Մեր պաշտոնակից «Նոր օրից» տեղեկանում ենք, որ «Երջանկության արցունքներ», «Մուսա լեռան 40 օրը» եւ այլ կինոնկարներ պատրաստած Սարգի Մուրադյանն այժմ ամերիկահայ համայնքին է ներկայանում մի նորՙ «Ալիսիա» ֆիլմով, որի հեղինակն է, բեմադրիչը եւ երաժշտություն ստեղծողը։ Իրական կյանքից առնված ընտանեկան այս հուզիչ եւ մելամաղձոտ ֆիլմը, ըստ լրատվության, մի երիտասարդի մասին է, որ սիրահարված լինելով մի ամուսնացած կնոջ, ամեն ինչ անում էՙ ամուսնանալու այդ կնոջ աղջկա հետ, որպեսզի ի վերջո հասնի իր բուն նպատակին։ Հայերեն խոսուն եւ անգլերեն ենթագրություն ունեցող այս ֆիլմը վաղուց պետք է նկարահանվեր, սակայն Լիբանանի պատերազմի պատճառով մի քանի անգամ հետաձգվել են նկարահանումները, մինչեւ որ անցյալ տարի դոկտ. Հարություն Սաղրյանը համաձայնում է հոգալ բոլոր ծախսերը եւ այդպիսով դառնում ֆիլմի պրոդյուսերը։ Նա նաեւ ստանձնում է Ջորջիՙ կարեւոր կերպարներից մեկի դերը։
Ֆիլմում դերերով հանդես են գալիս նաեւ Հայաստանում ծանոթ դերասաններ, ինչպիսիք են Լեւոն Շարաֆյանը (Հակոբի դերով), Ալլա Թումանյանը (քույր Մարի), Ալիկ Խաչատրյանը (Պետրոս), Ալիս Կափլանջյանը (Մարիամ), Արթուր Իսրայելյանը (Սուրեն), Լուսինե Սարգսյանը (Ալիսիա), Ռաֆայել Դանիելյանը (Մայքլ) եւ Մարիամ Վարդանյանը (Անի)։
Նկարահանումները կատարվել են Լոս Անջելեսում։ Ֆիլմում երգերը կատարում է Անդրե Տանիքը։ Ֆիլմի պրեմիերան կայանալու է նոյեմբերի 22-ին, Բեւեռլի Հիլզի «Գոլդուին» կինոթատրոնում։
Հ. Ծ.