«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2002-11-16 | #211, 2002-11-19 | #212, 2002-11-20


ՄՐՑԱՇԱՐԸ ԾԱՌԱՅԵՑ ՆՊԱՏԱԿԻՆ

Ընտրվել են բռնցքամարտի հավաքականի թեկնածուները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տեւական ընդմիջումից հետո հանրապետության բռնցքամարտի հավաքականի ղեկը կրկին ստանձնել է կաշվե ձեռնոցի հմուտ մասնագետներից մեկըՙ նախկին ԽՍՀՄ եւ հանրապետության վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը։ Հավաքականի թեկնածուներին ընտրելու, նրանց կարողություններին ծանոթանալու նպատակ էր հետապնդում մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում անցկացված բռնցքամարտի ընտրական մրցաշարը։ Ռինգ էին դուրս եկել 72 բռնցքամարտիկներ, որոնք քաշային 12 կարգերում պետք է որոշեին հաղթողներին։ Մասնակիցների թվում էին ինչպես փորձառու բռնցքամարտիկներ, այնպես էլ տակավին երիտասարդ մարզիկներ, որոնց հետ մարզիչները մեծ հույսեր են կապել։ Փորձառուներից առաջին հերթին պետք է նշել 51 կգ քաշային, 31-ամյա Ալեքսան Նալբանդյանին, որը վերջերս է վերադարձել Կրասնոդարից։ Չնայած բռնցքամարտիկի համար պատկառելի տարիքին, 1999 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը երիտասարդական ավյունով անցկացրեց բոլոր մենամարտերը եւ կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին։ Իր հավասարը չունեցավ նաեւ գերծանր քաշային, Եվրոպայի այս տարվա առաջնության բրոնզե մրցանակակիր Մարատ Թովմասյանը։ «Հայաստան» մարզական միության սանը կրկին լավագույնն էր իր քաշային կարգում։ 1997 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, դինամոյական Արամ Ռամազյանն էլ հաղթող ճանաչվեց մինչեւ 57 կգ քաշային բռնցքամարտիկների մրցավեճում։ Վստահ ելույթներով աչքի ընկավ նաեւ վանաձորցի, «Վազգեն Բադալյան» ակումբի սան Բագրատ Ավոյանը (60 կգ)։

Քաշային մյուս կարգերում հաղթողներ ճանաչվեցին եւ մրցանակների արժանացան Արսեն Պողոսյանը (48 կգ, «Դինամո»), Արսեն Մարտիրոսյանը (54 կգ, «Դինամո»), Արտյոմ Հովհաննիսյանը (63,5 կգ, Գյումրի, ՕՀՀՈւ), Հայկ Եղիազարյանը (67 կգ, «Դինամո»), Ավետիք Աբրահամյանը (71 կգ, ԲՀԴ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ, ՖԻՄԱ, Էջմիածին), Աշոտ Հակոբյանը (81 կգ, ՖԻՄԱ, Էջմիածին) եւ Երեմ Հովհաննիսյանը (91 կգ, ՖԻՄԱ, ԲՀԴ)։

Հարկ է նշել, որ մրցաշարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել մեր պետական այրերի շրջանում։ Մրցումներին ներկա էին ՀՀ ՆԳ նախարար, բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, ԱԺ պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ։

Ինչպես «Ազգի» թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, մրցաշարը ծառայեց նպատակին։ Այն հնարավորություն տվեց ստուգելու բռնցքամարտիկների պատրաստության աստիճանը, բացահայտելու նրանց ուժեղ եւ թույլ կողմերը, ի հայտ բերելու հեռանկարային երիտասարդ մարզիկների։ Մրցաշարի արդյունքներով ընտրվեցին հավաքականի 36 թեկնածուներ, որոնք պարբերաբար կմասնակցեն ուսումնամարզական հավաքների եւ կնախապատրաստվեն 2003 թ. հուլիսին Թաիլանդում կայանալիք բռնցքամարտի աշխարհի հերթական առաջնությանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4