«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2002-11-20 | #213, 2002-11-21 | #214, 2002-11-22


ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շարունակվում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի այցը ԱՄՆ, որտեղ նոյեմբերի 28-ին անցկացվելու է Արցախի «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության համար միջոցների հանգանակության հեռուստամարաթոն։

Ինչպես հայտնեցին ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչությունից, երեկ Ա. Ղուկասյանը հանդիպում է ունեցել ամերիկահայ բարերար Գեւորգ Պագումյանի հետ, որը Ստեփանակերտում կառուցվող հիվանդանոցային համալիրի խոշոր հովանավորներից է։ ԼՂՀ ղեկավարը շնորհակալություն է հայտնել պրն Պագումյանին Արցախի հետպատերազմյա շենացմանն օժանդակելու համար։ Անդրադառնալով ԼՂՀ տնտեսական զարգացմանը, նա նշել է, որ վերջին տարիներս երկրում ակնհայտ է ներդրումների կայուն աճը, ինչը նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Իր հերթին, բարերարը խոստացել է հետայսու եւս շարունակել օգնությունը երկրի զարգացմանը։

Նույն օրը ԼՂՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում իրագործված հրեշավոր ահաբեկչության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել Առեւտրի համաշխարհային կենտրոնի տարածքում։ Արարողությունից հետո տեղի է ունեցել հոգեհանգստի պատարագ, որը վարել է Հայ առաքելական եկեղեցու Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Նոյեմբերի 20-ի երեկոյան ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում կազմակերպվել է ընդունելություն, որին մասնակցել են ԼՂՀ նախագահը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի խոշորագույն հովանավորները։ Իր ելույթում Արկադի Ղուկասյանը ներկաներին մանրամասն ծանոթացրել է ԼՂՀ քաղաքական եւ տնտեսական կացությանըՙ կարեւորելով կառուցվող «Հյուսիս-հարավ» մայրուղու նշանակությունը հանրապետության տնտեսական եւ սոցիալական ոլորտների զարգացման գործում։

Մեծ հետաքրքրություն ցուցաբերելով ավտոմայրուղու ներկայումս իրացվող նախագծի նկատմամբՙ հովանավորները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել աշխատանքների հաջող ավարտմանը։

Ընդունելության ժամանակ Արկադի Ղուկասյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել նյույորքաբնակ Հրաչ Կապրիելյանինՙ Արցախի տնտեսական զարգացման գործում ներդրած ավանդի համար։ Նա նաեւ զրույցներ է ունեցել մի շարք ամերիկահայ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4