«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2002-11-16 | #211, 2002-11-19 | #212, 2002-11-20


ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀՈՎՎԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑԸ ՍԻԴՆԵՅ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, որ անդրանիկ հովվապետական այցն է կատարում Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմ, նոյեմբերի 14-ից գտնվում է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս (Նոր Հարավային Ուելս) նահանգի վարչական կենտրոնումՙ Սիդնեյում, տեղեկացնում է Մայր աթոռի մամլո դիվանը։

Նոյեմբերի 17-ին Վեհափառ հայրապետը Սիդնեյի մայր տաճարում մատուցել է հայրապետական սբ. պատարագ։

Նույն օրը երեկոյան Նորին Սրբության եւ ավելի քան 400 հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցած պաշտոնական ճաշկերույթի ընթացքում Ավստրալիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ բարձր են գնահատել հայ համայնքի ներդրումը երկրի հասարակական կյանքում։ Իսկ Ավստրալիայի Եկեղեցիների ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Ջոն Հենդերսոնը նշել է Հայ եկեղեցու եւ թեմակալ առաջնորդ Տ. Աղան արք. Պալիոզյանի նշանակալից դերը եկեղեցիների խորհրդի հիմնադրման գործում։

Պատասխան խոսքում Նորին Սրբությունը, դիմելով Սիդնեյի հայ համայնքի ներկայացուցիչներին, կոչ է արել մասնակից լինել մայր հայրենիքի կառուցման գործին ու հայրենաշեն բոլոր ձեռնարկումներին։ Նորին Սրբությունը կոչ է արել նաեւ Ավստրալիայի կառավարությանըՙ հետեւել Նյու Սաութ Ուելսի խորհրդարանի որոշմանը եւ պաշտոնապես ճանաչել 1915 թ. Հայոց ցեղասպանությունըՙ այդպիսով դատապարտելով մարդկության դեմ գործած ոտնձգությունը։

Սիդնեյում Վեհափառ հայրապետը այցելել է նաեւ համայնքի անդամներին, եղել Սիդնեյի 3 հայկական դպրոցներում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4