Հանուն ինչի՞
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ շարունակեց լսել Մուրադ Բոջոլյանի գործը։ Դատական նիստը սկսվեց լրտեսության, հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող Բոջոլյանի պաշտպանի հայտարարությամբ։ Վերջինս առաջինն ամբաստանյալին հարցաքննելու իրավունքից չօգտվեց, մեկնաբանելով, որ այս փուլում հարցեր չի տալիս։
Պատասխանելով մեղադրող կողմի հարցերին, ամբաստանյալ Մուրադ Բոջոլյանն ասաց, որ 1993 թ. ինքն աշխատանքից հեռացվել է ազգային անվտանգության նախարարության միջամտությամբ, բայց այդ մասին իմացել է ավելի ուշՙ մասնավոր խոսակցություններից։ 1996 թ. աշխատանքի անցնելով ՀՀ նախագահի աշխատակազմումՙ Բոջոլյանը մտածել է, որ ԱԱՆ-ի կողմից իր նկատմամբ կասկածները երկրի ղեկավարությունն անհիմն է համարել։
1998 թ. կրկին աշխատանքից հեռացվելու հարցում ԱԱՆ միջամտության մասին Բոջոլյանն իմացել է արդեն ձերբակալությունից հետո։
Այն հարցին, թե արդյոք թուրք գործարարներ Քաան Սոյակը, Սարալն ամբաստանյալին առաջարկե՞լ են քաղաքական մեկնաբանություններ կազմել ՄԻԹ-ի համար, Բոջոլյանը պատասխանեց, որ Սոյակը մեկ անգամ ակնարկել է իր նյութական վիճակն ինչ-որ չափով բարելավելու նպատակով թերթերի համար կազմած վերլուծական նյութերից մի օրինակ ուղարկել թուրք-հայկական բիզնես-հանձնաժողովին, որի դիմաց կարող էր որոշակի վարձատրություն ստանալ։ Սա, ըստ Բոջոլյանի, ոչ թե առաջարկ էր, այլ միայն ակնարկ։
Ինչ վերաբերում է Սարալին, ապա Բոջոլյանը նրան պատմել է Թուրքիա գնալու եւ այնտեղ աշխատանք փնտրելու իր ծրագրերի մասին։ Սարալը Բոջոլյանին առաջարկել է Տրապիզոնում բացել թարգմանչական գրասենյակՙ թուրքերենի եւ ռուսերենի։ Նման խոսակցություն է եղել 2000 թ. սկզբներին, երբ Սարալին մեր իրավապահները հատուկ հրավիրել են Հայաստանՙ հարկային հարցերում ճշգրտումներ կատարելու։
Քանի որ նման հարցադրումները հիմնականում հենվում էին Բոջոլյանի ցուցմունքների վրա, ամբաստանյալը նշեց, որ Սարալի եւ Սոյակի անունները մտցրել է, իր ասելով, «ինքնախոստովանության» մեջՙ հիմնավորելու համար։
Այն հարցին, թե որտե՞ղ է ամբաստանյալը հանդիպել թուրք գործակալներ Թոլունային, Նյուսրեթին եւ Գյուրալին, Բոջոլյանը նախ պատասխանեց, որ առաջին երկուսին հանդիպել է հորաքրոջ որդուՙ Մուրադ Իշլերի մոտ, Թուրքիայում, երբ վերջիններս իր ոսկերիչ հորաքրոջ որդուն Ֆրանսիայից պատվեր էին բերել։ Խոսել են քաղաքական տարբեր թեմաների շուրջ։
Նյուսրեթին եւ Թոլունային, արդեն Գյուրալի հետ կրկին հանդիպել է հորաքրոջ որդու տանը։
Այդ հանդիպումներից հետո Բոջոլյանը հանդիպել է միայն Նյուսրեթին, եւ վերջինիս է դիմել 2001 թ. հունվարինՙ Թուրքիայից ապրանք բերելու հարցում օգնելու համար։
