«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2002-11-16 | #211, 2002-11-19 | #212, 2002-11-20


ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանի կառավարությունն արդեն ձեռնամուխ է եղել հասարակության լայն խավերի մասնակցությամբ երկրում աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մշակմանը, որի նախագիծը ներկայումս գտնվում է վերջնական լրամշակման փուլում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նոյեմբերի 19-ինՙ «Աղքատության վիճակագրական մոնիթորինգ հետխորհրդային տարածաշրջանում» գիտաժողովի բացմանը։ Վարչապետի խոսքերով, «պետությունները, համաշխարհային գիտական միտքը լծվել են աղքատության հիմնախնդրի լուծմանը, եւ այդ բնագավառում արդեն ձեռք է բերվել ջանքերը համակարգելու համաձայնություն»։ Միաժամանակ Ա. Մարգարյանը նշել է, որ վիճակագիրները դեռեւս անելիքներ ունեն աղքատությունը բնութագրող առավել էական եւ ազդեցիկ գործոնների բացահայտման գործում, որոնց նկատմամբ էլ կառավարությունները եւ հասարակությունները կարողանան կառուցել իրատեսական քաղաքականություններՙ դրանց հիմքում դնելով առավել գործնական լծակներ եւ գործիքներ։

Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գիտաժողովը կազմակերպվել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության, ՊԱԴԿՕ կազմակերպության եւ Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի ֆինանսական եւ տեխնիկական աջակցությամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4