Նոյեմբերի 9-ին Գերմանահայկական ընկերությունը (ԳՀԸ) «Կամուրջների կառուցում. զարգացման օգնություն Հայաստանի համար» վերնագրյալ մեկօրյա կոնֆերանս էր հրավիրել Բոննի Գուստավ Շտրեզեման ինստիտուտում։ Լսարանն ուշադրությամբ հետեւեց բոլոր բանախոսների խիստ առարկայական ելույթներին։ «Ավետարանչական եկեղեցին եւ Հայաստանի հետ քաղաքական զարգացման համագործակցությունը» թեմայով զեկուցում կարդաց Գերմանիայում ավետարանչական եկեղեցիների ասոցիացիայի եկեղեցական զարգացման ծառայության աշխատակից Կարոլին Կրյուկովը։ «Հայաստան-Գերմանիա տեխնիկական համագործակցության մի շարք գլխավոր կետեր» վերնագրով ելույթ ունեցավ Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (ԳՏՀԸ կամ GTZ) երեւանյան գրասենյակի խորհրդատու Դեթլեֆ Դիքսը։ «Հայաստանի հետ ֆինանսական համագործակցություն. աջակցություն մասնավոր սեփականատիրական տնտեսությանն ու ապակենտրոնացմանը» թեմայով զեկուցեց KfW բանկի ներկայացուցիչ Մաթիաս Հումմելը։ «Հայաստանի եվրոպական ապագան» վերնագրով մանրակրկիտ վերլուծություն ներկայացրեց Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հարցերով խորհրդարանական պատվիրակությունների ղեկավար Ուրսուլա Շլայխերը։ «Գերմանիա-Հայաստան զարգացման համագործակցություն. քաղաքական ակնարկ» թեմայով բանախոսեց Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի պատասխանատու Ալեքսանդր Մուզըն։ «Վանաձորի հաշմանդամ երեխաները. սոցիալական աշխատանքի հանրային ուղղվածության մի նախագիծ» վերնագիրն էր կրում Մայնի Ֆրանկֆուրտի բարձրագույն դպրոցի դոկ., պրոֆ. Բեաթը Ֆինիս-Զիգլերի ելույթը։ Բադեն-Վյուրթեմբերգի Կարմիր խաչի ներկայացուցիչ Միշայել Ուիբլը լսարանի ուշադրությանը ներկայացրեց «Գերմանական Կարմիր խաչի օգնությունը Հայաստանին» ծավալուն նյութըՙ թվերով ու փաստերով, նաեւ Գերհարդ Մայերի Երեւանում հիմնած գթասրտության խոհանոցի մասին տարիներ առաջ գերմանական հեռուստատեսության պատրաստած ֆիլմով։ «Հայաստանի ինքնօգնությունը. Հայ առաքելական եկեղեցու եւ Լինսի հիմնադրամի օրինակը» թեմայով օրվա վերջին բանախոսությունը կարդաց ԳՀԸ նախագահ Րաֆֆի Քանդյանը։
Գերմանացի բանախոսների ելույթներից ստացած ընդհանուր տպավորությունը հետեւյալն էՙ Եվրոպային պատկանող Հարավային Կովկաս վերանվանված Անդրկովկասը մնում է քաղաքական, տնտեսական, բարեգործական հետաքրքրությունների դաշտում, համագործակցության, օգնության զանազան ծրագրեր միտված են տարածաշրջանի համաչափ ու կայուն զարգացմանը։
«Ազգի» ընթերցողները տարբեր առիթներով իրազեկ են դարձել այն մանրամասներին, ինչը կոնֆերանսիՙ մեծ տեղեկատվությամբ զինված մասնակիցները շատ պատկերավոր ներկայացրին գերմանացիներից եւ հայերից կազմված մոտ 60 հոգանոց լսարանին։ Այս իմաստով բացառություն չէր տիկին Շլայխերի հաղորդածը։ Բայց քանի որ նրա ելույթը վերաբերում էր մեր երկրի եվրոպական ապագային, անհրաժեշտ ենք համարում նրաՙ մի քանի դիտարկումները ներկայացնել։ Աշխարհագրականորեն Հայաստանը Եվրոպային է պատկանում։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը տարածաշրջանում իրենց դերն ունեն, բայց Եվրոպան իբրեւ իր մի մասի պիտի օգնի զարգացնելու Հայաստանի ժողովրդավարացումը։ Կոռուպցիա կա ամենուրեք, նաեւ մեզ մոտ, բայց այդ երկրներում (նկատի ունի Հարավային Կովկասը) ավելի մեծ չափերի է հասնում, 3 երկրներն էլ տոտալիտար ռեժիմի արդյունք են, եւ Արեւելյան Եվրոպայի երկրների նման սրանք էլ ինքնուրույն ժողովրդավարացման դժվարություններ ունեն։ Իբրեւ Եվրախորհրդարանի անդամ պիտի աշխատենք այնտեղի խորհրդարանների հետ։ Խոսելով ղարաբաղյան խնդրի մասին, պատգամավորուհին ակնարկեց, թե ըստ երեւույթին մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրությունները փոփոխություն չի լինի։ Իսկ երկու հարեւան երկրներում էլ, իր կռահումով, գործող նախագահները կվերընտրվեն։ Հիշեցնելով Գերմանիայի եւ Ֆրանսիայի իրար հետ խնդրահարույց անցյալըՙ տիկին Շլայխերն ասաց, թե իրենց համար կարեւոր է, որ երեք երկրներն ուժեղ լինեն, իրար հետ լավ հարեւանություն անեն, ինքնուրույն բանակցեն։ 3-ից ոչ մեկն էլ Ռուսաստանի հետ թշնամություն չի ուզում։ Բանախոսը հատուկ կարեւորությամբ խոսեց տեղի լրագրողների մասին։ Այնտեղ դժվար է քննադատելը, ազատ մամուլը կայացած չէ, ասաց ԵՄ խորհրդարանի պատգամավորըՙ սատարելու պատրաստակամությամբ։ Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանի 3 երկրները միասին, համաչափ զարգանան, ամեն ինչ կանենք, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի բնակիչները խաղաղություն եւ ապագա ունենան, ասաց ԳՀԸ հյուրը։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Բոնն