«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2002-11-16 | #211, 2002-11-19 | #212, 2002-11-20


ՆԱՐԴԻՍՏՆԵՐՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ ՄՐՑԱՎԵՃԸ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ավարտվեց նարդու Հայաստանի 11-րդ առաջնությունը կարճ խաղաձեւից («դավի»)։ Ծրագիրը բազմազան էր։ Առաջնության պարգեւները վիճարկվեցին մի քանի մրցաշարերում։ Գլխավոր մրցաշարում հանրապետության չեմպիոնի կոչումը վիճարկեցին 47 նարդիստներ։ Չեմպիոնի կոչմանն արժանացավ Սուրեն Կարաթորոսյանը, որը եզրափակիչում պարտության մատնեց Խաչիկ Մելիքյանին (15¬12)։ Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Մուշեղ Միրզոյանը։ Մինի-մրցախաղերի հաղթող ճանաչվեց Վազգեն Մաթեւոսյանը։ Զույգերի մրցաշարին (երբ մեկը խաղում է, մյուսըՙ օգնում նրան խորհրդատվությամբ) մասնակցեց 12 զույգ։ Հաջողությունն ուղեկցեց Վազգեն Մաթեւոսյան-Հրանտ Տեր-Հակոբյան երկյակին։ Մրցանակային հաջորդ 2 տեղերը զբաղեցրին Սուրեն Կարաթորոսյան-Գալուստ Ղարիբյան զույգն ու հայր եւ որդի Անդրանիկ ու Գագիկ Հարությունյանները։

Թիմային պայքարում հանրապետության չեմպիոնի կոչումը վիճարկեցին 11 թիմեր։ Ուժեղագույն ճանաչվեցին «Սիգարոն-1» թիմի նարդիստները (Արթուր Մուրադյան, Բագրատ Աբրահամյան, Ռուբեն Մարտիրոսյան)։ Երկրորդ տեղը զբաղեցրեց «Հույսը», 3-րդը ճանաչվեցին «Սիգարոն-2»-ի նարդիստները։

Նարդու սիրահարներին հիշեցնենք, որ հանրապետության չեմպիոնի կոչումը վիճարկվում է 1991 թ.-ից։ Առաջին չեմպիոնը Վանիկ Մելիքյանն է։ Հաջորդ տարիներին ուժեղագույնն են ճանաչվել Արթուր Մուրադյանը (2 անգամ), Արմեն Ստեփանյանը, Համբարձում Աթոյանը, Սիրաժ Ղամբարյանը, Խաչիկ Մելիքյանը, Գագիկ Ասոյանը, Պարգեւ Կարապետյանն ու Սամվել Աղրամանյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4