«Առավոտի» նոր «հայտնագործությունը»
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ
Հրանտ Վարդանյանի հետ անձամբ ծանոթ չեմ, նրանից երբեւէ օգնություն չեմ ստացել, իմ գրքերից որեւէ մեկի տպագրությանը չի օգնել։ Բայց երբեք մեջս չարություն չեմ նստեցրել, ու նրա մասին չարախոսություն չեմ արել։ Ի վերջո, պիտի՞ սովորենք ուրիշների փողերը չհաշվել, պիտի՞ կարողանանք լավը տեսնել, թեկուզ այդ լավ բանն ինձ անծանոթ մեկն է արել։
Ինչո՞ւ է «Առավոտի» երեկվա խմբագրականում ելույթ ունեցողն այսպես վառված Հրանտ Վարդանյանից, ինչո՞ւ է այսպես չարախնդում գործարար մարդու կատարած լավ գործի առիթով։
Այո, Հրանտ Վարդանյանը հանդես է եկել Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական եւ թղթակից անդամների ամսական աշխատավարձերին 50-ական դոլար ավելացնելու, ակադեմիայի տպարանը վերազինելու, հեռանկարային երիտասարդ գիտնականներին, գիտական հետազոտությունները ֆինանսավորելու նախաձեռնությամբ։ Ո՞րն է Հրանտ Վարդանյանի սխալը կամ մեղքը։ Եվ ինչո՞ւ է «Առավոտին» զարմացրել մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանի շնորհակալական խոսքը։
«Առավոտը» սեւով սպիտակի վրա գրել է. «Ահավոր է, երբ իշխանություններից երես առած, օլիգարխի կոչմանը հավակնող գործարարը գրոշներ է շպրտում ակադեմիկոսներին ու թղթակից-անդամներին»։ Թերթն այդ որտեղի՞ց գիտի, որ 5500 դոլարը գրոշ է Հրանտ Վարդանյանի համար։ Բայց նաեւ որտեղի՞ց գիտի, որ ակադեմիկոսները «շպրտված գրոշներ» են ստանալու։ Սա ի՞նչ է, եթե ոչ նաեւ մեր գիտական այրերի ինքնասիրության ու վարկի նսեմացում։
Թերթը գրում է, որ ԳԱԱ-ում կազմակերպած միջոցառմանը ներկա են եղել հեռուստատեսության եւ մամուլի ներկայացուցիչներ։ Այո, այդպես է։ Բայց մամուլի ներկայացուցիչներին հրավիրել է Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությունը եւ ոչ թե Հրանտ Վարդանյանը։
Մարդն աշխատում է, ստեղծում, պետության եւ իշխանության հետ ֆինանսական քաշքշուկներ չունի, համարվում է մեր երկրի ամենահուսալի հարկատուներից մեկը, կրիմինալ որեւէ պատմության մեջ չի եղել։ Ուրիշ ի՞նչ է պետք։ Իսկ եթե այս ամենին գումարենք, որ նաեւ բարերարություն է անում, հովանավորում է գիտնականներին եւ գիտական ուսումնասիրությունները, ուղղակի ամենասեւ հոռետեսը պետք է լինել Հրանտ Վարդանյանի գործունեությունը նախագահական ընտրությունների հետՙ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի կապելու համար։ Ինչո՞ւ, Հ. Վարդանյանը նորելո՞ւկ գործարար է եւ նորելո՞ւկ բարերար։ Եթե «Առավոտը» փորձի հաշվի առնել տարիների ընթացքում իր հրամցրած մաղձը, ապա կհիշի, որ երկար, շատ երկար տարիներ Հրանտ Վարդանյանը բարեգործությամբ ու հովանավորությամբ է զբաղվում, դեռ 1991 թվականից, երբ մեր երկրի նախագահը ոչ թե Ռոբերտ Քոչարյանն էր, այլՙ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Հարցրեք Հայաստանի մարզիկներին, մասնավորապես բասկետբոլի Հայաստանի հավաքականի մարզիկներին, հարցրեք մշակույթի գործիչներին։
Անհեթեթությունը պետք է սահման ունենա։
Եթե նույն տրամաբանությամբ ղեկավարվենք, ապա կարելի է ասել, որ «Առավոտն» իր նոյեմբերի 19-ի համարում հանդես է եկել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի եւ, փաստորեն, ընտրակաշառք է առաջարկել, որովհետեւ ձեռ է առել Հայաստանի կոմունիստական կուսակցությանը, որի ղեկավար Վլադիմիր Դարբինյանը համարվում է Ռոբերտ Քոչարյանի մրցակիցն ապագա նախագահական ընտրություններում։ Սա՞ էլ համարենք «Առավոտի» ընտրակաշառքը գործող նախագահին...
Եկեք ուրախանանք, ուրախանալ կարողանանք մեր երկրում կատարվող ամեն մի լավ գործունեության համար, որն ի շահ մեր ժողովրդի է, մեր երկրի, մեր գիտության, մեր մշակույթի։
2001 թ. մայիսի 1-ին Հրանտ Վարդանյանի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում կազմակերպվեց «Աշխատանքի օր» տոնը, որի ժամանակ գործարարն ամսական 20 հազար դրամ թոշակ նշանակեց խորհրդային իշխանության տարիներին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման արժանացած աշխատանքի վետերաններին։ 70 մարդ զգալիորեն բարելավեց իր նյութական դրությունը։
Նույն Հրանտ Վարդանյանն իր ամսական աշխատավարձը (ամերիկյան 4 հազար դոլար) տրամադրում է Վիկտոր Համբարձումյանի անվան դպրոցի մանկավարժներին։ Նա լավ գիտի, որ մանկավարժի աշխատավարձն այսօր շատ քիչ է։ Եվ ի երախտագիտությունՙ օգնում է այն դպրոցին, որտեղ տարիներ առաջ սովորել է։
Քանի՞ գեղարվեստական գրքի տպագրում է հովանավորել Հրանտ Վարդանյանը։ Գիտե՞նք։ Ինքն այդ մասին չի խոսում։ Թող խոսեն գրքերի հեղինակները եւ հայտարարեն, որ իրենց գեղարվեստական գործերը Ռոբերտ Քոչարյանի ընտրարշավի օգտին են գրվել ու տպվել։ Թող խոսեն նկարիչները, երաժիշտները։
Եվ, ի վերջո, մի՞թե կարելի է չկամությամբ վերաբերվել մի մարդու, որը «Հայրենիք» հեռուստաընկերություն է հիմնադրել եւ շարունակում է հովանավորել նրա աշխատանքները։ Չիմացողների համար եւս մեկ անգամ կրկնենք. նախկին Խորհրդային Միություն կոչված պետության այսօրվա երկրներից միակը Հայաստանն է, որ ունի եկամուտներ չհետապնդող, առանց գովազդի աշխատող մանկական հեռուստաալիք։ Վերջերս Յալթայում կայացած կինոփառատոնի ժամանակ հատկապես շեշտվել է այս հանգամանքը։ Օտարներն ուրախանում են մեզ մոտ կատարվող ամեն լավ, բարի ակցիայով։ Իսկ մե՞նք... Մենք պիտի անվերջ մութ տեղերը փնտրե՞նք, կասկածներ հայտնե՞նք, փորձենք վարկաբեկե՞լ։
Լավ, էլի...
Այսքան մաղձ եւ թույն շատ չէ՞։