«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2002-11-16 | #211, 2002-11-19 | #212, 2002-11-20


ՇԻՐԱԿԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸՙ ՀԵՐԹԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

Մի քանի օր առաջ Կումայրի-Գյումրիում տեղի ունեցավ Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված հերթականՙ թվով 5-րդ հանրապետական գիտաժողովը, որի բացման մասին «Ազգը» տեղեկացրել է։ Շիրակի մարզկենտրոնում արդեն կայուն ավանդույթով երկու տարին մեկ գումարվող գիտական այս նստաշրջանները, որպես դրանց արդյունքՙ ազգային ակադեմիայի համակարգում այստեղ հետազոտական կենտրոնի ստեղծումն ու արդեն հնգամյա գործունեությունը հայագիտական աշխատանքի ապակենտրոնացման (մայրաքաղաքից դուրս կազմակերպման) առայժմ եզակի օրինակ են հանրապետությունում։ Այդ ապակենտրոնացումը պայմանավորված է նաեւ որոշակի գիտական նպատակահարմարությամբ։ Շիրակի տարածքը, լինելով Հայաստանում մարդու ամենավաղ ու տեւական բնակության շրջաններից մեկը, հետաքրքիր է հին ու հետագա դարերի նյութական մշակույթի այնպիսի հուշարձանների առկայությամբ, որոնց ուսումնասիրությունը գիտական հարուստ նյութ է տալիս հայագիտության տարբեր բնագավառների մասնագետներին։ Մյուս կողմից, գտնվելով Արեւմտյան Հայաստանի սահմանի մոտ, Շիրակը նոր ժամանակներում հանգրվան է դարձել նրա ամենատարբեր գավառներից զանգվածաբար գաղթած ազգակից բնակչության համար, եւ այդպիսովՙ ժողովրդագրական, ազգագրական առումով միաժամանակ ներկայացնում է գրեթե ամբողջ Արեւմտահայաստանը։ Այս գիտաժողովներն իրենց պարբերականությամբ խթանում են պատմագավառում առկա ամբողջ նյութի բազմակողմանի ուսումնասիրությունըՙ դառնալով հայագիտության զարգացման մի կայուն գործոն։ Բավական է ասել, որ անցած տարիների ընթացքում այստեղ արդեն գիտական փորձագիտություն անցել եւ գիտական շրջանառության մեջ է դրվել 250-ից ավելի ուսումնասիրություն։

Հերթական գիտաժողովի համանախագահներն էին ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը եւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը։ Մասնակիցները ներկայացնում էին գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության, պատմության, արվեստի, լեզվի ինստիտուտները, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը եւ երկրագիտական թանգարանը, Երեւանի պետական համալսարանը, Գյումրու մանկավարժական ինստիտուտը, հանրապետության եւ տեղի գիտական, կրթական ու մշակութային այլ հաստատություններ։ Գիտաժողովի աշխատանքն ընթացավ լիագումար նիստերում եւ երկու մասնաճյուղերում։

Հնագիտության, պատմության, բանագիտության եւ ճարտարապետության մասնաճյուղում Հառիճի վանքի տարածքում 1989-1991 թթ. կատարված պեղումների արդյունքներին էր նվիրված Ֆրինա Բաբայանի զեկուցումը։ Այստեղ հայտնաբերված մի շարք գտածոներ, որոնք կարող էին ունենալ ինչպես ծիսական, այնպես էլ կենցաղային նշանակություն, վերաբերում են մ.թ.ա. III-I հազարամյակներին։ Այս կարգի հնագիտական գտածոները բացում են ոչ միայն Շիրակի, այլեւ Պատմական Հայաստանի նյութական ու հոգեւոր հնագույն մշակույթի տակավին անհայտ շերտեր։ 1989 թվականից ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ու Շիրակի երկրագիտական թանգարանի համատեղ արշավախումբը ֆրանսիացի մասնագետների համագործակցությամբ պեղումներ է կատարում Բենիամինի մ.թ.ա. V-III դարերով թվագրվող հելլենիստական դաստակերտի տարածքում։

