց երեկոյան մահճակալիս կողքի սեղանիկին տեսնում էի «Երիտասարդ Վերթերի տառապանքները»։
ՌՈԲԵՐ ԿԵՏԻԿՅԱՆԻ ՖԻԼՄԵՐԸ
1980 «Վերջին ամառը»
1983 «Կարմիր կեսօր»
1985 «Կի՞ լո սա»
1989 «Աստված նողկում է անտարբերներից»
1992 «Փողը երջանկություն է բերում»
1994 «Հավիտյանս հավիտենից»
1996 «Մարիուսը եւ Ժանեթը»
1998 «Սրտի փոխարեն»
1999 «Գրո՜հ»
1999 «Քաղաքը հանգիստ է»
2001 «Մարի-Ժոն եւ նրա երկու սերը»