«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2002-11-16 | #211, 2002-11-19 | #212, 2002-11-20


ՆԱՏՕ-Ն ԾԱՎԱԼՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋԸ

Բայց Բուշը դա օգտակար է համարում Մոսկվայի համար...

Վաղը նախագահ Քոչարյանը կմեկնի Պրահաՙ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։ ԱՊՀ երկրներից Չեխիա կմեկնեն նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը, Վրաստանի նախագահ Շեւարդնաձեն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմանովը եւ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը։ Հավանաբար գագաթաժողովին մասնակցի նաեւ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման, իսկ դեռեւս կասկածելի է մնում Ղրղզստանի եւ Թուրքմենիայի նախագահներ Ասկար Ակաեւի եւ Սափարմուրադ Նիյազովի մասնակցությունը։ Անկասկած է միայն երկու պարագաՙ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու հրավերը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մինչդեռ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին Չեխիան մերժել է հյուրընկալել։

Գագաթաժողովին մասնակից ԱՊՀ անդամ բոլոր երկրների համար վաղուց արդեն գտնվել է ՆԱՏՕ-ի հետ խաղաղորեն համագործակցելու բանաձեւը, որ հենց այդպես էլ կոչվում էՙ «Համագործակցություն հանուն խաղաղության»։ Իսկ ո՞վ չի ուզում համագործակցել, այն էլՙ հանուն խաղաղության։ Ռուսաստանն անգամ դեմ չէ դրան։ Ընդհակառակն։ Բայց ըստ երեւույթին Մոսկվայի համար հասել է ճշմարտության ժամըՙ նախագահ Պուտինը չի կարող մասնակցել ա՛յս գագաթաժողովին, որտեղ ՆԱՏՕ-ի կազմում իրենց նորամուտն են տոնելու Ռումինիան, Սլովենիան, Սլովակիան, Բուլղարիան եւ, ամենակարեւորը Մոսկվայի համար, մերձբալթյան երեք պետությունները։ Ռուսաստանի ղեկավարը չի կարող իր ներկայությամբ օրհնել ոչ հեռավոր անցյալում իր փաստական մասը կազմող կամ արբանյակ այդ երկրների մուտքը ռազմաքաղաքական մի այնպիսի դաշինք, որը Վարշավյան ուխտի քայքայումից ի վեր անընդհատ ձգտում է օղակը սեղմել իր շուրջը։

Օղակ սեղմելու հարց չկա, ասում է Մ. Նահանգների ամենազոր նախագահը, որ երեկ լիտվական «Lietuvos Rytas» թերթին տված հարցազրույցում ասել է. «Ես ուզում եմ, որ Ռուսաստանը եւ նախագահ Պուտինը հասկանան, որ որեւէ պատճառ չկա վախենալու ՆԱՏՕ-ի ընդլայնումից։ Բալթյան երկրների ՆԱՏՕ-ի անդամակցումն օգտակար է Ռուսաստանի համար»։ Սա նման է այն բանին, որ բժիշկը հիվանդին համոզի, որ նրա հիվանդությունն օգտակար է նրա իսկ առողջության համար։

Եվ ըստ երեւույթին որպեսզի այդ բանում համոզի հիվանդին, այս պարագայում Վլ. Պուտինին, նախագահ Բուշը պատրաստվում է Պրահայի գագաթաժողովից հետո անձամբ այցելել Սանկտ Պետերբուրգ եւ հանդիպել Ռուսաստանի պետին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4