Այս տարի պեղավայրից 200 մետր արեւելք, Գյումրի-Երեւան ավտոմայրուղու կողքին կատարված պեղումների արդյունքների մասին էր Համազասպ Խաչատրյանի ուսումնասիրությունը։ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի զեկուցումը վերաբերում էր Հին Հայաստանում մ.թ.ա. III դարում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժին, որի վերաբերյալ Մովսես Խորենացու տեղեկությունը հաստատվում է հիշյալ հնավայրի ընձեռած որոշ նյութերի ուսումնասիրությամբ։ Ի թիվս այլոց, հետաքրքրական էին Սերգեյ Հարությունյանի «Նկատառումներ Ամբերդի եւ Շիրակի մի քանի ճարտարապետական հուշարձանների նորոգման վերաբերյալ», Արմեն Պետրոսյանի «Հայոց Անգեղ աստվածը», Աշոտ Փիլիպոսյանի «Հայկական Շարան եւ նրա հինարեւելյան զուգահեռները», Աղավնի Ժամկոչյանի «Սասանյան մշակույթի հետքերը Շիրակում», ներկայացված եւս մեկ տասնյակից ավելի գիտական զեկուցումները։

Ազգագրության, էթնոսոցիոլոգիական հետազոտությունների, բանասիրության եւ երաժշտագիտության մասնաճյուղում Գյումրու ազգագրությանը արխիվային նյութերի հիման վրա անդրադարձ էր Սուրեն Հոբոսյանի հաղորդումը։ Ուշագրավ էին Կարլ Սեղբոսյանի «Բնակարանային համալիրի զարգացման ընթացքը Շիրակի գյուղերում», Ժենյա Խաչատրյանի «Տեառնընդառաջ¬տրընդեզի շիրակյան մի տարբերակի շուրջ», Կարինե Բազեյանի «Շիրակի տնտեսական կենցաղում վերջին տասնամյակում կատարված փոփոխությունների շուրջ», XX դ. վերջերին Գյումրու բնակչության աշխատանքային տեղաշարժերի մասին Արտաշես Բոյաջյանի ներկայացրած եւ մի շարք այլ գիտական ուսումնասիրություններ։ Աղետի պահին ժամանակի, իբրեւ մարդու հոգեկարգավորման գործընթացն ապահովող կարեւոր գործոններից մեկի ընկալման առանձնահատկություններին էր նվիրված հոգեբան Կարինե Սահակյանի ներկայացրած ուսումնասիրությունը, իսկ լեզվաբան Ջեմմա Բառնասյանն անդրադարձավ ժամանակի ամրակայման ձեւերին ժողովրդի լեզվամտածողության մեջ։ Գիտական հետաքրքրական անդրադարձներ կային XIX դարի երկրորդ կեսի Ալեքսանդրապոլի հայ աշուղական երգարվեստին, Շիրակի արդի բանահյուսությանը, օրորոցային երգի տաղաչափական առանձնահատկություններին եւ այլն։

Գիտաժողովի մի խումբ մասնակիցների ընդունեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը։ Նստաշրջանի ծրագիրը ներառեց նաեւ հանդիպում Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի ուսանողների հետ, ֆոլկլորային, կամերային համերգ, այցելություններ թանգարաններ, մշակութային օջախներ։ Արժեւորվեց Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հինգ տարիների գործունեությունը, որը ստեղծման ժամանակվանից հանդես է գալիս որպես այս գիտաժողովների կազմակերպիչ։ Կենտրոնը նաեւ նպաստում է երիտասարդ գիտական կադրերի աճին, նրանց տեղում պահելուն, լույս է ընծայել «Գիտական աշխատությունների» առայժմ չորս ժողովածու։ Անցած տարիների ընթացքում այստեղ պատրաստվել է մեկ դոկտորական եւ չորս թեկնածուական ատենախոսություն, իսկ ներկայումս պետական ֆինանսավորմամբ ուսումնասիրություններ են կատարվում 5 գիտական թեմաներով։ Հաշվի առնելով այստեղ կատարվող աշխատանքի ծավալն ու գիտական մակարդակը, հասունացած համարվեց կենտրոնին ավելի բարձր կարգավիճակ տալու հարցը։ Ըստ տարբեր մասնագետների կարծիքների, նրա հիման վրա կարելի է ստեղծել ԳԱԱ մասնաճյուղ կամ ակադեմիական ինստիտուտ։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4