«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության ընթացքում մինչեւ երեկվա դատական նիստը երեւի թե այնպիսի խառնաշփոթ ցուցմունք չէր լսվել, ինչպիսին առաջին վկայիՙ Արմեն Գասպարյանինն էր։ Նա սկսեց նրանից, որ ԱԺ-ի թիվ 2 պահակակետում (Բաղրամյան պողոտայի կողմից) ծառայության է անցել 1999 թ. մարտ ամսից։
1999 թ. հոկտեմբերի 27-ին Արմեն Գասպարյանը եղել է միայնակ, առանց զենքի։
Վկայի ցուցմունքից կարելի է (ոչ վստահաբար) եզրակացնել հետեւյալը։ Ահաբեկչության օրը երեկոյան ժամը մոտ 5։10-ին 3 հոգի մոտեցել են ԱԺ դարպասներին Բաղրամյան պողոտայի կողմից։ Հետո պարզվել է, որ այդ 3-ը Հունանյան եղբայրներն են եղել եւ նրանց քեռին։ Հունանյաններն ազգային հեռուստատեսության աշխատակիցների վկայականներ են ցույց տվել, իսկ քեռինՙ անձնագիր։ Այս 3-ն ունեցել են անցաթուղթ։
Այս դրվագի կապակցությամբ վկա Արմեն Գասպարյանը նախաքննական ցուցմունքում նշել է, թե իր պահակակետով նշված 3-ը չեն անցել, այլՙ Դեմիրճյան փողոցի մուտքով։ Ոչ ճիշտ ցուցմունք տալու պատճառը եղել է վախը, երբ հոկտեմբերի 28-ի առավոտյան Արմեն Գասպարյանը տեղեկացել է ԱԺ-ում կատարված սպանությունների մասին։ Նա վախեցել է ասել ճշմարտությունը։
Ինչ վերաբերում է Էդիկ Գրիգորյանի եւ Դերենիկ Բեջանյանի թիվ 2 պահակակետից ԱԺ տարածք մտնելու հանգամանքին, ապա այս առումով վկան, էլ ավելի շփոթված, խառնեց ցուցմունքները։ Ընդհանուրը ցուցմունքում թերեւս այն էր, որ նախ մոտեցել է Էդիկ Գրիգորյանը եւ հարցրել, թե արդյոք վերեւից կրակոցներ լսե՞լ է Արմեն Գասպարյանը եւ ռադիոընդունիչ ունի՞։ Ըստ վկայի, ինքը սկզբում թույլ չի տվել Էդիկ Գրիգորյանին մտնել ԱԺ տարածք։ Այնուհետեւ տեսել է դարպասները փակելու հրամանատարի ձեռքի նշանը ԱԺ շենքից։ Այդ պահին էլ վկան տեսել է զինված Դերենիկ Բեջանյանին եւ անուշադրության մատնել Էդիկ Գրիգորյանին։
Ըստ Արմեն Գասպարյանի, դարպասներից մտնել փորձող Դերենիկ Բեջանյանի զենքը հավանաբար դիպել է ճաղավանդակին եւ ինչ-որ ձայն հանել, որն էլ վկան ընկալել է որպես կրակոց ու վախից քարացել։ Ուշքի գալուց հետո Արմեն Գասպարյանը փորձել է ներքին հեռախոսով կապվել ԱԺ շենքի հերթապահ մասի հետ, բայց պատասխան չի եղել։
Այդպես մինչեւ ժամը 7-ը կամ 8-ը Արմեն Գասպարյանը մնացել է պահակակետում, այնուհետեւ նրան տարել են համապատասխան վարչություն։
Մինչեւ 1999 թ. դեկտեմբերի 6-ը վկան շարունակել է աշխատել ԱԺ պարեկային ծառայությունում, եւ միայն դեկտեմբերի 6-ին նրան ձեբակալել ենՙ ծառայողական անփութության մեղադրանքով։ 2001 թ. հուլիսին Արմեն Գասպարյանը համաներմամբ ազատ է արձակվել։
Ցուցմունքից հետո վկան պատասխանեց մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հարցերին ու խառնեց մինչ այդ տված ցուցմունքները։ Որքանով որ ակնհայտ կարելի էր համարել վկայի շփոթությունը, նույն չափով էլ պիտի որակել այն բարձրաձայն ու անբարյացակամ տոնը, որով տրվում էին հարցերը։
Առաջին վկայի հարցաքննությունը կշարունակվի երկուշաբթի։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