Նախապես նոյեմբերի 19-ին նշանակված երեւանյան հինգ ազատ կապուղիների համար մրցութային առաջարկների ներկայացումը չկայացավ։ Տնտեսական դատարանը բավարարել էր «Նոյյան տապան» ՍՊԸ-ի միջնորդությունը, որով վիճարկվում էին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործողությունները։ Կայանալիք նիստի փոխարեն երեկ ՀՌԱՀ լիցենզավորման եւ մեթոդիկայի վարչության պետ Իշխան Վարդանյանն ընդամենն ընթերցեց դատարանի որոշումըՙ խոստանալով նաեւ լրացուցիչ տեղեկացնել մրցույթների օրվա վերաբերյալ։ Իսկ մինչ այդ օրը ՀՌԱՀ եւ «Նոյյան տապան» հակասությունները դատարանում կպարզաբանվեն։
Ընթերցողին հիշեցնենք, որ «Նոյյան տապանը» մրցույթին մասնակցելու դիմումում չէր նշել, թե հատկապես որ կապուղին է ցանկանում շահագործել։ «Նոյյան տապանի» տնօրենությունը նշում է, որ դիմումը կազմելիս իրենք առաջնորդվել են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 49-րդ հոդվածով, որը չի նախատեսում կոնկրետ կապուղին նշելու անհրաժեշտությունը, եւ ՀՌԱՀ-ն կամայականություն է դրսեւորելՙ զրկելով «Նոյյան տապանին» մրցույթին մասնակցելու հնարավորությունից։
Ըստ «Նոյյան տապանի» գործադիր տնօրեն Տիգրան Հարությունյանի, ՀՌԱՀ-ը պետք է ընդուներ դիմումը եւ տար այն ժամանակին ներկայացնելու մասին ստացականՙ դիմումի մեջ առկա թերությունների նշումով։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում էլ պնդում են, որ կոնկրետ կապուղին չնշելը հիմնավոր պատճառ է դիմումը չընդունելու համար։
Թե օրենքի մեկնաբանության որՙ ՀՌԱՀ թե՞ «Նոյյան տապանի» տարբերակն ընդունելի կլինի դատարանի համար, պարզ կդառնա վճռից հետո, իսկ առայժմ Տիգրան Հարությունյանը համարում է, որ մրցույթին մասնակցելու առաջին իրավական քայլն արդեն կատարված է։
Հետաքրքրական է, որ նախորդ մրցույթին եթերից զրկված «Նոյյան տապանն» ու «Մելտեքսն» այս մրցույթին միանգամից մի քանի կապուղու համար են առաջարկ ներկայացրել («Մելտեքսը» հինգ կապուղիներից չորսի համար առանձին-առանձին, «Նոյյան տապանը»ՙ բոլոր հինգ կապուղիների համար մեկը)։
Նախորդ մրցույթի արդյունքները մեկնաբանելիս, ընդդիմադիրներն ասում էին, թե «Ա1+»-ն ու «Նոյյան տապանն» իշխանությունները փակեցին գոնե մինչեւ գալիք ընտրությունները։ Սակայն այս մրցույթի հետաձգմամբ, որի պատճառն այս անգամ «Նոյյան տապանի» բողոքն էր, նախընտրական շրջանում նրանց եթերում հայտնվելու հնարավորությունները գրեթե զրոյի հավասարվեցին։
Այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում եւս մրցութային առաջարկների ներկայացման օր էՙ մեկ ռադիո եւ 4 մարզային հեռուստաալիքներ։
Մ. ՀՈՎՍԵՓՅԱՆ