«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2002-11-16 | #211, 2002-11-19 | #212, 2002-11-20


Ի ՊԱՏԻՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ գերշ. Տ. Զավեն արք. Չինչինյանի քահանայական ձեռնադրության 50-րդ եւ Եգիպտոսի թեմում իր գործունեության 40-րդ տարեդարձների առթիվ Կահիրեի եւ Ալեքսանդրիայի ազգային իշխանությունները համատեղ կազմակերպել են հոբելյանական հանդիսություններ, որոնց ներկա է գտնվել այդ առթիվ հատկապես հրավիրված Ստամբուլի պատրիարքական փոխանորդ գերշ. Տ. Շահան արք. Սվաճյանը, հայտնում է ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի պաշտոնաթերթ «Նոր օր» շաբաթաթերթը։ Շահան եւ Զավեն սրբազանները Երուսաղեմի միաբանությունից սկսած եղել են հոգեւոր եղբայրներ եւ փոխադարձ խորը հարգանք տածել։ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում իր քարոզի ժամանակ Շահան սրբազանն արտահայտվել է Զավեն Չինչինյանի եկեղեցաշեն ու ազգաշեն, ինչպես նաեւ եգիպտահայ համայնքում նրա երկարամյա գործունեության մասին, որի համար Ամենայն հայոց հայրապետը, վասն գնահատանքի, նրան պարգեւատրել էր սրբատառ կոնդակով եւ «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշանով։

Նույն օրը երեկոյան հոբելյանական շքեղ ճաշկերույթ-ընդունելություն է տեղի ունեցել տեղի «Մարիոտ» հյուրանոցում, որին ներկա են եղել Եգիպտոսում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, Կահիրեի եւ Ալեքսանդրիայի թեմական եւ քաղաքական ժողովների ատենապետները, կուսակցությունների եւ մամուլի ներկայացուցիչներ։ Կարդացվել են շնորհավորական հեռագրեր, հնչել դրվատանքի խոսքեր, իսկ վերջում շնորհակալական խոսք է ասել հոբելյարը։ Հոբելյանական հանդիսության առթիվ, որը համայնքում մեծ խանդավառություն է առաջացրել, հրատարակվել է հոբելյարի կյանքին ու գործունեությանը նվիրված մի հուշամատյան։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4