Եվս մեկ անունՙ Գյուրալ։ Բոջոլյանը, պատասխանելով Գյուրալի ով լինելու հարցին, ասաց, որ Գյուրալին երբեք չի տեսել եւ չի ճանաչել, թեեւ մտցրել է, իր իսկ խոսքերով, ինքնազրպարտչական իր խոստովանության մեջ։ Ըստ ամբաստանյալի, պարզապես երբ ինքը զանգահարել է Նյուսրեթին, լսափողին է մոտեցել մի աղջիկ, ներկայացել որպես Գյուրալ։ Վերջինս հայտնել է, որ Նյուսրեթի գրասենյակի աշխատակից է, որից հետո հեռախոսի մոտ է կանչել Նյուսրեթին։
Բոջոլյանը ժխտեց, որ երբեւէ եւ որեւէ մեկի հանձնել է Երեւանի հատակագիծըՙ վրան նշված որոշ կետերով։
Ինչ վերաբերում է դիսկետի պատմությանը, ապա Բոջոլյանը դիսկետի սադրիչ լինելու կասկածներ է ունեցել, թեեւ այն պետք է ստանար համակուրսեցուց։
Դիսկետ Բոջոլյանն այդպես էլ չի ստացելՙ Թուրքիա տանելու համար։ Բայց ինչ-որ դիսկետ նրա մոտ փնտրել են ձերբակալության ժամանակ Բագրատաշենի մաքսատանը։
Ամբաստանյալը մեկնաբանեց, որ գաղտնալսումների միջոցով ԱԱՆ-ը տեղեկացել է դիսկետի մասին, սակայն առերես այն հանդիպման մասին, որի ընթացքում որոշվել է դիսկետ չհանձնել, ԱԱՆ-ն, ըստ Բոջոլյանի, չի տեղեկացել։
Իր նկատմամբ «գործ սարքելու» մի հետաքրքրական մեկնաբանություն էլ արվեց երեկ դատարանում։ «Քանի որ ես ակտիվ աշխատում էի նախկին իշխանությունների հետ, եւ մոտենում էին նոր ընտրություններ, ես մտածում էի, որ նախկին նախագահի թարգմանչի նկատմամբ նման քրգործ հարուցելն ընդմիշտ քաղաքական ասպարեզից կհեռացնի թե՛ նախկիններին, թե՛ նախկին նախագահին», ասաց Մուրադ Բոջոլյանը։
Այն հարցերին, թե ինչու է նման «ինքնազրպարտչական» ցուցմունքներ տվել, ամբաստանյալը պատասխանեց, թե վախեցել է իր ընտանիքի անվտանգության համար։
Մի հետաքրքրական հանգամանք էլ վերն ասվածի առումով նշեց Մուրադ Բոջոլյանը։ Պարզվում է, ինքն իրեն զրպարտելու հարցում իրական երեւալու համար Բոջոլյանը բավականին ծրագրել է իր նախաքննական, ներկայիս պնդմամբ, կեղծ ցուցմունքները։
Խոսելով իր մոտ հայտնաբերված ձայնագրության մասինՙ ամբաստանյալը նշեց, որ իրեն պետք են եղել քրդերիՙ Հայաստանում քորոզչությամբ զբաղվելը փաստող նյութեր։
Հետաքրքրական է, որ Բագրատաշենում ձերբակալության ժամանակ Բոջոլյանի մոտ գտնվել են, ի թիվս Հայաստանի տնտեսական քարտեզի եւ այլ նյութերի, նաեւ գրառումներ հայկական մամուլի հրապարակումներից։
Վերջում, պատասխանելով դատավորի հարցերին, ամբաստանյալն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ իր նկատմամբ նախաքննության ողջ ընթացքում ոչ մի բռնություն չի գործադրվել, եւ իր նախաքննական 2 ցուցմունքները փոխել է, երբ իմացել է ԱԱՆ-ից իր կնոջ տուն գնալու մասին։
Այնուամենայնիվ, անհասկանալի է մնում, թե ինչու է, այսպես կոչված, ինքնազրպարտչական ցուցմունքն այդքան մանրամասն պատրաստել Բոջոլյանը։ Անգամ այն արտահայտությունը, թե «իմ ցուցմունք չտալն անկանխատեսելի հետեւանքներ կունենար», չի բացատրում արտահայտության հեղինակիՙ Մուրադ Բոջոլյանի, իր իսկ պնդմամբ, լեգենդ ներկայացնելու անհրաժեշտությունը։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